Մեկնաբանություն

20.10.2018 13:25


Ի՞նչ է պատահել Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի հարաբերություններին (տեսանյութ)

Ի՞նչ է պատահել Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի հարաբերություններին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն անձամբ է մարզից մարզ այցելում և քարոզում համայնքի ղեկավար դառնալու հայտ ներկայացրած իր թեկնածուների օգտին: Վարչական ամբողջ ռեսուրսները գործի են դրվել և ծառայեցվում են «Քաղաքացիական պայմանագրին»: Ասել է թե՝ տարիներ շարունակ արձանագրված իշխանական բոլոր ավանդույթները պահպանվում են:

Այդ ավանդույթների մեջ մտնում էր նաև պետական կառավարման համակարգում «ժառանգականության» ապահովումը: Կադրային հարցերում կար գիլդայական մոտեցում: Պաշտոնավոր հայրերը որդիներին ու բարեկամներին բերում էին պետական համակարգ կամ նրանց դարձնում հաջողակ բիզնեսմեններ: Ձևավորվում էր իշխանական դինաստիա:

Հենց այդ բարքերն էին, որ մերժվում էին այս տարվա ապրիլին: Բարքերը մերժվում էին, բայց նոր իշխանությունները, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, չեն հրաժարվում այդ բարքերից:

Հիմա պաշտոնների են նշանակվում՝ ելնելով ընտանեկան, բարեկամական, ընկերական ու թայֆայական կապերից: Աշխատանքից հեռացվում են «չուժոյները»՝ անկախ նրանց մասնագիտական հատկանիշներից:

Ուշագրավն այն է, որ միակ բացառությունն արվում է Սասուն Միքայելյանի պահով: Եվ դա այն դեպքում, երբ Սասուն Միքայելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցական դե յուրե շեֆը, իսկ Միքայելյանի տղան ՔՊ-ի տարածքային կառույցի ղեկավարն է Հրազդանում:

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի որդու Հրազդանի քաղաքապետի թեկնածու դառնալու հայտին՝ Փաշինյանը հայտարարել է, որ ճիշտ չի համարում քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթների կիրառումը (տե՛ս կից տեսանյութը):

Փաշինյանն անձամբ է քարոզում իր թիմակից քաղաքապետացուների համար, բայց հրապարակավ դեմ է արտահայտվում իր կուսակցական ղեկավարի որդու թեկնածության պահով: Ավելին՝ Փաշինյանի աջակիցները իրավախախտումներ են հայտնաբերում Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավում ու հանրայնացնում այդ խախտումները (այդ գործն իր վրա է վերցրել հեղափոխական «Շվոնդերի» ֆունկցիա կատարող Դանիել Իոաննիսյանը): Եվ դա այն դեպքում, երբ նմանատիպ կամ գուցե ավելի վատ խախտումներ կան ՔՊ-ական մյուս թեկնածուների մոտ, բայց դրանց մասին Փաշինյանի ոչ ֆորմալ թիմակիցները չեն բարձրաձայնում:

Թե ի՞նչ է տեղի ունեցել Փաշինյանի ու Միքայելյանի միջև, դժվար է ասել: Ակնհայտ է, որ իր տեսակային առումով Միքայելյանը չի համապատասխանում այս սելֆիական թիմին և, միևնույն ժամանակ, հանդիսանում է Փաշինյանի քաղաքական անցյալի կենդանի վկան, ինչը, թերևս, նյարդայնացնում է վարչապետին: Վկաներին, ինչպես հայտնի է, չեն սիրում:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Փաշինյանն արտահայտվելով Սասուն Միքայելյանի որդու պահով՝ մի հետաքրքիր ձևակերպում տվեց: Նա ասաց, որ գոնե այս փուլում քաղաքականության մեջ չպետք է լինեն ընտանեկան ավանդույթներ:

«Այս փուլ» ասելով Փաշինյանը հավանաբար նկատի ուներ մինչև արտահերթ ընտրությունների ավարտը:

Այս ձևակերպումը հաշվի առնելով՝ կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը նեղացած է Միքայելյանից այն բանի համար, որ վերջինս ժամանակից շուտ է բացվել ու որոշակիորեն հարվածել իրենց հեղափոխական իմիջին, մինչդեռ արժեր համբերել ու հետո նոր ընտանեկան ավանդույթները բերել քաղաքականություն:

«Բայց չէ՞ որ դուք չեք համբերել ու ընտանեկան ավանդույթները բերել եք քաղաքականության մեջ: Ես ումի՞ց եմ պակաս: Հատկապես որ հեղափոխական օրերին ջրի շիշը նետել եմ Երանոսյան Լյովայի ուղղությամբ ու հայհոյել նրան, այսինքն՝ վաստակել եմ որդուս քաղաքապետ դարձնելու հեղափոխական իրավունքը»,-հավանաբար ինքն իր մեջ մտածում ու փոթորկվում է Ս. Միքայելյանը:

Փաշինյանն իր գնահատականներով հասկացնում է Միքայելյանին, որ, պատկերավոր ասած, այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին:

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ «այս փուլի» ավարտից հետո արդեն ընտանեկան ավանդույթները, նախկինի պես, լայնորեն կիրառվելու են քաղաքական գործընթացներում:

Այս խորագրի վերջին նյութերը