Բաժիններ՝

Ավինյանի գրասենյակի խիստ ուշագրավ պատասխանը

Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ, անկախ դրանից, գազի մատակարարման դադարեցում չի լինի, իսկ նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո:

«168 Ժամը» հայաստանյան և ռուսաստանյան իր աղբյուրներից տեղեկություն էր ստացել այն մասին, որ բանակցություններն արդեն հասել են իրենց վերջնակետին, և ռուսական կողմը փաստի առաջ է կանգնեցրել ՀՀ կառավարությանը։ Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն՝ նշելով, որ ռուսական գազի գինը սահմանին լինելու է 215 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ։

Երեկ «168 Ժամ» թերթի լրագրողը ժամը 15։34-ին պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, այնուհետև անմիջապես կապ հաստատել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ։ Ի դեպ, մեր լրագրողը Ֆեյսբուքի միջոցով պաշտոնական հարցումն ուղարկել էր նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամլո խոսնակ Վահան Հունանյանին։

Հետևյալ հարցերն էինք ուղղել.

«Տեղեկություն ստանալու հարցում

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվո՞ւմ են, ի՞նչ փուլում են, ե՞րբ կավարտվեն, նախնական ի՞նչ պայմանավորվածությունների մասին կարող եք ասել։

2. Ի՞նչ դիրքորոշում ունեք իրանական գազ ձեռք բերելու հարցի վերաբերյալ։

3. Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղեկությունը, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն՝ նշելով, որ ռուսական գազի գինը սահմանին լինելու է 1000 խմ դիմաց 215 դոլար, և դա քննարկման ենթակա չէ»։

 

Լրագրողը, պաշտոնական հարցումից բացի, ինչպես նշեցինք, հասարակության համար հույժ կարևոր այդ խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով նաև հեռախոսակապ էր հաստատել Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ. վերջինս ասել էր, թե Ավինյանն օրվա ընթացքում հանդիպումներ ունի և չի կարող պատասխանել, փոխարենը՝ գրասենյակը, ըստ սահմանված կարգի՝ 5 օրվա ընթացքում կպատասխանի մեր հարցմանը։

«168 Ժամի» (168.am) մեր հրապարակման մեջ նշել էինք, որ Տիգրան Ավինյանի պատասխանները ստանալուն պես, բնականաբար, անմիջապես կհրապարակենք։

Եվ ահա, նյութի հրապարակումից հետո, երբ գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ գիտակցելով խնդրի կարևորությունը և հրատապությունը, մեր հրապարակումը ներկայացրել էին իրենց մամուլի տեսություններում, և հասարակության գրեթե բոլոր շերտերը վաղ առավոտից սկսած քննարկում էին տեղեկատվությունը՝ սպասելով կառավարության պատասխանին, որն իրենք խոստացել էին մեզ փոխանցել 5-օրյա ժամկետում, Ավինյանի բազմազբաղ գրասենյակը վերջապես գիտակցեց հարցի կարևորությունը և որոշեց պատասխան նամակով հանդես գալ։

Մինչ նամակի բովանդակությանն անցնելը մի դիտարկում. այո,  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված է 5-օրյա ժամկետ, սակայն հարցի հրատապությամբ և կարևորությամբ պայմանավորված՝ կարող են նաև շատ ավելի սեղմ ժամկետում մեկնաբանել, պատասխանել։

Ինչևէ, այսօր ժամը 13։00-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամլո խոսնակ Վահան Հունանյանը «168 Ժամի» (168.am) լրագրողին ֆեյսբուքյան մեսենջերով ուղարկում է հետևյալ բաց տեքստով պատասխանը.

«Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին:

ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»:

Ապա ավելացրել էր. «Իսկ Ձեր ամբողջական հարցմանը, իհարկե, գրավոր կպատասխանենք»։

Վերադառնալով Ավինյանի գրասենյակի պատասխանին, որը ֆեյսբուքյան իրենց էջերում տարածել էին «Իմ քայլի» որոշ անդամներ (հընթացս ստանձնելով Ավինյանի խոսնակի դերը) և կառավարության աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, նշենք, ըստ էության՝ ոչինչ չասող, բովանդակություն՝ տեղեկատվություն չպարունակող  հերքման փորձ-պատասխան։

Բնականաբար, «168 Ժամը» շատ լավ գիտակցում է ոչ միայն բարձրացված խնդրի կարևորությունը, այլև այն արշավը, որը նրանց կողմնակիցների կողմից կարող էր ծավալվել լրատվամիջոցի դեմ այդ տեղեկատվության հրապարակումից հետո։

Եվ, բնականաբար, լրատվամիջոցը չի բացահայտի իր աղբյուրները։ Իսկ կառավարության աշխատակիցների ֆեյսբուքյան գրառումները «168 Ժամի» համար  հաստատ ոչ հիմք են, ոչ էլ նրանց պատասխանի փորձը՝ վերին ատյանի ճշմարտություն։ Եվ չենք կարծում, թե այդ 9 տողը շարադրելու համար այս կառավարությանը մոտ մեկ օր ժամանակ էր պետք. համաձայնեք, որ այս պատասխանը կարող էին երեկ էլ փոխանցել, նույնիսկ բանավոր կերպով, քանի որ այն որևէ ջանք կամ աշխատանք չէր պահանջում Ավինյանի գրասենյակի աշխատակիցներից:

Փոխարենը, լավ կլիներ գիտակցեին խնդրի կարևորությունը և շատ օպերատիվ կերպով մեկնաբանեին, եթե այդքան վստահ էին իրենց պատասխանների մեջ։ Եվ թող որևէ մեկը չհամարձակվի «168 Ժամին» մեղադրել իր աշխատանքը ոչ բարեխիղճ կատարելու մեջ։

Դեկտեմբերի 31-ին, ինչպես արդեն նշել ենք, ավարտվում է Հայաստանին ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը։ Այդ օրը սարերի ետևում չէ, ի վերջո, ամեն ինչ կպարզվի։ Հուսանք, այս կառավարությունը կկարողանա բանացությունների և իր գործողությունների միջոցով առնվազն նվազեցնել կապույտ վառելիքի գինը, ինչպեսև խոստացել էին հանրությանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի իշխանությունների, մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինի հետ իրենց ունեցած փայլուն, աննախադեպ փայլուն հարաբերությունները։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Պուտին հանդիպումներից մեկից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, ի պատասխան հոռետեսների՝ գրել էր.

«Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով։ Շարքային սպառողին այն հասնում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդներին՝ 242 դոլարով, ջերմոցային ու վերամշակող ընկերություններին` 212 դոլարով։

Ի դեպ, սա էլ ավելացնենք, որ նույն աղբյուրների հավաստմամբ, այնուամենայնիվ, վերջնական որոշումը կկայացվի մինչև դեկտեմբերի 27-ը:

Հարգանքներով՝ «168 Ժամ» (168.am)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս