Մեկնաբանություն

06.12.2017 17:00


Ժոզե Մոուրինյուի «դավադրությունը» և Հենրիխ Մխիթարյանի ճակատագիրը

Ժոզե Մոուրինյուի «դավադրությունը» և Հենրիխ Մխիթարյանի ճակատագիրը

Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ գրեթե ոչինչ չորոշող խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայազգի Հենրիխ Մխիթարյանին տեղ չհատկացրեց նույնիսկ պահեստայինների նստարանում:

Վերջին շրջանում մեր հավաքականի ավագի գործերը վատ են ընթանում Մանչեսթերում: Նա տեղ չի գտնում հայտացուցակում և մի տեսակ մեկուսացված է թիմից:

Հենրիխի մարզական կարիերային մեծ ուշադրությամբ հետևող հայ ժողովուրդը ծանր է տանում այս ամենը: Եվ դա պատահական չէ: Չէ՞ որ այս գաղջ մթնոլորտում հայ ֆուտբոլիստն այն լուսավոր կետն է, ով 1 և կես ժամի չափ հայ ժողովրդին անուղղակի մասնակից է դարձնում բարձրակարգ մարզական միջոցառման:

Հիմա այդ ուրախությունը չկա և հայ ժողովրդի մի մասը (ըստ երևույթին՝ մեծ մասը), օբյեկտիվ գնահատականները մի կողմ դրած, հարձակվել է Մոուրինյուի վրա և փորձում է տարատեսակ գործոններով պայմանավորել Մանչեսթերում տեղի ունեցողը:

Վիրտուալ, մտացածին և գերբնական ազդեցությունների աշխարհում ապրող, ինչպես նաև ցանկացած հարցում հակահայկական դավադրություն տեսնող մեր հայրենակիցներն այս օրերին մտքի գոհարներ են շաղ տալիս համացանցում: Մի մասը կարծում է, թե պորտուգալացի մարզիչը «նավսել» է Մխիթարյանին կամ «թուղթ ու գիր» արել նրան ( ՞ ): Մյուս մասը շեշտը դնում է Մոուրինյուի չուզողության ու նախանձի վրա ( ՞ ): Երրորդները կարծում են, թե մանչեսթերյան ակումբի սևամորթներն են դավադրություն կազմակերպել Հենոյի դեմ ու նրան «պաս» չեն տալիս՝ ռասսայական խտրականությունից ելնելով: Կան նաև էկզոտիկ այլ տեսակետներ:

Չի բացառվում, որ Հենոյի՝ դաշտ դուրս չգալուն զուգահեռ շուտով մենք տեսնենք այնպիսի վարկածներ, ինչպիսիք են, օրինակ, Մոուրինյուի պապու բաջանաղի հարևանի թուրք լինելը (շարունակությունը, կարծում եմ, պարզ է՝ Մոուրինյուն «թուրք» է և, այդ իսկ պատճառով, չի խաղացնում մեր Հենոյին): Ու շատ քչերն են այն օբյեկտիվ կարծիքին, որ Հենոյի խնդիրների պատճառը հենց ինքն է՝ իր վատ խաղով:

Դժվար է ասել, թե ինչի ազդեցության արդյունքում Մխիթարյանը սկսեց վատ խաղալ (ընդ որում՝ նաև ՀՀ ազգային հավաքականում. Չեռնոգորիայի, Դանիայի ու Լեհաստանի դեմ խաղում Հենոն Կամո Հովհաննիսյանից հետո, թերևս, ամենավատն էր մեր թիմում), բայց փաստն այն է, որ Մոուրինյուն նրան սկսեց չվստահել այդ վատ խաղերից հետո:

Ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ պորտուգալացին Մխիթարյանին շանս էր տալիս նույնիսկ այն փուլում, երբ ակնհայտ էր, որ Հենոն չի կարողանում կատարել փլեյմեյքերի պատասխանատու ֆունկցիան և զուտ նոմինալ ներկայություն է ապահովում խաղադաշտում (Մխիթարյանը վազելու փոխարեն քայլում էր, չէր մասնակցում թիմային խաղին ու հատկապես աչքի էր ընկնում հետ փոխանցումներով՝ շառից ու փորձանքից հեռու տարբերակով):

Ուշագրավ է, որ օբյեկտիվ գնահատական տալու փոխարեն ոմանք ընկնում են մառազմի մեջ ու դավադրություն փնտրում: Իրականում դավադրություն չկա: Այս փուլում Հենոն լավ վիճակում չէ (առավելապես հոգեբանական) ու դրա համար չեն խաղացնում, մանավանդ որ նրա դիրքում հիմա ավելի լավ են նայվում Լինգարդն ու Մատան:

Լինգարդը չորս հոգով շրջապատված չի վախենում ու գրոհում է դարպասը՝ դառնալով գոլի հեղինակ: Մխիթարյանն էլ էր այդպիսի որակներով հանդես գալիս «Բորուսիայում» ու «Յունայթեդի» որոշ խաղերում, բայց հետո «նստեց». «դուխի» ու մտածողության հարց է: Պոգբայի բացակայության պայմաններում փոխանակ լիդերությունն անմիջապես իր վրա վերցնելու, Մխիթարյանը պարզապես կորավ խաղադաշտում:

Մեր հավաքականի 18 համարն ակնհայտորեն շատ ավելի ինտելեկտուալ մարզիկ է և ֆուտբոլային նուրբ ճաշակ ունի, քան Լինգարդը, բայց վերջինս դաշտում գործում է մարտիկի հոգեբանությամբ ու առանց վախի (չի կարելի ամեն վայրկյան գնդակից արագ ազատվել և Լուկակուի կողմը նայել՝ այն էլ երբ դարպասի դիմաց ես հայտնվել): Արդյունքում՝ Մխիթարյանը մնացել է խաղից դուրս, իսկ Լինգարդը թափ է հավաքում:

Միակ տարբերակն այժմ այն է, որ Մխիթարյանը փոխի իր թիմը: Վատ չի լինի Դորտմունդ վերադառնալը, հատկապես որ այդ թիմը հիմա հետընթաց է գրանցում և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հաստատ փորձելու է ուժեղացնել կազմը: Կամ էլ, հաշվի առնելով Մխիթարյանի խաղաոճը և գնդակի հետ վարվելու կուլտուրան՝ ճիշտը Իտալիայի առաջնություն տեղափոխվելն է՝ «Ինտեր» կամ «Ռոմա» (եթե, իհարկե, վերջիններս նման ցանկություն ունենան): Այլ պարագայում Հենրիխը կմնա պահեստային նստարանից էլ դուրս կամ էլ կտեղափոխվի միջին ու դեռ միջինից էլ ցածր թիմ, ինչպես որ «Յունայթեդի» նախկին մի շարք խաղացողները (օրինակ՝ հոլանդացի Մեմֆիս Դեպայը):

Մեկ բան ակնհայտ է. Մոուրինյուն գերմանացի Տուխելը չէ և հաստատ Մխիթարյանի համար դայակություն չի անի: Մանավանդ ձեռքի տակ ունենալով Մխիթարյանին փոխարինելու բազմաթիվ տարբերակներ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը