Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ը դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից (տեսանյութ)

Քաղաքականություն
02ED9E75-8BE3-4719-BB42-CCBF357606F8_w1023_r1_s

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին, հանդես գալով հատուկ ուղերձով, հայտարարեց Իրանի հետ միջուկային հարցերով կնքված միջազգային գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելու իր որոշման մասին: Նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ու նաեւ նրա ջանքերով ստորագրված գործարքից ԱՄՆ-ը դուրդ բերելու պատճառով պայմանագիրը հայտնվում է երերուն իրավիճակում, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի դաշնակից պետությունները շարունակում են աջակցել գործարքը: Գործարքից դուրս գալով` Միացյալ Նահանգները պատրաստվում է վերահաստատել այն պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ կիրառել էր մինչեւ գործարքը ստորագրելը: Նաեւ այս մասին հայտարարելով, Թրամփն ասաց, թե ինքն ուզում է "վերանորոգել աշխարհն այնպես, որ Իրանը զրկվի միջուկային զենք կրելու բոլոր հնարավորություններից": Իրանի իշխանություններին ‘’ահաբեկչության հովանավորներ’’ անվանելով` Թրամփը հավելեց, թե ‘’այս երկիրը վտանգավոր հրթիռներ է առաքում Մերձավոր Արեւելք ու հակամարտություն տարածում այստեղ, աջակցում Հեզբուլլահի, Համասի, Թալիբանի եւ ալ Քաիդայի զինյալներին’’: Թրամփի որոշումը, որը երկար ժամանակ էր քննարկվում եվրոպական դաշնակիցների հետ, այժմ ավելի կխորացնի հակասությունները: Եվրոպական երկրները խոստացել են հարգել գործարքը, ինչի արդյունքում կարող են առաջ գալ դիվանագիտական եւ տնտեսական հակասություններ: Իրանի հետ կնքված գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելու հանգամանքը նաեւ կարող է սրել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ, որոնք նույնպես այս գործարքը ստորագրած կողմեր են: Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելու Թրամփի որոշումը նրա նախընտրական արշավի ժամանակ տրված խոստումներից մեկն էր, եւ այս քայլին նախագահ Թրամփը գնում է չնայած իր հետ վերջին ժամանակներին եվրոպական առաջնորդների կողմից սկսված լոբիինգի աշխատանքներին: Հիշենցնենք, որ գործարքից ԱՄՆ-ը դուրս չբերելու հորդորներով են Թրամփին անցյալ տարի դիմել նրա անմիջական օգնականները: Սակայն այսօր, երբ Թրամփին այս հարցում աջակցում են պետքարտուղար Մայք Փոմփեոն եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, նրա նկատմամբ ներքին դիմադրությունն այս անգամ կլինի շատ ավելի թույլ: Հիշեցնենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տասն անգամ հաստատել է, որ Իրանը հավատարիմ է մնում գործարքով ստանձնած պարտավորությունների կատարմանը: Սակայն Թրամփը պնդում է, որ այդ գործարքը թերի է, քանի որ, ասում է նա, այն չի տարածվում Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումների, ինչպես նաեւ Սիրիայում, Եմենում ու Մերձավոր Արեւելքի այլ հատվածներում Իրանի ռազմական առաջխաղացումների վրա: Իրանը սպառնացել է, որ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում իրենք նույնպես կլքեն այն: Սակայն նախագահ Հասան Ռուհանին ավելի ուշ հանդես է եկել ավելի զուսպ հայտարարությամբ, ասելով, թե ‘’Թեհրանը կշարունակի իր համագործակցությունն աշխարհի հետ’’: Պայմանագիրը ստորագրած Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարությամբ ափսոսանք են հայտնել Թրամփի կայացրած որոշման կապակցությամբ: Իսրայելը ողջունել է Թրամփի ‘’խիզախ’’ քայլը: