Մատչելիության հղումներ

Ռազգիլդեևին դատարան ներկայանալ խոչընդոտում է 102-րդ ռազմաբազայի հրամանատարը. իրավապաշտպան


Գյումրեցի 56-ամյա Ջուլիետա Ղուկասյանին դաժանաբար ծեծելով սպանելու մեջ մեղադրվող, ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի մասնակցությունը գործով դատական նիստերին արդեն մեկ տարի է՝ չի ստացվում ապահովել: Հայկական ոստիկանությանը թույլ չի տրվում մուտք գործել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա, որտեղ էլ պահվում է սպանության մեջ մեղադրվող զինծառայողը։

Ջուլիետա Ղուկասյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2018-ի դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան, աշխատանքի գնալիս: Ըստ մեղադրանքի՝ զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը ալկոհոլի ազդեցության տակ, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ էր հասցրել կնոջ գլխին ու մարմնի տարբեր մասերին, ապա՝ դիմել փախուստի: Ստացած վնասվածքներից 56-ամյա կինը նույն օրը հիվանդանոցում մահացել էր: Ղուկասյանի մահվան գործով դատական նիստերն առանց ամբաստանյալի մասնակցության հետաձգվում են:

Սեպտեմբերի 24-ին նշանակված վերջին դատական նիստը ևս նույն պատճառով հետաձգվեց: Զինծառայողին դատարան ներկայանալ խոչընդոտում է 102-րդ ռազմաբազայի հրամանատար Մարտինյուկը, հայտարարեց սպանված կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը՝ մատնացույց անելով նախ բազայի հրամանատարի, ապա նաև ամբաստանյալի ներկայացրած գրությունները դատարանին:

Ռուսական զորամիավորման հրամանատար Մարտինյուկը առաջարկել է, որ զինծառայողը դատական նիստերին մասնակցի ռազմաբազայից՝ տեսակապի միջոցով։ Նույնաբովանդակ միջնորդությամբ դատարանին դիմել է նաև ամբաստանյալ Ռազգիլդեևը:

«Ռազգլիդիևի դատարան չներկայանալու խոչընդոտ է համարվում ռուսական ռազմաբազայի հրամանատարը, որ ուղղակի թելադրում է, թե ինչ գրի և ինչ դիրքորոշում ներկայացնի: Սա Ռազգիլդեևի խոսքը չի, սա ռուսական բազայի հրամանատարի խոսքն է», - ասաց Սաքունցը:

Եթե ամբաստանյալը գտնվեր քրեակատարողական հիմնարկում, ոչ թե ռուսական ղեկավարման տակ գտնվող ռազմաբազայում այս իրավիճակի նման իրավիճակ չէր ստեղծվի, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նրա կարծիքով ռազմաբազայի հրամանատարը ստանձնել է քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը:

«Ենթադրենք այդպիսի մի ցնդաբանություն, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարն ասում է՝ «չեմ ներկայացնում ամբաստանյալին, չեմ ուղարկում», այսինքն այս պահին ռուսական բազան, որը հանդիսանում է Ռազգիլդեևի կալանքի կրելու վայրը, որի իրավական որևէ հիմնավորում չկա, ռուսական ռազմաբազայի հրամանատարը հանդես է գալիս որպես քրեակատարողական հիմնարկի ղեկավար և ասում է՝ չեմ տալիս», - ընդգծեց Սաքունցը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը վստահ է՝ հայկական իրավապահ մարմինների անգործությունը ստեղծել է իրավիճակ, երբ ամբաստանյալն է արդեն թելադրում դատական նիստերը ինչպես և որտեղ անկացնել. «Կանոններ են թելադրում, հրամանատարից բացի, արդեն ամբաստանյալն է որոշում, թե ոնց իր նիստն անցկացնեն»:

Սաքունցն ընդգծում է՝ իր պրակտիկայում տեսակապի միջոցով դատական նիստ անցկացնելու դեպք չի հիշում. «Չկա այդպիսի բան: Իհարկե, նման նախագծեր կան, որ վկան հեռավար կարող է ցուցմունք տալ, տուժողը և այլն, բայց ամբաստանյալը դատական նիստին պետք է ներկա լինի, որովհետև իր մեղավորության և արդարացիության հարցն է քննվում»:

Արդյո՞ք կկայանան հաջորդ նիստերը, պարզ չէ, քանի դեռ ամբաստանյալի դատարան ներկայանալու խոչընդոտը վերացված չէ, պնդում է Արթուր Սաքունցը: Վերջինիս համոզմամբ՝ վաղուց պետք է արդարադատությանը խոչընդոտելու փաստով քրեական գործ հարուցվեր և ամբաստանյալի նկատմամբ հետախուզում հայտարարեին:

«Ամբաստանյալը դատական նիստին չկա, նման դեպքում դատարանն ի՞նչ անում, հետախուզում է հայտարարում, դատախազությունը հետախուզում է հայտարարում, ոստիկանությունը հետախուզում է հայտարարում, որովհետև արդարադատությունից խուսափում է անձը, փախած է: Տեսնո՞ւմ եք այդպիսի գործողություններ: Այստեղ ոչ միայն հետախուզման մասին է խոսքը, որ պետք է արդարադատությունից խուսափելու, փախչելու, այլ նաև այդ խուսափելու մեջ մեղավոր անձին, պատասխանատու անձին, որ ամրագրված է փաստաթղթով, նրա դեմ քերական հետապնդման իրականացման անհրաժեշտության մասին է խոսքը: Դուրս է գալիս, որ ռուսական բազայի հրամանատարը Հայաստանի Հանրապետությունում ամենաանձեռնմխելի անձն է», - նշեց իրավապաշտպանը:

Տուժողի իրավահաջորդները դիմել են դատախազությանը արդարադատությանը խոչընդոտելու փաստով քերական գործ հարուցելու համար, որը մերժվել է և հիմա այն դատական ատյաններում են վիճարկում: Ռազգիլդերին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջով ներպետական ատյանները սպառելուց հետո տուժողի իրավահաջորդները դիմել են Եվրոպական դատարան: Պատրաստվում են ևս մեկ բողոք ներկայացնել:

«Հաջորդը կգնա ռուսական ռազմաբազայի հրամանատարի դեմ քրեական գործ չհարուցելու համար, որովհետև մենք իրավական փստաթղթերով ամրագրում ենք այն ամենը, հիմնավորելու համար, որ ինչ չեն անում պետական մարմինները: Մեղադրյալի իրավունքների խախտման համար պետական մարմինները մեղավոր են անգործության տեսանկյունից, ոչ թե որ դատական նիստեր չեն անցկացնում», - ասաց Արթուր Սաքունցը:

Դատական հաջորդ նիստը նախատեսված է նոյեմբերի 10-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG