Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում տեղի կունենա ինտերակտիվ ցուցադրություն, որի մտահղացումն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո

Հայաստանում տեղի կունենա ինտերակտիվ ցուցադրություն, որի մտահղացումն 
առաջացել է 44-օրյա պատերազմից հետո

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատերը կհիշեն տարիներ առաջ վարդագույն հագուստով ու վարդագույն մազերով, շնիկը ձեռքին աղջնակին, ով Երևանում ներկայացրեց իր առաջին, բայց բավականին համարձակ ու բազմերանգ ցուցադրությունը: Դեղին զուգագուլպաներ, կանաչ վերնաշապիկ ու կապույտ տաբատ. արդյունքը միանշանակ էր` նա հիշվեց:

Երիտասարդ, համարձակ, էքսպերիմենտներից չվախեցող Արևիկ Սիմոնյանը 2004 թվականին մուտք գործեց հայկական նորաձևության  աշխարհ: 2005-ին ստեղծեց Kivera Naynomis  հանրահայտ բրենդը։ Հիմա դիզայների գույները փոխվել են ու առաջին և վերջին ցուցադրությունները միանգամայն տարբեր են։ Ընդհանուր նմանությունը անկեղծություն է ու պարզությունը։

«Հիշում եմ, թե ինչպես էին մեր մեծ ընտանիքում երեխաներին շարք կանգնեցնում և հարցնում. «Մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու»: Մեկն ասում էր հրշեջ, մեկը՝ տիեզերագնաց, իսկ ես ասացի՝ մոդելիեր, որ  զգեստներ սարքեմ: Ու սկսեցի հագուստ նկարել, տատիկիս զգեստներից մոդելներ ձևել: 9-րդ դասարանում ընդունվեցի Մոսկվայի Տեխնոլոգիաների քոլեջի դիզայնի ֆակուլտետը, ինստիտուտ որոշեցի չընդունվել: Որոշումս տնեցիների մոտ իրարանցում առաջացրեց: Ասում էին. «Ինչպե՞ս կարելի է, բոլորս երկուական բարձրագույն կրթություն ունենք, իսկ դու՝ ոչ մի»»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Արևիկ Սիմոնյանը, ում մոտ դիզայներ դառնալու երազանքը ծնվել է 5 տարեկանից:

Մոսկվայում մասնակցել է բազմաթիվ ցուցադրությունների, մրցանակների արժանացել, իր հավաքածուն Փարիզում ներկայացնելու հրավեր ստացել: Իսկ հետո, Լոնդոնում ուսումը շարունակելու փոխարեն ընտրել է Երևանն ու վերադարձել։

Արդեն տարիներ անց՝ 2022 թվականի փետրվարի13-15-ը Մարզահամերգային համալիրում  նախատեսում է անցկացնել աննախադեպ ցուցադրություն՝ համեմված  նորաձևության էլեմենտներով: Այս ցուցադրությունն իր մասշտաբայնությամբ ու մատուցման ձևով տարբերվելու է մինչ այս եղած բոլոր ցուցադրություններից։ Դիզայների խոսքով՝ ծավալային առումով նման ցուցադրություն առաջին անգամ է լինելու  Հայաստանում։ Ցուցադրությունը կոչվում է H2O-ջուր:

 «Ջուրը կյանքի խորհրդանիշ է, մեր կյանքն առանց  ջրի պատկերացնելն ուղղակի անհնար է: Ցուցադրությունը լինելու է ինտերակտիվ, լուսային և ձայնային ձևավորմամբ՝ հագուստի ցուցադրության ձևով։ Ինչպես ասում են՝ հագուստ լինելու է, բայց՝ առանց մոդելների։ Իսկ թե ինչպե՞ս՝ այս պահին չեմ ուզում փակագծեր բացել: Կարծում եմ՝ առավել հետաքրքիր կլինի, երբ  մարդիկ  այդ ամենն անձամբ տեսնեն Միայն մեկ գաղտնիք կասեմ՝ լինելու է տարբեր խորագրերով 8 սրահ, ու դրանցում ցուցադրված հագուստներն ունենալու են իրենց պատմությունները։ Սրահ մտնելուց այցելուի համար պարզ է լինելու, թե որ սրահում է  գտնվում։  Օրինակ, կլինի սրահ, որտեղ ցուցադրված  հագուստների վրա կգտնեք  մեր եկեղեցիների զարդանախշերից, հատկապես այն եկեղեցիների, որ կորցրել ենք հենց  այս պատերազմի ժամանակ… Օրն էլ պատահական ընտրված չէ. Տյառընդառաջն է՝ քրիստոնյա  աշխարհի համար շատ կարևոր օր»,-ընդգծեց դիզայները:

Նման ցուցադրություն անցկացնելու միտքն առաջացել է հետպատերազմյան շրջանում։

«Ես այդ օրերին պարզապես խելագարվում էի։  Մտածում էի՝ ինչ կարող եմ անել, բայց  պատասխան չէի  գտնում։ Թերևս, միայն մշակույթով ու իմ գործով կրող էի պայքարել: Շատ չնչին բան է, բայց մենք աշխարհին պետք է ցույց տանք, որ այդ կոթողները, եկեղեցիները, մշակութային օջախները հայկական են: Համոզված եղեք, որ ցուցահանդեսի ժամանակ շատ բան կտեսնեն այցելուները»,- վստահեցրեց նա:

 Զրուցակիցս նկատում է՝ համեմատելով իր առաջին և այժմյան ցուցադրությունները մեծ տարբերություն է նկատում մատուցման մեջ: Ըստ նրա՝ այդ տարբերության հիմնական պատճառը աշխարհընկալման փոփոխությունն է.

«Արտաքին ազդակները ներգործություն են ունենում  ներաշխարհիդ վրա ու դա կարող է արտացոլվել տվյալ ժամանակահատվածում ստեղծված  հագուստներում: Օրինակ, ժամանակին սև գույնն ինձ համար շատ անհետաքրքիր էր, բայց հիմա սևն է   գերիշխում իմ հագուստներում։ Ես այնքան  սիրեցի այդ գույնը,որ  սկսեցի սևի մեջ այլ երանգներ էլ տեսնել։ Չնայած, հիմա արդեն գնում եմ նաև դեպի մեղմ գույներ։ Իմ էմոցիաներն ու զգացողություններն են գույներ ծնում, դրանք միմյանց հետ կապ ունեն»։

Արևիկը վստահ է՝ սա լինելու է ոչ թե զուտ հետաքրքիր կամ գեղեցիկ ցուցադրություն, այլ՝ բովանդակային: Հանդիսատեսն ինքն  իրեն վերանայելու, արժևորելու ու ունեցածը գնահատելու հնարավորություն է ունենալու:   

«Մենք  աշխարհին կարող ենք  ներկայանալ մեր մշակույթով, մենք ունենք գեղեցիկը տեսնելու ու տարածելու ներուժ։  Պարզապես  այն   պետք է  ներկայացվի ճիշտ  և   հասցեական։  Հատկապես  այս  վերջին իրադարձություններից  հետո  հասկացանք, որ   սկզբունքներ, արժեքներ կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։  Գուցե ես 4 տղաների մայր եմ, դրա համար եմ այդպես մտածում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա համամարդկային ցավ է։ Մենք պետք է պահպանենք մեր մշակույթն ու կրոնը. կանք և պետք է մնանք ճիշտ քրիստոնյա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցը եզրափակեց Արևիկ Սիմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]