211652_close_icon
views-count21400 դիտում article-date 21:24 31-10-2017

Մահացել է ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը

Երկարատև հիվանդությունից հետո 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, ռեժիսոր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռեժիսորի որդին: Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936թ.–ի օգոստոսի 20–ին, Բաքվում։ Խորհրդային եւ հայ թատերական գործիչ էր, բեմադրիչ և ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր։ Ավարտել է Լենինգրադի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ ուսանելով Լեոնիդ Վիվիենի կուրսում։ 1962-1965 թթ. –ին Գրիգորյանը եղել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1964 թվականից` Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսորն էր։ 2000 թ. Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հիմնադրել է դերասանական վարպետության ռուսական կուրսը։ Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում Երեւանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կալինինգրադում, Օդեսայում, Լվովում, Քիշնևում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում և այլուր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ էր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ։

Նմանատիպ նյութեր