ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել Երևանին և Բաքվին բնակչությանը նախապատրաստել խաղաղության. aravot.am 

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համաձայնության են եկել շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և հարատև խաղաղ կարգավորման շուրջ: Այս մասին ասվում է համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ:

Ըստ aravot.am-ի՝ համանախագահները ողջունել են Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունից հետո հրադադարի խախտման դեպքերի և զոհերի թվի զգալի նվազումը: Նրանք կողմերին կոչ են արել կյանքի կոչել այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները և հստակ միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ:

Համանախագահները հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ինտենսիվ, արդյունքների ուղղված, բարձր մակարդակի երկխոսությունը կնպաստի մոտ ապագայում հակամարտության արդարացի և հարատև կարգավորմանը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց  հանձնառությունները՝ շարունակել ինտենսիվ աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորումը խթանելու և հետագա լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Այդ և բարձր մակարդակով բանակցություններ նախապատրաստելու նպատակով նրանք համաձայնել են հանդիպել 2019թ. սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

 

Տեսանյութեր

Լրահոս