Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ում քիչ անց կքվեարկվի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ Թրամփի որոշումը մերժող նախագիծը


ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ
ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ

Մի քանի ժամից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության կդրվի բանաձևի նախագիծը, որով առաջարկվում է մերժել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Նախաձեռնությունը, որը ներկայացրել է Եգիպտոսը, ամենայն հավանականությամբ կարգելափակվի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Միացյալ Նահանգների կողմից:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե Անվտանգության խորհրդում հարցը տապալվելու դեպքում մահմեդական երկրները մտադիր են այն մտցնել նաև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգ: Մինչ այդ Էրդողանը հայտարարել էր Պաղեստինում Թուրքիայի դեսպանատուն բացելու մտադրության մասին, որը պետք է տեղակայվի Արևելյան Երուսաղեմում:

«Մոտ է այն օրը, երբ մենք պաշտոնապես կբացենք մեր դեսպանատունը»,- կիրակի օրն ասել է Թուրքիայի նախագահը՝ իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Թուրքիայի նախագահը, սակայն, դեսպանատուն բացելու հստակ ժամկետներ չի նշել, շեշտել է միայն, որ այդ ծրագիրը Մերձավոր Արևելքում աննախադեպ լարվածության պատճառ դարձած՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց որոշման պատասխանն է:

Մահմեդական, առավելապես արաբական երկրներում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ Սպիտակ տան հայտարարության դեմ բողոքի ցույցերը չեն մարում: Իրավիճակը սրվել է հատկապես իսրայելա-պաղեստինյան սահմանին, որտեղ գործի է դրվել ծանր զինտեխնիկա: Անցած գիշեր իսրայելական օդուժը հարվածների շարք է հասցրել պաղեստինյան «Համաս» շարժման վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի օբյեկտներին:

Իսրայելի պաշտոնական աղբյուրները նշում են, որ օդային հարվածները «Համասի» զինյալների կողմից հրեական տարածքների հրթիռակոծման պատասխանն են: Կողմերը, սակայն, զոհերի և վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդում:

Երուսաղեմի կարգավիճակը իսրայելա-պաղեստինյան հակամարտության թերևս ամենասուր հարցերից մեկն է, որի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն տասնամյակներ: Իսրայելը քաղաքի արևելյան և արևմտյան հատվածները համարում է իր «միասնական և անքակտելի մայրաքաղաք»: Միջազգային հանրությունը, սակայն, հրաժարվում է ճանաչել այն` Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչությունները տեղակայելով Թել Ավիվում:

Պաղեստինցի արաբներն իրենց հերթին համարում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա անկախ Պաղեստինի մայրաքաղաքը: Պաղեստինը և արաբական աշխարհի առաջնորդները, ինչպես նաև ԱՄՆ-ի մի քանի առանցքային դաշնակից երկրներ ավելի վաղ զգուշացրել էին, որ Թրամփի որոշումն էլ ավելի կբարդացնի Մերձավոր Արևելքում ստեղծված առանց այդ էլ բարդ կացությունը՝ հանգեցնելով բռնությունների և խոչընդոտելով խաղաղության գործընթացը:

Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ այս շաբաթ Իսրայել է մեկնելու Միացյալ Նահանգերի փոխնախագահ Մայք Փենսը: Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի «Ֆաթահ» շարժումը «զայրացած» ցույցերի կոչ է արել Փենսի՝ Երուսաղեմ կատարելիք այցին ընդառաջ, որը նախատեսված է դեկտեմբերի 20-ին:

Կիրակի օրը մի խումբ պաղեստինցիներ Բեթլեհեմում բողոքի ակցիայի ժամանակ վառել են ԱՄՆ փոխնախագահի և միջազգային բանակցություններում ԱՄՆ վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլատի լուսանկարները: Ցուցարարները նաև վանկարկում էին՝ «Բեթլեհեմն ուրախ է խաղաղության բանագնացների, այլ ոչ թե պատերազմի բանագնացների այցերի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG