Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը տոնեց կազմավորման 25-ամյա հոբելյանը

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը տոնեց կազմավորման 25-ամյա հոբելյանը

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հունվարի 25-ին տեղի ունեցավ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25 ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

 

Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ միասին, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ՀՀ մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանը, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը, մշակութային գործիցներ:
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է 1988 թվականի երկրաշարժից 4 տարի անց, այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ավերված քաղաքում կարելի է ստեղծել նման կառույց: Նվագախումբն ստեղծվել է Գյումրու համար դժվարին տարիներին՝ այն ժամանակ, երբ շատերը թերահավատորեն էին մոտենում հետերկրաշարժյան քաղաքում մշակույթի գոյության փաստին: Հավատացողներն ու ուժ տվողներն ավելի քիչ էին, սակայն ավելի զորեղ գտնվեցին: Առաջին հավատացողներն ու գյումրեցուն կրկին մշակութային կյանքի հույս տվողները մաեստրո Լորիս Ճգնավորյանն էր , Հասմիկ Կիրակոսյանը և Ռոբերտ Մլքեյանը: Մնում էր աղետյալ քաղաքում գտնել երաժիշտներին եւ երաժշտական գործիքներ: Ստացվեց, եւ ստեղծվեց փոքրիկ նվագախումբ: Ավելի ուշ նվագախումբը, որը ղեկավարում էր Սուրիկ Խաչատրյանը, ստացավ պետականի կարգավիճակ:
Նվագախմբի ստեղծման մասին «Արմենպրես»-ի հետ զրուցելիս՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը նշեց, որ դժվարին տարիներն ու առանց աշխատավարձի աշխատելը հենց մշակույթի հանդեպ գյումրեցու սիրո ապացույցն էր: «Նվագախմբի հաջողության գրավականը սերն է քաղաքի ու արվեստի հանդեպ եւ նվիրումը: Հերոսություն էր այդ տարիներին ստեղծել նվագախումբ, իսկ այսօր արդեն այս նվագախումբը մրցունակ է»,- նշեց Հասմիկ Կիրակոսյանը:
Հոբելյանի առթիվ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Երվանդ Վարոսյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, նվագախումբը՝ Գյումրու քաղաքապետարանի Ոսկե հուշամեդալով, եղան նաև այլ անակնկալներ:
«Այդ տարիներն ամենասարսափելի տարիներն էին՝ չկար լույս, չկար հաց, սարսափելի ձմեռ էր և այդ տարիներին ստեղծել սիմֆոնիկ նվագախումբ իրոք հերոսությունն էր և հերոս էին բոլոր նրանք, ովքեր մասնակից էին՝ երազողներից մինչև կատարողներ»,-նվագախմբին ուղղված շնորհավորական խոսքում նշեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
«Ուզում եմ շնորհավորել բոլորիս և հատկապես գյումրեցիներին այս հոյակապ առիթով: Երբ մտածում ես երևույթի մասին՝ բացարձակապես ոչ սովորական օր է, քանի որ եթե մտովի հետ գնանք 30 տարի երկրաշարժից հետո հսկայական զոհեր ու ընդամենը 4-5 տարի հետո գյումրեցին որոշեց, որ ինքը պետք է սիմֆոնիկ նվագախումբ ունենա: Դա միայն հատուկ մարդիկ, հատուկ ժողովուրդ, հատուկ կամքի ուժ ու համառություն ունեցող մարդիկ են կարող: Մարդիկ նմանատիպ արհավիրքից հետո տասնյակ տարիներ դեպրեսիայի մեջ են ընկնում, իսկ գյումրեցիները որոշեցին՝ ոչ թե մի փոքր բան անել, այլ գրեթե անհասանելի՝ Օլիմպոս՝ սիմֆոնիկ նվագախումբ ու այդ ցանկությունն իրականացրեցին: Պետք է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումը բերեցին դրան՝ Հասմիկ Կիրակոսյան, Լորիս Ճգնավորյան, Մլքեյան և անշուշտ նաև նվագախմբի բոլոր երաժիշտներին»,-համերգից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ մշակութային նման ավանդույթներ ունեցող քաղաքն ի վերջո կունենա նաև համերգային դահլիճ:
«Այսօր աշխատանքային օրվա ավարտից հետո իմ և կնոջս համար շատ գեղեցիկ օր էր, երբ ընդամենը 1 ու կես ժամ հետո դու Գյումրիում ես ՝ բարեկամների ու ընկերների հետ ու հոյակապ երեկո ես անցկացնում շատ գեղեցիկ համերգ լսելով: Կարծում եմ՝ և՛ Երևանից, և՛ Հայաստանի մյուս վայրերից մարդիկ հաճախ պետք է գան այս մշակութային քաղաքը՝ երաժշտություն լսելու, թատրոն դիտելու և վայելելու այս հրաշալի քաղաքը»,-հավելեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]