HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը` ՀՀԿ-ին. «Ձեր իշխանությունն ավարտվել է: Հետագա դիմադրությունը միայն վնասելու է մեր պետությանը, ժողովրդին եւ հենց ՀՀԿ-ին»

Ներկայացնում ենք «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանի ելույթը ՀՀ վարչապետի ընտրության համար գումարված ԱԺ նիստում:

Սիրելի մարդիկ, որքան էլ զարմանալի լինի, եկել եմ իմ ելույթով ձեզ օգնեմ` սթափ գնահատեք իրավիճակը: Հանրապետության հրապարակում դրված է մի մեծ էկրան, մի քանի հարյուր հազար մարդ նայում է ձեզ, ոչ թե ինչ-որ հավաքական մի մարմնի, այլ անհատապես ձեզ: Մի քանի հարյուր հազար մարդ նայում է ձեզ` ոնց եք դուք անձամբ քվեարկելու: Ձեր անունները անգիր են իմանալու:

Մեղրիից մինչեւ Աշոցք փողոցներում, սրճարաններում նայում են ձեզ եւ ուզում են մեկ բան` որ դուք քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին: Մի խումբ մարդ` ասում եք: Այ ձեր ցավը տանեմ, մի խումբ մարդիկ դուք եք մնացել: Ոստիկանության շարքերով, պետական ապարատի ստորին, միջին, բարձր օղակներով, գյուղապետարաններով, ձեր երեխեքի կուրսեցիներով, ձեր հարեւաններով, բարեկամներով, բոլորն ուզում են, որ դուք քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին: Բոլորը նայում են ձեզ, հետո դուք նայելու եք բոլորի աչքերին: Այդ պահին ձեր կողքին չի լինելու Սերժ Սարգսյանը: Չի լինելու ֆրակցիայի ղեկավարը: Լինելու եք դուք, ձեր հարեւանները, ձեր երեխեքի ընկերները: Ասում եք` մեր ընդդիմադիր գործընկերները: Ասում եք` իշխանությունները: Էդ ու՞մ մասին եք խոսում: Դուք իշխանություն չեք, պրծել է: Դուք կարող եք լինել մեր ընդդիմադիր գործընկերները, եթե ձեզ ճիշտ պահեք:

Ձեր իշխանությունն ավարտվել է: Հետագա դիմադրությունը միայն վնասելու է մեր պետությանը, ժողովրդին եւ հենց ՀՀԿ-ին: Եթե ձեզ համար կարեւոր չի այս զինանշանը, այս դրոշը, մտածեք ձեր անհատական որոշման բարոյական, քաղաքական արժեքի մասին: Հասկացեք, չկա այլեւս Սերժ Սարգսյանի իշխանություն, նախկինների անունն է շրջանառվում, չկա այդպիսի բան, նրանք անգամ ձեր ֆրակցիան չեն վերահսկում, դուք միաձայն չեք քվեարկելու:      

Մենք, միեւնույն է, հաղթելու ենք, եթե Նիկոլ Փաշինյանն էսօր չընտրվի վարչապետ, 7 օրից է ընտրվելու, եթե նոր թեկնածու բերեք, զոռով ընտրեք, մերժելու ենք, ձեւերը գիտենք, 2-3 հոգու մերժել ենք, եթե չընտրեք մեկ շաբաթ հետո, նոր ընտրություններ են լինելու, եւ չեք կարողանալու անցկացնել` ոնց սովոր եք: Ընտրակեղծիք չի լինելու, կաշառք չի լինելու, տոտալ վերահսկվելու են ժողովրդի կողմից բոլոր ընտրատեղամասերը: Շանս չկա:

Մենք, միեւնույն է, հաղթելու ենք, տակը մնալու է պետությանը ձեր հասցրած վնասը կամ տված օգուտը, տակը մնալու է ձեր անձնական քաղաքական պատասխանատվությունը պատմության առաջ, ձեր շատ անձնական  քաղաքական պատասխանատվությունը սերունդների, երեխաների առաջ, ձեր անունները գրվելու են պատմության մեջ, ոչ թե ՀՀԿ-ի, դուք որոշեք` այս կողմում, թե այն կողմում:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter