Հոգեկան խնդիրներ ունեցող տղային ՊՆ բժշկական հանձնաժողովը զորակոչում է բանակ
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված, 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովում այսօր ներկայացվեց քաղաքացի Լևոն Չ.-ի դիմումը:
Ըստ դիմումատուի, որդին՝ 18-ամյա Հ.Չ.-ն, ունի հոգեկան խնդիրներ, հաշվառված է տեղամասային հոգեբույժի մոտ, ընդունում է դեղորայք, բայց նրան զորակոչում են բանակ: 2015 թ-ին վերջինս բուժվել է «Նորք»-ի հոգեբուժարանում՝ յուրահատուկ (մեկուսացված) ֆոբիա ախտորոշմամբ: Ընթացիկ զորակոչին հետազոտվել է «Նուբարաշեն» հոգեբուժարանում, ախտորոշվել է թեթև արտահայտված օպսեսիվ-խանգարում: Մինչդեռ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ պիտանի է զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով: Հայրը խնդրում է կրկին հետազոտել որդուն, քանի որ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, կարիք ունի բժշկական հսկողության և ի վիճակի չէ ծառայել բանակում:
Հանձնաժողովի նիստում արցախյան պատերազմի մասնակից հայրը ներկայացրեց որդու հիվանդության պատմությունը: Նա արտասվելով պատմեց, որ տղան առողջական լուրջ խնդիրներ ունի:
«Մեծ տղաս բանակում ծառայել է, բայց էս էրեխեն հիվանդ է, չի կարող ծառայել: Եթե դեղը չի խմում, ագրեսիվ է դառնում, դանակները պահում եմ, որովհետև կարող է մարդ սպանի: Ընկերներ չունի, ոչ մեկի հետ չի շփվում: Ես իր տեղը կծառայեմ, ինքը չի կարող…: Թող առողջ լինի ու գնա ծառայի, ես դեմ չեմ, բայց եթե բանակում մի բան եղավ…»,- արտասվելով ասաց հայրը:
Նրա խոսքերով՝ տղան 15 տարեկանում սթրես է տարել, փորձել է իրեն պատշգամբից գցել. «Մի կերպ պահել ենք, սկսեց տան իրերը ջարդել, դրանից հետո հիվանդանոց տեղափոխեցինք: 10 օր պառկել է հոգեբուժարանում: Որտեղ ասես տարել եմ, հոգեբույժ Մարուք Եղյանը դեղեր է նշանակել, որն ամեն օր ընդունում է, իսկ եթե չի ընդունում ագրեսիվ է դառնում: Իրեն պիտի չջղայնացնես, թե չէ պատասխանատու չես նրա արարքների համար»,- նշեց Լ. Չ.-ն:
Զորակոչիկն էլ, պատասխանելով հասարակական խորհրդի հանձնաժողովի անդամների հարցերին, նշեց, որ ինքն անընդհատ վախենում է. «Վախենում եմ, որ կարող է լուրջ հիվանդություն ստանամ: Ընկերներս էլ ինձ հետ չեն շփվում, բոլորի հետ կռվել եմ»:
Հասարակական խորհրդի անդամները քննարկման ժամանակ նշեցին, որ չպետք է անտեսել այն հանգամանքը, որ տղան կանոնավոր դեղորայք է ընդունում և որևէ կասկած չկա, որ զինակոչիկը լուրջ խնդիրներ ունի: Այսպիսով, հասարակական խորդուրդը որոշեց միջնորդել ՀՀ զինկոմին՝ կատարելու առնվազն մեկշաբաթյա հոգեբուժական հետազոտություն՝ հոգեմետ դեղորայքի հանման ֆոնի վրա:
Խորհրդի անդամ, հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասաց, որ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ զորակոչիկին 15 տարեկանում տեղափոխել են «Նորք» հոգեբուժական կենտրոն. «Հենց այնպես 15 տարեկանում մեծերի հիվանդանոց չեն տանում: Դա նշանակում է, որ այնքան ծանր վիճակ է եղել նրա մոտ, որ տեղափոխել են մեծերի բաժանմունք: Այդ հանգամանքը չպետք է անտեսել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան