211652_close_icon
views-count2048 դիտում article-date 11:33 03-09-2019

Արցախի ՄԻՊ-ը դիտարկում է ՏԻՄ ընտրությունների ընթացքը եւ կիրառում է հետադարձ կապի միջոցներ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ իր իրավասությունների շրջանակներում հետեւում եւ հետեւելու է սեպտեմբերի 8-ին կայանալիք Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքներին՝ ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով: Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ բացի տեղեկատվության բաց աղբյուրների դիտարկման աշխատանքներից, Պաշտպանի աշխատակազմը նաեւ ապահովում է շուրջօրյա ռեժիմով գործող՝ 116 հեռախոսահամարով թեժ գծի հնարավորություն, որին կարող են զանգահարել ընտրական իրավունքների իրացման հետ խնդիր ունեցող անձինք: Պաշտպանի աշխատակազմի հետ կապվելու մեկ այլ միջոց է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Դիտարկման եւ բողոքների քննարկման ընթացքում ուշադրության ներքո կլինեն ինչպես ընտրություններին մասնակցող անձանց, այնպես լրագրողների ու դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը: Պաշտպանի աշխատակազմն արագ արձագանքելու է թեժ գծի հեռախոսահամարին ստացված եւ այլ միջոցներով հավաքագրված բողոքներին, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում հանդես է գալու հրապարակային հայտարարություններով ու մեկնաբանություններով:

Նմանատիպ նյութեր