211652_close_icon
views-count2990 դիտում article-date 12:18 20-01-2019

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Դատական համակարգի հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ: Սա ևս մեկ առիթ է արժևորելու ու կարևորելու ձեր առանցքային դերակատարությունը օրինականության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և պետականաշինության գործում։ Տարիներ շարունակ իրականացված բարեփոխումների և սկզբունքային քաղաքականության նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն, որի զարգացմանն ու կատարելագործմանը, դատական մարմինների և դատավորի լիարժեք անկախության ու ինքնուրույնության ապահովմանն ուղղված աշխատանքներն այսուհետ ևս պետք է լինեն հետևողական ու կրեն շարունակական բնույթ: Դատական համակարգի և գործող դատավորների առաջնահերթ խնդիրներից եղել և մնում է օրենքի տառին ու ոգուն, արդարադատության սկզբունքներին խստագույնս հետևելն ու դրանցով առաջնորդվելը: Համոզված եմ, որ դա մշտապես կլինի ձեր գործունեության հիմքում և կօգնի արդյունավետորեն իրականացնել ձեր գործառույթները։ Պետությունը կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատական համակարգի աշխատողների աշխատանքային և սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ: Թանկագի՛ն բարեկամներ, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում բոլորիդ հաջողություններ աշխատանքում ու ընտանիքում»:

Նմանատիպ նյութեր