Վաչագան Ղազարյանի կինն առերեսման ժամանակ ասել է, որ չի ճանաչում իր հաշվապահին. պաշտպանը կդիմի դատարան

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի կողմից «Յանս» ակումբի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքով հարուցված քրգործը Դատախազությունը կարճել է հանցակազմի բացակայության հիմքով:

ՀԺ-ի հետ զրույցում Սուսաննա Արիստակեսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանն ասաց, որ Դատախազությունը իրավաչափ է համարել Ղազարյանի եւ նրա կնոջ գործողությունները՝ այն հիմնավորմամբ, որ ունենալով տուժողի կարգավիճակ՝ նրանք իրավունք ունեին Արիստակեսյանից պահանջելու եւ ստանալու այնքան գումար, որքան, ըստ իրենց, հասցված վնասն է:

Հիշեցնենք՝ «Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը 2017 թ. հաղորդում էր ներկայացրել ակումբի գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի դեմ՝ պնդելով, թե վերջինս ակումբից հափշտակել է 25 միլիոն դրամ: Դեպքի առթիվ հարուցված քրգործով Արիստակեսյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասով`առանձնապես խոշոր չափի յուրացման համար: Մեկ տարի անց՝ 2018 թ. հեղափոխությունից հետո, հաղորդում էր ներկայացրել նաեւ Արիստակեսյանը՝ հայտարարելով, որ նույն Սերգեյ Կարապետյանը, Վաչագան Ղազարյանն ու նրա կինը իրենից գումար են շորթել: Ընդ որում, Արիստակեսյանը նշել էր, որ իրենից պահանջել են այդ ենթադրյալ վնասից շատ ավելին՝ 40 միլիոն դրամ, ինչը ինքը վճարել է՝ սպառնալիքների ներքո:  Նույն ժամանակահատվածում Վաչագան Ղազարյանի անունը շոշափվել էր մեկ այլ դեպքով եւս.  նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով` հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ տվյալը թաքցնելու, ինչպես նաեւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման համար: Հետագայում այս երեք գործերը միացվել էին մեկ վարույթում:

Մեր զրույցում Սուսաննա Արիստակեսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը պատմեց՝ քանի որ քրեական գործերը ընդհանուր են քննվել, դժվար է առանձնացնել, թե կոնկրետ շորթման դրվագով ինչ գործողություններ են իրականացվել, բայց նշեց, որ տեղի են ունեցել մի շարք հարցաքննություններ, այդ թվում՝ առերեսումներ. «Իմ պաշտպանյալի եւ Ռուզաննա Բեգլարյանի միջեւ առերես հարցաքննություն եղել է մի շարք քննչական մարմիններում, զավեշտը այն է, որ Բեգլարյանը, հարցաքննության ժամանակ ուղիղ նայելով տիկին Արիստակեսյանի դեմքին, ասել է, որ նրան չի ճանաչում եւ որեւէ կերպ չի առնչվել նրա հետ, մինչդեռ նրանք ամեն օր միասին աշխատել են: Դրանից հետո ցուցմունքներից մեկում Ռուզաննա Բեգլարյանը հայտնել է, որ ինքը այդպես է ասել, որ հարկերից խուսափելու գործով պատասխանատվությունը ընկնի հաշվապահի վրա, որին ինքը, իհարկե, ճանաչում է»: Փաստաբանի խոսքով՝ բուն առերեսումը եղել է սպառնալիքների շուրջ. «Սուսաննա Արիստակեսյանը պնդել է՝ Ռուզաննա Բեգլարյանն իրեն ուղիղ սպառնացել է, ասել է՝ կամ պետք է այդ գումարը վճարի, կամ ինքնասպան լինի, ասել է՝  նա չգիտի, թե ում հետ գործ ունի»:

Սուսաննա Արիստակեսյանի եւ Վաչագան Ղազարյանի միջեւ առերես հարցաքննություն եղել է, թե ոչ, պաշտպանը չկարողացավ հստակ հիշել, քանի որ գործը քննվում է արդեն երեք տարի, եւ ի սկզբանե, գործում ներգրավված է եղել նաեւ այլ փաստաբան: Թամարա Բաղդասարյանը միայն նշեց, որ համենայն դեպս, իր մասնակցությամբ նրանք չեն առերեսվել. «Շորթման դրվագով Վաչագան Ղազարյանն ու նրա կինը որեւէ կարգավիճակ չեն ունեցել, բնականաբար, հարցաքննվել են, բայց քանի որ գործը այժմ նախաքննության փուլում է, ես իրենց ցուցմունքներին ծանոթ չեմ: Ամեն դեպքում, Սուսաննա Արիստակեսյանի շորթման վերաբերյալ հաղորդման հիման վրա սկսել են քննել ինքնիրավչության հանցակազմը եւ գտել, որ առհասարակ որեւէ հանցակազմ առկա չէ այդ անձանց գործողություններում»:

Բաղդասարյանը, սակայն, հիշեցրեց՝ իր պաշտպանյալից նախ պահանջել են 6, հետո՝ 34 միլիոն դրամ, ինչը ինքը վճարել է՝ վտանգ զգալով. «Ինչպես ասում են, ախորժակը ուտելիս է բացվում, տիկին Արիստակեսյանն էլ սպառնալիքների, վախի ներքո է վճարել, ժամանակի հրամայականով պայմանավորված՝ բնականաբար, ունեցել է ողջամիտ վախեր, որ չվճարելու դեպքում իր կամ իր ընտանիքի անդամներին կվնասեն»: Բաղդասարյանի խոսքով՝ այդ պայմաններում նույնիսկ անտուն է մնացել, հարազատների հետ միասին իրենց տունը, սեփականությունն են վաճառել, որ կարողանան այդ գումարը հավաքել: Բաղդասարյանը նշեց, որ իրենց հաջորդ քայլը լինելու է կարճման որոշումը  բողոքարկելը:

Ինչ վերաբերում է Սուսաննա Արիստակեսյանին առաջադրված յուրացման մեղադրանքի դրվագին, Թամարա Բաղդասարյանը նշեց, որ սպասում են դատահաշվապահական-տնտեսագիտական երրորդ համալիր փորձաքննությանը. «Սա նույն հարցերի շուրջ արդեն երրորդ փորձաքննությունն է, նախորդ փորձաքննությամբ հնարավոր չէր եղել հիմնավորել Սուսաննա Արիստակեսյանի կամ որեւէ անձի կողմից հափշտակություն կատարելը, ուստի նախաքննական մարմինը գտել էր, որ լրացուցիչ հարցեր ունի եւ կրկնակի փորձաքննություն էր նշանակել: Այդ ընթացքում Սուսաննա Արիստակեսյանն էր անգամ հայտարարել, որ ներկայացված կրիչները, տեղեկություն պարունակող լազերային սկավառակները թերի էին, կային ամիսներ, որ ջնջված էին, հանված ծրագրից, ինչում հետագայում վարույթն իրականացնող մարմինն էլ համոզվեց եւ հանձնարարեց  նոր փորձաքննությամբ ամբողջականը կատարել»: Պաշտպանի խոսքով՝ ակնկալում են, որ փորձաքննության եզրակացությամբ Արիստակեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվի:

Մեր զրույցում «Յանս» ակումբի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը վերահաստատեց՝ Վաչագան Ղազարյանը, Ռուզաննա Բեգլարյանը եւ Սերգեյ Կարապետյանը իրենից 40 միլիոն դրամ գումար են շորթել. «Դրա վերաբերյալ անգամ կա ստացական, որը հայտնաբերվեց Վաչագան Ղազարյանի տան խուզարկության ժամանակ՝ վերջինիս սեյֆում, այդ ստացականում նշված է, որ իրենք ինձնից ստացել են այդ 40 միլիոն դրամը, որով իրենց ասած վնասը հատուցվել է, եւ իրենք բողոք էլ չունեն,  բայց գործը կարճվեց Գլխավոր դատախազի միջնորդությամբ, քանի որ նա համարվում է Սերժի Վաչոյի մոտ ընկերը, եւ բացի այդ, նրա ձեռքը ամեն տեղ հասնում է, բնականաբար, չէր կարող չկարճվել»: Արիստակեսյանը, սակայն, պնդեց՝ առկա են բոլոր հիմքերը շորթումը ապացուցելու համար. «Կան փաստաթղթեր, ձայնագրություններ, կա նաեւ 3-4 կոշտ դիսկ, որոնցում պարզ երեւում է իմ անմեղությունը, դրանք «Յանս»-ի համակարգչի դիսկերն են, որ, չգիտես ինչու, հայտնաբերվեցին Ղազարյանի բնակարանից, առգրավվեցին եւ այս պահին գտնվում են փորձագետի մոտ. «Դրանք այն 4 համակարգիչների դիսկերն են, որոնց վրա աշխատել ենք մենք, նախօրոք հանել, պահել էին, որ կարողանային մինչեւ վերջ առաջ տանել իրենց եւ շորթումը, եւ կեղծիքները»: Արիստակեսյանի համոզմամբ՝ կեղծված են նաեւ իրեն առաջադրված մեղադրանքի բոլոր հիմքերը. «Մինչ այս պահը վնասը ապացուցող որեւէ բան չի հայտնաբերվել, իսկ քննիչը պնդում է, թե ինքնիրավչություն է կատարվել, եւ իրենք կարող էին գումար վերցնել, բայց եթե չկա դատարանի որոշում, չկա հաստատված վնաս, իրենք ի՞նչ հիմքով են գումարը վերցրել»: Նրա խոսքով՝ այդ գումարը տվել է ոչ թե որպես վնաս, այլ որպես փրկագին, դրա մասին ցուցմունք է տվել նաեւ իր ամուսինը. «Ռուզաննա Բեգլարյանն ինձ դրդել է ինքնասպանության, ինձնից պահանջել է 40 միլիոն դրամ՝ բառացի ասելով՝ հակառակ դեպքում քեզ կսարքեմ բոմժ, կգցեմ Ռուսաստանի քուչեքը, այնպես կանեմ, որ դու էլ, ամուսինդ էլ դատապարտվեք, իսկ Վաչիկն ավելի «լավ» բան է ասել, ասել է՝ եւ պետք է դատվեմ, եւ տամ 40 միլիոն դրամ»: Սուսաննա Արիստակեսյանը նշեց, որ այդ գումարը հավաքել, տվել են, արդյունքում՝ կուտակել բավականին մեծ պարտքեր, իսկ այս ընթացքում որեւէ կերպ նրանց հետ չի առնչվել: 

Հարցին, թե այս պարագայում ինչ ակնկալիքներ ունի դատարանից, Արիստակեսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե դատարանում ոնց կլինի, դատավորից է կախված, ամեն դեպքում, ես մի դատավորի հետ եմ գործ ունեցել, դա եղել է Դավիթ Գրիգորյանը (նկատի ունի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, որը հատկապես հայտնի դարձավ՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելով), որը նույնպես կատարել է պատվեր՝ ինձ անհիմն կալանավորելով, որ ճնշում գործադրեն, որ ես վաճառեմ իմ ողջ ունեցվածքը եւ փրկագին վճարեմ: Եվ դատավորը, եւ քննիչը, եւ Ջոն Ֆարխոյանը (ՔԿ Երեւանի քննչական վարչության այդ ժամանակվա պետը) նպաստել են, որ ես ունեզրկվեմ»:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեր հարցին ի պատասխան պարզաբանեց, որ կարճված քրեական գործը ի սկզբանե հարուցվել և քննվել է ոչ թե շորթման հատկանիշներով, ինչպես ներկայացվում է, այլ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված ինքնիրավչության՝ այսինքն ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. «2020թ. հունվարի 22-ին վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով քննությամբ ձեռք բերված ապացույցների բավարարությունը՝ որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով Վ. Ղազարյանի, Ռ. Բեգլարյանի, Մ. Ղազարյանի և Ս. Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, ինչի դեմ տուժողը և նրա ներկայացուցիչը ՀՀ դատախազություն բողոք են ներկայացրել: Բողոքի քննարկման արդյունքում դատախազը հանգել է այն հետևության, որ քննիչի որոշումն օրինական է և հիմնավոր, ինչով պայմանավորված՝ կայացրել է բողոքը մերժելու մասին որոշում, որի կապակցությամբ, սակայն, սկսվել են էժան և մանիպուլյատիվ շահարկումներ»:

Աբրահամյանի խոսքով՝ քննությամբ ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որ Վ. Ղազարյանը, նրա կինը՝ Ռ. Բեգլարյանը, կատարել են ինքնիրավչության հանցակազմին բնորոշ արարքներ. «Ինքնին այն փաստը, որ ենթադրյալ պարտատերը կամ տուժողը, իրեն պատճառված վնասը վերականգնելու պահանջ է ներկայացնում ենթադրյալ պարտապանին կամ հանցավորին՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում վերջինս կենթարկվի քրեական պատասխանատվության, չի կարող մեկնաբանվել որպես նրանց արարքում նշված հանցակազմի առկայության փաստ, առավել ևս, երբ  2017թ. հունիսին նրանց կողմից հաղորդում է ներկայացվել Ոստիկանություն առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարվելու վերաբերյալ, այսինքն ձեռնարկվել են խնդիրն իրավական ճանապարհով լուծելուն ուղղված քայլեր, իսկ գումարի ստացումը հետագայում արձանագրվել է ստացականի միջոցով: Միաժամանակ պարզաբանվել է, որ 40 միլիոն դրամ վճարելու իրավաչափությունը կարող է վիճարկվել ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության ընթացակարգերի շրջանակներում»:

Աբրահամյանը շեշտեց նաեւ՝ գործի նյութերից հետևում է, որ ամբողջությամբ հիմնազուրկ են Վ. Ղազարյանի, Ռ. Բեգլարյանի և մյուսների կողմից Ս. Արիստակեսյանի, վերջինիս ամուսնու հասցեին սպառնալիքներ հնչեցվելու մասին պնդումները, քանի որ իրականացված քննչական, դատավարական այլ և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նման փաստական տվյալներ ձեռք չեն բերվել. «Այս մասով Ռ. Բեգլարյանի, Վ. Ղազարյանի և մյուսների դիտավորությունն ու մեղավորությունը հավաստող որևէ օբյեկտիվ ապացույց չի վկայակոչվել, իսկ գործի ելքով շահագրգիռ անձանց՝ տուժողի և նրա ամուսնու՝ միմյանց էականորեն հակասող ցուցմունքները վարույթն իրականացնող մարմնի կողմից գնահատվել են գործով ձեռքբերված այլ ապացույցների հետ համակցության մեջ»: Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե առկա են սպառնալիքները հնչեցնելու մասին վկայող ձայնագրություններ, Գլխավոր դատախազի խորհրդականը տեղեկացրեց՝ ներկայացված ձայնագրությունները ենթարկվել են զննության, դրանց կապակցությամբ հարցաքննվել են անձինք, սակայն արդյունքում պարզվել է, որ դրանցում ուղղակի որևէ սպառնալիք առկա չէ. «Այսինքն ակնհայտ է, որ ապացույցների բավարար համակցություն ձեռք չբերվելու դեպքում չի կարող հաղթահարված համարվել անձի անմեղության կանխավարկածը, ինչով և պայմանավորված է եղել դատախազի դիրքորոշումը՝ բողոքը մերժելու որոշում կայացնելիս: Եբ բացի այդ, Սուսաննա Արիստակեսյանին Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ընդունել են Գլխավոր դատախազությունում, լսել մոտեցումները, տվել պարզաբանումներ, եւ այս իմաստով Գլխավոր դատախազին ուղղված մեղադրանքները բացարձակ անհիմն են ու մերկապարանոց»,- մեր զրույցում ասաց Գոռ Աբրահամյանը:

Տպել
5060 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին