Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռազմավարական համագործակցության տեսլականը հայ-վրացական օրակարգում է

Ռազմավարական համագործակցության տեսլականը հայ-վրացական օրակարգում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի սկզբին վրացական կողմի հրավերով կայացավ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան: Պաշտոնական այս այցը թվով երկրորդն էր. 2018թ. մայիսին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, Ն. Փաշինյանի առաջին օտարերկրյա պաշտոնական այցը հենց հարևան Վրաստան էր:

ՀՀ գործող կառավարությունը Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը հռչակել է արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություն և այս ուղղությամբ փորձում է հնարավորինս ակտիվ լինել: Այդ ամենի առավել տեսանելի դրսևորումներից են բարձր մակարդակի փոխայցերի ինտենսիվությունը, ֆորմալ հանդիպումներից բացի, ոչ ֆորմալ ձևաչափով շփումների նախաձեռնումը, շուրջ յոթ տարվա ընդմիջումից հետո Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, Դիլիջանում հայ-վրացական գործարարների համաժողովը և այլն։

Վրաստանի ուղղությամբ պաշտոնական Երևանի քաղաքականության մեջ նկատելի են հարաբերությունների վերաիմաստավորման փորձեր, ինչն արտահայտվեց նաև ՀՀ վարչապետի վրաստանյան այցի ժամանակ։ Այցն ինքնին հագեցած էր՝ հանդիպումներ Վրաստանի վարչապետի, նախագահի, խորհրդարանի ղեկավարի, հոգևոր առաջնորդի հետ, արարողակարգային միջոցառումներ և, իհարկե, հանդիպում հայ համայնքի հետ: Սակայն առավել ուշագրավ են Թբիլիսիում բարձր մակարդակի բանակցությունների օրակարգը և այցի արդյունքները։ Այս առումով առանձնահատուկ կարևորություն ունի ՀՀ վարչապետի կողմից հայ-վրացական հարաբերությունների զարգացման առավել երկարաժամկետ՝ ռազմավարական տեսլականի մշակման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությունը։ Հայ-վրացական հարաբերություններում որակական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին առաջին անգամ ՀՀ վարչապետը խոսել է 2019թ. հոկտեմբերին՝ Վրաստանի վարչապետ Գ. Գախարիայի երևանյան այցի ժամանակ. «Մենք խորապես շահագրգռված ենք արձանագրելու նոր արդյունքներ մեր երկրների հարաբերություններում և կառուցել ռազմավարական զարգացման տեսլական»: Թբիլիսիի այցի ընթացքում, այս առաջարկը առավել հստակ ներկայացվեց և կարծես թե վրացական կողմը ևս դեմ չէ այդ մոտեցմանը, ինչի մասին կարելի է ենթադրել Վրաստանի վարչապետ Գ. Գախարիայի խոսքից. «Մենք մշակում ենք ծրագրեր մեր ժողովուրդների միջև համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»:

Անշուշտ, երկկողմ հարաբերություններին իրական ռազմավարական բնույթ հաղորդելը կպահանջի զգալի ժամանակ և դրա համար նախևառաջ անհրաժեշտ է տարբեր ոլորտներում համագործակցության որակական աճ: Այդ անցումը կարող է տևել տարիներ, սակայն միանշանակ է, որ հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների կառուցումն այլընտրանք չունի, ավելին՝ նման համագործակցությունը, կարող է նպաստել տարածաշրջանում կայունության ապահովմանը:

Հատկանշական է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կողմերի փոխըմբռնումը և ձևավորված ջերմ հարաբերությունները հնարավորություն են տալիս արդեն այսօր ունենալ շոշափելի արդյունքներ: Այդ արդյունքների օրինակներից է Վրաստանի տարածքով իրանական բեռների տարանցման արգելքի հետ կապված խնդրի կարգավորումը: Վրաստանը փետրվարի 28-ից ժամանակավորապես արգելել էր իրանական մթերքների ներմուծումը՝ պայմանավորված Իրանում կորոնավիրուսի տարածմամբ, իսկ մարտի 2-ին սահմանափակումներ էր մտցրել նաև Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչև մեկ այլ անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների համար։ Այդ սահմանափակումների արդյունքում, սակայն, խնդիրներ էին առաջացել նաև հայ բեռնափոխադրողների համար, ովքեր Վրաստանի տարածքով իրանական ծագման մթերք (հիմնականում՝ միրգ ու բանջարեղեն) են տարանցում Ռուսաստան։ Վրաց գործընկերոջ հետ հանդիպման շրջանակներում ՀՀ վարչապետին, սակայն, հաջողվել է կարգավորել հայ բեռնափոխադրողների համար առաջացած խնդիրը, և Վրաստանը թույլատրել է իր տարածքով տարանցումը՝ պայմանով, որ ընդունող կողմը (տվյալ դեմքում՝ ՌԴ-ն) դեմ չլինի, որ մեքենաները հասնեն մինչև նշանակետերի: Արդյունքում արդեն մարտի 5-ին հայկական բեռնատարները բարեհաջող հատել են հայ-վրացական սահմանը: 

ՀՀ վարչապետի՝ վրաստանյան այցի մեկ այլ շոշափելի արդյունք էր  Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման վերաբերյալ մտադրությունների հուշագրի ստորագրումը: Մտադրությունների հուշագրի ստորագրմամբ հիմք է տրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ սկսել բանակցություններ, որոնց հաջող ավարտն էլ քաղաքացիներին հնարավորություն կտա սահմանը հատել ID քարտով: Այս փոփոխությունն իրականում ավելին է, քան ընթացակարգի դյուրացում. այն հնարավորություններ է ստեղծում մարդկային շփումների աննախադեպ ակտիվացման, տնտեսական փոխգործակցության խթանման, ինչպես նաև երկու ժողովուրդների փոխճանաչման մակարդակի բարձրացման տեսանկյունից։ Այդ ամենն, անշուշտ, կնպաստի սահմանված վերջնանպատակի կյանքի կոչմանը, այն է՝ երկկողմ հարաբերություններին հաղորդել ռազմավարական բնույթ։

Ամփոփելով կարող ենք նշել, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններում վաղուց էր հասունացել որակական փոփոխությունների անհրաժեշտությունը: 2018թ.-ից պաշտոնական Երևանի քաղաքականության մեջ նկատվող նախաձեռնողականությունն առնվազն հնարավոր դարձրեց նման տեսլականի քննարկումը, իսկ ինչ վերաբերում է այդ տեսլականի կյանքի կոչմանը, ապա դրա համար անհրաժեշտ է թե՛ ժամանակ, թե՛ երկկողմ հետևողական ջանքեր, թե՛ քաղաքական կամք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]