Հայաստան և Ռուսաստան. Ինչպես չկորցնել շփման կետերը. Սերգեյ Մարկեդոնով

Այսօր հայ-ռուսական հարաբերություններն առավել հաճախ են հայտնվում քաղաքական գործիչների, փորձագետների ու լրագրողների ուշադրության կենտրոնում։ Այդ հետաքրքրության պատճառներն ավելի քան ակնհայտ են։

Երկար տարիներ Հայաստանն ուներ Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման կողմնակցի համբավ ոչ միայն՝ Անդրկովկասում, այլև՝ ողջ հետխորհրդային տարածքում։ Սակայն վերջին ժամանակներս Մոսկվայում բարձր պաշտոնական մակարդակում հնչում են հայտարարություններ, որոնցում «անհանգստություն» է արտահայտվում՝ դաշնակից երկրում առկա ներքաղաքական իրավիճակի հետ կապված։ Իր հերթին՝ Երևանը Նիկոլ Փաշինյանի շուրթերով ռուս գործընկերներին կոչ է անում հասկանալ ներհայաստանյան նոր իրավիճակն ու «հարմարվել» դրան։

Այս ամենը տեղի է ունենում բազմաթիվ հրապարակումների ֆոնին, որոնցում հղում անելով տարբեր գերատեսչություններին մոտ գտնվող անանուն աղբյուրներին՝ երկկողմ հարաբերությունների հնարավոր վատացման տարատեսակ վարկածներ են շրջանառվում, լինի դա Հայաստան զինամթերք մատակարարելու պլանների, թե հայ գործընկերների հետ միասին անդրկովկասյան հանրապետության արտաքին սահմանները հսկող ռուս սահմանապահների կարգավիճակի միակողմանի վերանայում։

Քիչ չեն դեպքերը, երբ այդ ենթադրությունները հերքվում են։ Այսպես, Հայաստանի պաշտպանության նախարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է հանրապետության տարածքում ռուսական սահմանապահ ծառայության ներկայությունը կարգավորող պայմանագրի վերանայման լուրերը։

Երևան կատարած իր այցի ընթացքում ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը «ոչ կոռեկտ» է անվանել ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում իբր թե առկա խնդիրների մասին հայտարարությունները։ Սրան ավելացնենք բազմաթիվ ֆեյքերի ու ասեկոսեների տարածումը նոր իշխանությունների կողմից՝ իբրև թե Հաղթանակի օրվա՝ որպես պաշտոնական տոնի չեղարկման վերաբերյալ։

Կարելի՞ է արդյոք խոսել 2 ռազմավարական դաշնակիցների հարաբերությունների մեջ գոյություն ունեցող սառնության մասին։ Եվ եթե այո, ապա որո՞նք են դրա պատճառները և հնարավոր հետևանքները Անդրկովկասում անվտանգության ու եվրասիական ինտեգրացիայի գործընթացների համար։

100 օր. Առանց վեկտորի փոփոխության։

Օգոստոսի 17-ին լրանում է 100 օրը, ինչ Կառավարության ղեկավար է դարձել Նիկոլ Փաշինյանը՝ նախկինում ընդդիմադիր քաղաքական գործիչ ու բողոքի զանգվածային ցույցերի առաջնորդ։ Նրա կաբինետը ժամանակավոր է ու այս կազմով կաշխատի մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այսօր խոսել նոր թիմի քաղաքական ծրագրի ամբողջականության մասին հնարավոր չէ։ Այն իր մեջ ներառում է՝ ինչպես Նիկոլ փաշինյանի կողմնակիցների քաղաքացիական ակտիվիստներին, այնպես էլ՝ նախորդ իշխանություններից մնացած հին բյուրոկրատներին, ապաքաղաքական մասնագետներին։

Կառավարությունն ավելի շատ կենտրոնացած է խորհրդանշական պահերի՝ նախորդ իշխանությունների մերկացման ու նրա ներկայաացուցիչներին խաղից դուրս թողնելու վրա։ Սակայն ողջ այդ ժամանակահատվածում ոչ Ն. Փաշինյանը, ոչ նրա նախարարները չեն արել մի բան, որը կմեկնաբանվեր՝ որպես եվրասիական ինտեգրացիայից հրաժարում կամ ռուս-հայկական միության բազային հիմքերի վերանայում։

Երկկողմ օրակարգի կետերից և ոչ մեկը, լինի դա Ռուսաստանի ռազմական և տնտեսական ներկայությունը Հայաստանում կամ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում անդամությունը, կասկածի տակ չի դրվել։ Եվ դա, չնայած այն բանին, որ Ն. Փաշինյանի կողմից ղեկավարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախկինում քննադատում էր հանրապետության միակողմանի կախվածությունը Մոսկվայից ու նրա՝ ԵԱՏՄ-ին անդամակցության տեղին լինելը։

Անգամ Բրյուսել կատարած իր այցի ընթացքում Euronews-ին տված իր հարցազրույցում Փաշինյանը շեշտել է, որ իր երկիրը նոր իշխանությունների պարագայում «կմնա Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը»։ Կայացել են Հայաստանի վարչապետի այցերը Սոչի, Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաև նրա անձնական հանդիպումները Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի մայրաքաղաքում են եղել նաև նախարարներ ու Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։ Այսպիսով, տեղի է ունեցել ռուսական ղեկավարության ու նոր հայկական իշխանությունների գործնական շփումների առօրեականացում։

Ոչ մի քննադատության չի դիմանում Հայաստանի համեմատությունը Վրաստանի, Ուկրաինայի կամ Մոլդովայի հետ։ Այս բոլոր երկրները, մինչև նրանց մոտ հասած «գունավոր հեղափոխությունները», Ռուսաստանի դաշնակիցները չեն եղել։ Նրանք չեն մտել եվրասիական ինտեգրացիոն միավորումների մեջ։ Ընդհակառակը, նրանք բոլորը ՎՈՒԱՄ միավորման ստեղծողներն են, մի կառույց, որն իր ստեղծման առաջին իսկ օրից դիտարկվել է՝ որպես ԱՊՀ և Ռուսաստանի առաջնորդությամբ ինտեգրացիոն նախագծերի հակակշիռ։

Կիևի ու Թբիլիսիի Եվրոատլանտյան ձգտումները նույնպես նախանշվել էին մինչև 2 «մայդանների» ու «վարդերի հեղափոխության» իրականացումը, իսկ Դմիտրի Կոզակի Մերձդնեստրյան կարգավորման պլանը տապալվեց ոչ թե պրոեվրոպական կոալիցիայի, այլ Մոլդովայի կոմունիստական կուսակցության կողմից՝ Վլադիմիր Վորոնինի ղեկավարությամբ։

Այսպիսով, հեղափոխական ցնցումները վերոնշյալ երկրներում արևմտամետ վեկտոր չբացեցին, այլ լոկ ուժեղացրին այն։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը», ապա չպետք է մոռանալ, որ Մոսկվան երբեք չի միջամտել իր դաշնակցի ներքին գործերին։ Եվ, ինչպես հետևում է Սերգեյ Լավրովի՝ վերջերս հնչեցրած հայտարարությունից, ռուսական ղեկավարությունը «մեծ հաճույքով նշել է, որ արդյունքում՝ ճգնաժամի լուծումը գտնվել է բոլոր առաջատար կուսակցությունների մասնակցությամբ փոխզիջման հիման վրա»։

Ներքաղաքական շահագրգռությունների ու արտաքին քաղաքական մարտահրավերների միջև։

Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց հայկական «թավշյա հեղափոխության» ամենագլխավոր ձեռքբերումը եղել են առկա հակասությունների լուծման ոչ հեղափոխական մեթոդները։ Դա և Սերժ Սարգսյանի ժամանակներում, և նրա նախաձեռնության շնորհիվ ընդունված Սահմանադրության պահպանումն է, և Նիկոլ Փաշինյանի թեկնածության՝ Խորհրդարանում հաստատումը՝ ներառյալ նախկին իշխող Հանրապետական կուսակցության ձայները, և նոր կաբինետի կազմում փորձառու կառավարիչների ներգրավումը։

Սակայն այս բոլոր ձեռքբերումներից ստացված էֆեկտն էականորեն լղոզվեց նրանով, որ դեպի ազգային համաձայնություն կողմնորոշված ինքլյուզիվ մոդելի ստեղծման ընտրված ճանապարհը փոխվեց նախորդ դարաշրջանի հետ «հաշվեհարդարի» քաղաքականության։

Թվում է, թե ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը, եթե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին քրեական պատասխանատվության կանչելը թելադրված չեն «ՆԱՏՕ-ի դռները ծեծելու» կամ եվրասիական ինտեգրացիոն նախագծերում մասնակցությունից հրաժարվելու ձգտմամբ։

Ի դեպ, Հայաստանի մասնակցությունը ռազմական վարժանքներին կամ Հյուսիսատլանտյան դաշինքի այլ միջոցառումներին բոլորովին էլ 2018թ. չի սկսվել։ Արդեն 15 տարի հայ զինվորականները, չնայած ոչ Վրաստանի մասնակցության մասշտաբով, ներգրավված են եղել Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի իրականացրած գործողությունների մեջ։ Բայց ՆԱՏՕ-ն, ինչպես և Եվրամիությունը, եղել և Երևանի համար մնում են՝ որպես լրացուցիչ, այլ ոչ՝ հիմնական գործընկերներ։ Նրանցից ոչ ոք չի փոխարինի Ռուսաստանին՝ որպես երկրի անվտանգության բացառիկ երաշխավորի ու արցախյան կարգավորման գործընթացում մոդերատորի։

Այնուամենայնիվ, Մոսկվային չափազանց անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանում առանձին քաղաքական գործիչների հետապնդումներից հետո (իսկ այն ընտրովի է երևում, քանի որ 2008թ. մարտի 1-ի ողբերգության համար Ռ.Քոչարյանն ավելի քիչ չէ պատասխանատու, քան նրա հակառակորդները) Հայաստանում ամրապնդվում է ներքին հակամարտության վրա դրված խաղադրույքը։ Դա հղի է և սեփականության վերաբաշխմամբ, և ներքին բևեռացմամբ, և երկրի թուլացմամբ։

Ոչ ոք երաշխիք չի տա, որ նոր կաբինետը, կորցնելով իր հանրաճանաչությունը, չի բախվի այնպիսի մարտահրավերների հետ, որոնք հար և նման կլինեն 2008թ. մարտին Հայաստանի նախկին նախագահի ունեցածին։ Որքան էլ պաթետիկ հնչի, բայց և Քոչարյանը, և Խաչատուրովը շատ տարիներ եղել են Ռուսաստանի գործընկերները։ Նրանց հետ լուծել են կովկասյան աշխարհաքաղաքականության մեջ ոչ մեկ բարդ իրավիճակ։ Եվ դրա համար էլ Մոսկվայի կողմից նրանց ճակատագրի նկատմամբ հետաքրքությունն առավել քան ակնհայտ է։ Մի՞թե ԱՄՆ-ը կամ  Եվրամիության երկրներն իրենց գործընկերների նկատմամբ սկզբունքորեն այլ մոտեցում են ցուցաբերում, անգամ, եթե նրանց ներքաղաքական վարկը հարցեր է հարուցում։

Այսպիսով, առկա է ներքաղաքական օրակարգի ավելորդ դրամատիզացում՝ ի վնաս անվտանգության, երկկողմանի կապերի ու ինտեգրացիայի հարցերի։

Նոր կաբինետի համար Յու. Խաչատուրովը նախկին իշխանության ու նրա կատարած սխալների խորհրդանիշն է, սակայն Մոսկվայի ու Հայաստանի գործընկերների համար նա նախ և առաջ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է, մի ինտեգրացիոն կառույցի, որը ոչ առանց որոշակի բարդությունների է կայանում։ Եվ առաջինն առանց երկրորդի հնարավոր չէ, այն դեպքում, երբ նոր հայկական իշխանության համար երկրորդը դիտարկվում է՝ որպես պակաս նշանակության սյուժե։

Հարցը ոչ թե իբրև թե Ն.Փաշինյանի թիմի արևմտամետ կողմնորոշման մեջ է կամ իբրև թե նրա ռուսատյացության, այլ ընկալման ասիմետրիայի մեջ։

Իշխանության գալով միտինգների ալիքի վրա՝ նոր կաբինետը դեռևս պատշաճ կերպով չի յուրացրել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը։ Շատ դեպքերում այն քաղաքականությունը դիտարկում է՝ որպես քաղաքացիական բողոքի շարունակություն այլ միջոցներով։ Բայց ինչպես արդարացիորեն նկատում է ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ «ամենուր աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում» այդպիսի անուշադրությունը հավասար է «կրակի հետ խաղալուն»։

Միևնույն ժամանակ չի կարելի չնկատել, որ Մոսկվայի ու Երևանի միջև եղած որոշակի տարընթերցումները գոյություն են ունեցել նաև նախկինում, լինի դա Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև եղած ռազմատեխնիկական համագործակցությունը, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները, թե Հայաստանի հարաբերությունները Վրաստանի, ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ։ Միևնույն ժամանակ դաշնակիցները մշակել են այդ հակասությունների հաղթահարման փորձը, ինչի օրինակը դարձավ 2017թ. Հայաստանի կողմից Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ ոչ ի վնաս նրա՝ ԵԱՏՄ-ին մասնակցության։ Եվ այսօր էլ միմյանց հասկանալու բարդությունները ճակատագրական չեն։

Այսօր ռուսական վեկտորը, հատկապես՝ անվտանգության ոլորտում, Հայաստանի համար փաստորեն այլընտրանք չունի, բայց և Ռուսաստանի համար Վրաստանի հետ ունեցած հակամարտության և տրանսպորտային-էներգետիկ նախագծերի մեջ Ադրբեջանի մրցակցային ներգրավվածության պայմաններում Երևանի հետ միությունը ծայրահեղ կարևոր է։

Եվ այդ պատճառով էլ պետք է խնամքով վերաբերվել նրան, ինչ կողմերն ունեն այսօրվա դրությամբ։ Տեսականորեն հեշտ է ներքաղաքական կոնյունկտուրան, հասարակական կարծիքի գործոնն ազգային խորքային հետաքրքրություններից անջատելը։ Գործնականում դա շատ ավելի բարդ է։ Բայց այլ ճանապարհ, վախենամ թե, ոչ ոք չի առաջարկի։ Անհրաժեշտ է փնտրել ու հասնել փոխզիջումային որոշումների, որոնք Անդրկովկասում լրացուցիչ սպառնալիքներ և ընդհանրապես եվրասիական ինտեգրացիայի համար վտանգավոր նախադեպեր չէին ստեղծի։

Սերգեյ Մարկեդոնով
www.eurasia.expert

Տեսանյութեր

Լրահոս