Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել բողոքի զանգվածային ակցիաների վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է վերջին օրերին երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշվում է, որ վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են:
«Քաղաքացիական ակտիվությունը երկրի զարգացման և ժողովրդավարության կարևորագույն գրավականն է: Սակայն առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը։ Ամենքս ներկա գործընթացը արդյունավորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջև ենք: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի այնպիսին, որից կշահի թե Հայաստանի քաղաքացին, թե երկիրը»,- ասված է հայտարարության մեջ:
ՀՅԴ-ում կարծում են, որ այս առումով անելիք ունեն առաջին հերթին իշխանությունները, քաղաքական ուժերն ու գործիչները: «Ընդհանուր քաղաքական օրակարգ ձևավորելու, պետականաշինության նոր փուլը բնականոն ընթացքի մեջ դնելու, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգը ամբողջացնելու, պետության և ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, մասնակցային ժողովրդավարություն ապահովելու պարտավորություն ունենք բոլորս: Այս համոզումից ելնելով՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ որպես պետության գլուխ և սահմանադրության երաշխավոր, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ՝ առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով»:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցներն ապրիլի 13-ից բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացնում Երևանի կենտրոնում: Այդ ընթացքում նրանք անցկացրել են երթեր Երևանի փողոցներում, իրականացրել են փողոցների և շենքերի շրջափակման զանգվածային գործողություններ, ներխուժել են Հանրային ռադիոյի շենք, անցկացրել հանրահավաքներ Ֆրանսիայի հրապարակում և Հանրապետության հրապարակում: Բողոքի գործողությունները շարունակվում են նաև ապրիլի 19-ին: Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ապրիլի 19-ի վաղ առավոտյան միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակիցների միջև: Ցուցարարները փորձել էին շրջափակել կառավարության մասնաշենքը՝ խոչընդոտելով աշխատակիցների մուտքը շենք: Ոստիկանությունը, շրջափակելով հավաքի մասնակիցների մի խմբին, փորձեց բացել տարածքը, ինչից հետո բերման ենթարկեց մի քանի երիտասարդի: Այն բանից հետո, ինչ երիտասարդներին նստեցրին ոստիկանական մեքենան, հրմշտոց սկսվեց ոստիկանների և մյուս ակտիվիստների միջև: Նրանցից մեկը պառկեց ոստիկանության ավտոմեքենաներից մեկի տակ՝ թույլ չտալով բաժանմունք տանել բերման ենթարկված երիտասարդներին: Ոստիկանությանը ի վերջո հաջողվեց ակտիվիստին դուրս բերել մեքենայի տակից և բերման ենթարկվածներին տանել ոստիկանական բաժանմունք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում