×


Շարապովայի՝ 3D տպիչով ստեղծված զգեստը, Մուրի բաց ուսերը, Շեյքի «մերկ» եւ Չոպրայի խայտաբղետ կերպարները՝ The Fashion Awar

Լոնդոնի «Ալբերտ հոլում» կայացել է նորաձեւության աշխարհի հեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ The Fashion Awards 2021-ը: Բրիտանական նորաձեւության խորհուրդը պարգեւատրել է ոլորտում մեծ ներդրումներ ունեցող մարդկանց: Հյուրերի կազմն իսկապես աստղային է ստացվել, որոնք ժամանել են աշխարհի տարբեր երկրներից:

Գլխավոր մրցանակին՝ «Տարվա դիզայներ», արժանացել է Dior-ի տղամարդկանց ու Fendi-ի կանանց զգեստների բաժնի ստեղծագործական տնօրեն Կիմ Ջոնսը: 2021-ի լավագույն երիտասարդ դիզայները LVMH-ի հաղթող Նենսի Դոջական է:

Կիմ Ջոնսը եւ Դեմի Մուրը


Իզաբելա Բլոուի անվան մրցանակը, որը տրվում է մշակույթի, արվեստի ու նորաձեւության մեջ ներդրման, ինչպես նաեւ գենդերային անհավասարության դեմ պայքարելու համար, ստացել է Dazed ամսագրի խմբագիր Իբ Կամարան, որը վերջերս H&M-ի հետ երեկոյան զգեստների կապսուլային հավաքածու է թողարկել:

Leaders of Change հատուկ մրցանակներ են հանձնվել օրեր առաջ 41 տարեկանում քաղցկեղից մահացած դիզայներ Վիրջիլ Աբլոյին, Կիմ Ջոնսին, Դեմնա Գվասալիային, Ջոնաթան Անդերսոնին ու Ալեսանդրո Միկելեին: Վերջինս ստացել է նաեւ Trailblazer Award հատուկ մրցանակը՝ նորաձեւությանը նորովի անդրադառնալու համար: «Ականավոր նվաճումների» մրցանակն էլ ուղեւորվել է ԱՄՆ՝ Թոմի Հիլֆիգերին:

Թոմի Հիլֆիգերը եւ Նաոմի Քեմփբելը


2020-ին կազմակերպիչները հրաժարվել էին հիմնական անվանակարգերի հաղթողներին հայտարարելուց. այն ժամանակ դիզայներները պարգեւներ են ստացել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար:

Այս տարվա հյուրերը շատ էին՝ դերասաններ, հաղորդավարներ, մարզիկներ, երգիչներ, որոնք կրում էին բրիտանացի դիզայներների գլուխգործոցները:

Մարիա Շարապովան


Ամենաինքնատիպ զգեստներից մեկով ներկայացել է թենիսիստուհի Մարիա Շարապովան: Նա կրել է Iris van Harpen-ի զգեստ, որի թափանցիկ կտորը ստացվել է 3D տպիչի միջոցով: Զգեստը կարվել է վերամշակված պլաստիկից:

«1 տարի, 800 ժամ ձեռքի աշխատանք, հարյուրավոր վերամշակված շշեր ու բնական մետաքս»,- զգեստի մասին գրել է Շարապովան:

Դուա Լիպան


Մեծ Բրիտանիայի թագուհու թոռնուհի Ամելիա Վինձորը եւս մասնակցել է միջոցառմանը՝ կրելով գեղեցիկ զգեստ: Բոլորին հերթական անգամ հիացրել է 59-ամյա Դեմի Մուրը, որն իր բաց ուսերով անկրկնելի տեսք է ունեցել: Զգեստի հեղինակը՝ Կիմ Ջոնսը, իր հաղթանակը նվիրել է Աբլոյի հիշատակին:

Պրիանկա Չոպրան՝ ամուսնու հետ


Երգչուհի Դուա Լիպան զուսպ սեւ զգեստ է ընտրել, Ջեննա Կոուլմանը՝ ոճային ու նուրբ, Ադրիանա Լիման նախընտրել է բաց ու գրավիչ լինել, Պրիանկա Չոպրան ու Էլզա Հոսկն առանձնացել են շատ վառ ու գունավոր կերպարներով:

Շանինա Շեյքը


Անսովոր զգեստ ու գլխազարդ է կրել Էյսա Գոնսալեսը՝ նմանվելով «Փարիզի Աստվածամոր տաճարի» Էսմերալդային: Ավստրալացի մոդել Շանինա Շեյքն ընտրել է փայլուն «մերկ» զգեստ ու առանձնացել կարմիր գորգին:

Մեյ Մասկը


Քրիստին Սքոթ Թոմասն էլ նախընտրել է ցույց տալ ճերմակած մազերը, ինչով էլ ավելի է ընդգծել բնական գեղեցկությունը: Իր ճերմակած գանգուրները Կաննի կինոփառատոնում հպարտորեն ցուցադրել էր Էնդի Մաքդաուելը, ապա «Սեքսը մեծ քաղաքումի» նկարահանումների ժամանակ՝ Սառա Ջեսիկա Փարկերը: Վաղուց մազերը չի ներկում նաեւ Իլոն Մասկի մայրը՝ Մեյ Մասկը, որը Լոնդոնում ամբողջովին կարմիր գույնով է ներկայացել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին