1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քայլեր՝ կանխելու տարեկան մի քանի հարյուր մլն խմ ջրի աննպատակ արտահոսքը Հայաստանից

Քայլեր՝ կանխելու տարեկան մի քանի հարյուր մլն խմ ջրի աննպատակ արտահոսքը 
Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի եւ թերմալ ջրերի երկրորդային օգտագործման խնդիրը դեռ մնում է պետության առաջնային լուծման օրակարգում։ Այսօր մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետր մաքուր բարձր որակի եւ գյուղատնտեսական հողերի ոռոգման համար անհրաժեշտ օրգանական նյութերով հարուստ ջուրը հոսում է ՀՀ սահմաններից դուրս։ Սա այն դեպքում, երբ Արարատյան դաշտում մշտապես զգացվում է ոռոգման ջրի պակաս, եւ պետությունն ամեն տարի դիմում է մեր երկրի ռազմավարական նշանակության ջրային ռեսուրսի հիմնական պաշարի՝ Սեւանի օգնությանը՝ օրենքով այնտեղից վերցնելով նվազագույնը 170 մլն խմ ջուր։

2008 թ. հանրապետությունում ձկնաբուծության ոլորտին առաջնայնություն տալուց հետո կարճ ժամանակահատվածում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի գերշահագործում արձանագրվեց։ 1984 թ. կատարված ստորերկրյա ջրերի միակ ուսումնասիրության արդյունքում հաստատված 34,7 խմ վայրկյան թույլատրելի ջրառն արդեն 2014-ին հասավ 78.2-ի, որը տարեկան կազմում էր մոտ 2.2 մլրդ խմ քաղցրահամ ջուր։ Դրանց միայն 1.2 մլրդ խմ-ն օգտագործվում էր ձկնաբուծական տնտեսությունների համար։ Այդ տարիներին Արարատյան դաշտում գործում էր 250 ձկնաբուծարան։ Այս ահռելի ջրաքանակը ձկնաբուծարաններում հիմնականում մեկ կամ, լավագույն դեպքում, երկու անգամ շրջանառելուց հետո Արաքսով հոսում էր երկրի սահմաններից դուրս։

Ստորերկրյա ջրերի հորիզոնները 6 տարվա ընթացքում իջան աննախադեպ ծավալներով։ Եթե 80-ականներին արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող տարածքները մոտ 33 հազար հեկտար էին, ապա 2014-ին այն կրճատվել էր երեք անգամ՝ հասնելով 11 հազար հեկտարի։ Արմավիրի եւ Արարատի մարզերի 30-ից ավելի համայնքներում ինքնաշատրվանող հորերը չորացել էին։

Բնապահպանության նախարարության ձեռնարկած միջոցների հաշվին էականորեն կրճատվեց Արարատյան արտեզյան ավազանի բարձրորակ ջրի անարդյունավետ վատնումը։ 2014-15 թթ. ոլորտի լիազոր մարմինը լուծարեց, կոնսերվացրեց կամ փականային ռեժիմի բերեց մոտ 320 խորքային հոր։ Իրականացված գործողությունների արդյունքում խնայվեց 22.2 խմ վայրկյան ջրաքանակ, դրա հիմնական մասը ձկնաբուծարաններից՝ 17.4 խմ վայրկյան, ոռոգման ոլորտից՝ մոտ 3 խմ վայրկյան, իսկ կենցաղային ոլորտից՝ 2 խմ վայրկյան։

2015 թ. կառավարության ընդունած թիվ 1111 որոշմամբ փոփոխություն մտցվեց 2015 թ. ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրաքանակների մեջ՝ 46.4 խմ վայրկյանից նվազեցնելով 26.3 խմ վայրկյան։

Արդյունքում այդ երկու տարիներին խնայվեց 41.8 խմ վայրկյան ջուր, որը տարեկան կազմում է մոտ 1.3 մլն խմ։ Ջրառը հասցվեց 36.6 խմ վայրկյանի եւ մոտեցվեց սահմանված թույլատրելիին՝ 34.6 խմ վայրկյանին։ Այդ ընթացքում Արարատյան դաշտում տարբեր պատճառներով, այդ թվում նաեւ խորքային ջրերի հորիզոնների իջնելու հետեւանքով փակվեց 80 ձկնաբուծական տնտեսություն։ Ներկայում Արարատի եւ Արմավիրի մարզերում գործում է մոտ 150 ձկնաբուծարան։

Ջրի խնայողության միջոցառումները շարունակվեցին նաեւ հաջորդող տարիներին։ Ջրօգտագործող ընկերություններին պարտադրվեց ոռոգման շրջանի ավարտից հետո խորքային հորերը բերել փականային ռեժիմի։ Նախկինում հորերի ջուրն աշնան եւ ձմռան ամիսներին շարունակում էին ցամաքուրդներով հոսել երկրի սահմաններից դուրս։ Հորերի չափաբերման աշխատանքները շարունակվում են նաեւ այսօր։

Իրականացված միջոցառումների արդյունքում էլ ներկայում ձկնաբուծարանները շարունակում են Արարատյան դաշտի խորքային ջրերից վերցնել տարեկան 600 մլն խմ ջուր, որը մեկանգամյա կամ կիսափակ շրջանառու համակարգով ձկնաբուծարաններում օգտագործելուց հետո բաց է թողնվում ցամաքուրդներ։ Ձկնաբուծարաններից հոսող ջրերի երկրորդային օգտագործման ուղղությամբ իրականացվել են տարբեր միջոցառումներ։ Այստեղ խնդիրն այն է, որ ձկնաբուծարաններից հոսող ջրերի հորիզոնները ցածր են Արարատյան դաշտի ոռոգվող հողատարածքների հիմնական մասից, եւ դրանք օգտագործելու համար անհրաժեշտություն կա պոմպերով մղել ավելի բարձրադիր ոռոգման համակարգեր, ինչը բարձրացնում է ջրի ինքնարժեքը։

Այսօր մի քանի ծրագրերով առանձին համայքներում տեղադրվել են պոմպեր, եւ ձկնաբուծարանների ջրերն օգտագործվում են գյուղատնտեսական հողերը ջրելու համար։ Օրինակ, Հովտաշատ համայնքի 50 ձկնաբուծարաններից հավաքվող ջուրը Ռանչպար համայնքի պոմպակայանով մղվում է Հրազդանի ջրանցք, որից օգտվում են Արմավիրի մարզի մի շարք համայնքներ։

Կան մի շարք համայնքներ, որտեղ ձկնաբուծարաններից դուրս եկող ջրերը միանգամից օգտագործվում են դրանց սեփականատերերի հողերը ջրելու համար։ Կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ Արարատյան դաշտի մոտ 100 հեկտար հողատարածքներ ջրվում են ձկնաբուծարանների հետադարձ ջրերով։ Սակայն այդ ցուցանիշները ճշգրիտ չեն, քանի որ շատ գյուղացիներ չեն ցանկացել ասել, որ օգտվում են ձկնաբուծարանների ջրերից, քանի որ այդ դեպքում ջրօգտագործման վճարների խնդիր կարող է առաջանալ ՋՕ-ների հետ։ Սակայն այս դեպքում էլ ձկնաբուծարաններից հոսող ջրերի օգտագործման ծավալներն աննշան են՝ համեմատած այն ահռելի ջրաքանակի, որը վերցվում է խորքային ջրերից։

Ձկնաբուծարաններից հոսող ջրերի երկրորդային օգտագործումը խթանելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունն իրականացվող տարբեր միջոցառումներին զուգահեռ հանդես է եկել նաեւ օրենսդրական կարգավորմամբ։

Նախարարությունն առաջարկում է գրեթե զրոյացնել բնօգտագործման վճարներն այն դեպքում, երբ ջրօգտագործումից հետո հեռացված ջրերը կրկնակի օգտագործելու համար համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծվում, եւ ջրառ է իրականացվում։ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագծով առաջարկվում է մակերեւութային, ստորերկրյա քաղցրահամ եւ թերմալ ջրերի կրկնակի օգտագործման համար՝ արդյունահանման համար սահմանված բնօգտագործման դրույքաչափի 0.5 գործակցի կիրառում։ Օրենսդրական նախագծի մշակման համար հիմք են դարձել ջրային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, որոնցով սահմանվում է, որ կրկնակի ջրօգտագործողի համար կրկնակի ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսի նկատմամբ բնօգտագործման վճարի արտոնյալ պայմաններ են ստեղծվում։

Խթանելով երկրորդային ջրերի օգտագործումը՝ ոչ միայն լուծվում է ռազմավարական նշանակության այս ռեսուրսի արդյունավետ օգտագործման խնդիրը, այլեւ գյուղատնտեսական ոլորտի զարգացումն է խթանվում։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ձկնաբուծարաններից հոսող օրգանական նյութերով հարուստ ջուրն ապահովում է բարձր բերքատվություն եւ, լինելով բնական պարարտանյութ, էականորեն նվազեցնում է արհեստական պարարտացման գործընթացը։ Շատ երկրներում արդեն օգտագործվում են նման տեխնոլոգիաներ։ Իսրայելը դեռ 70-ականներին էր սկսել ձկներ բազմացնել ոռոգման համար նախատեսված անձրեւաջրերի կուտակման ավազաններում։ Այս մեթոդը կիրառվում է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, ասիական եւ եվրոպական մի շարք երկրներում։ Հողերի պարարտացման համար օգտագործելով ձկների օրգանական արտաթորանքը, էականորեն կրճատվում է հանքային պարարտանյութի կիրառումը։ Վերջինս գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքն է իջեցնում՝ բարձրացնելով նաեւ դրանց որակը։

Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած արտոնությունը շահավետ պայմաններ կստեղծի կանխելու տարեկան մի քանի հարյուր միլիոն խմ-ի հասնող բարձրորակ ջրերի աննպատակ արտահոսքը երկրի սահմաններից դուրս։


Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]