Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շտապօգնության աշխատակիցներից ոմանք աշխատանքից ազատվելու դիմում են գրել. համբերության բաժակը լցվել է (տեսանյութ)

Հասարակություն
boxoq-1

Երեւանի Շտապբուժօգնության ծառայության բուժանձնակազմի աշխատակիցները բողոքում են. վարորդներն ու ֆելդշերները շենքի բակում, բուժքույրերը՝ միջանցքներում: «Ա1+» հեռուստաընկերություն դիմած աշխատակիցներն ահազանգում են, որ իրենց աշխատավարձերը տարիներ շարունակ չեն բարձրանում, կանչերի թիվը շատ է, չեն հասցնում եւ Շտապօգնության ծառայության բուժխմբերը շատ քիչ են: Հոգեբուժական ծառայության բուժքույր Նազանի Հովակիմյանը, որը երկրորդ կարգի հաշմանդամ է եւ Արցախյան պատերազմի մասնակից, «Ա1+»-ին հայտնեց, որ աշխատում է շտապօգնությունում, քանի որ թոշակը շատ ցածր է, բայց այստեղ էլ բարձր աշխատավարձ չի ստանում, իր կատարած աշխատանքի համար: «Մենք չգիտենք ինչքան աշխատավարձ ենք ստանում, եթե տեղեկանք ենք ուզում, կոնկրետ իմը գրվում է 147 հազար դրամ, յոթօրյա հերթապահության դիմաց ստանում եմ 97 հազար դրամ: Կանչերի թիվը մեծացել է, օրը 30-50 կանչ ենք ունենում, մեր բաժանմունքի մեքենան շատ հին է, ցուրտ, չի լինում աշխատել»,-ասաց Նազանի Հովակիմյանը: Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ է՝ աշխատավարձերի խնդրին, բուժօգնության խմբերի թվի պակասի մասին: Թագուհի Ստեփանյանը պատրաստվում է հանդիպել եւ անձամբ լսել բոլոր խնդիրների մասին: Ստեփանյանի խոսքով, վերջին անգամ շտապբուժօգնության աշխատակիցների աշախատավարձերը բարձրացել են 2011թ: Բակում հավաքված վարորդներն ու ֆելդշերներն էլ պահանջում են, որ իրենց եւս պարգեւատրումներ տրվեն: Վարորդ Թոռնիկ Գրիգորյանը «Ա1+»-ին հայտնեց, որ օրվա ընթացքում շատ կանչեր են լինում, եւ շտապօգնության մեքենաների վթարների պատճառն էլ հենց դա է. «Հոգնում ենք, մարդ ենք  չէ: Ուզում ենք, որ մեր աշխատավարձերը բարձրացնեն, պարգեւատրեն, եթե խոսքը տեղ չհասնի, մենք այլ ճանապարհների կդիմենք»:   Վարորդը բացառեց, որ գործադուլ կանեն։