News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք չենք հավատում այն քարտեզին, որը մեզ ներկայացվել էր ժամանակին, որը հիմա գուցե փոփոխվել է եւ որից մենք տեղյակ չենք: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցներին ժամանակ նշել է «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Ելքի» մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ փողոցային պայքար սկսելու առաջարկին:

«Մենք այս պահին չենք պատրաստվում միանալ, որովհետեւ բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում: Թեեւ մեր գործընկերները ամբողջ հոգով-սրտով հավատում են այդ ամենին, բայց մենք դեռեւս չենք հավատում այդ ճանապարհով ինչ-որ բան փոխելուն»,-ընդգծեց Գորգիսյանը:

Նրա խոսքով, իրենք Սերժ Սարգսյանի եւ ընդհանրապես ՀՀՀԿ-ի կառավարման դեմ պայքարում են իրենց ստեղծված օրվանից. «Ամեն մարդ, որ անդամակցում է «Ելքի» կուսակցություններից որեւէ մեկին, ամեն մի գրասենյակի բացում մի հեռավոր գյուղում կամ քաղաքում, պայքար է Սերժ Սարգսյանի հարատեւման եւ առհասարակ ՀՀԿ-ի մենիշխանության դեմ: Այս ճանապարհով մենք կարող ենք հասնել իշխանափոխության, ես դրան հավատում եմ: Ամեն մի անդամակցող մարդ մեկն է, որը չի քվեարկելու ՀՀԿ-ին: Միայն համակարգի դիմաց համակարգ ստեղծելով կարող ես բերել համակարգային փոփոխություններ»:

Ինչ վերաբերում է «Ելք»-ի 3 կուսակցությունների միջեւ գլոբալ տարբերություններին, Գեւորգ Գորգիսյանն ասաց. «Գլոբալ մոտեցումների տարբերությունը՝ մենք ասել ենք, որ անձերի դեմ պայքար չենք ընդունելու, պետք է ինստիտուցիոնալ գործունեություն ծավալել։ Մենք նաեւ մեր ճանապարհային քարտեզն ենք ներկայացրել, որը նույնպես փողոցային պայքարի տարրեր է պարունակում, բայց մերը անձի դեմ չէր, մեր թեկնածուին ու ծրագրին սատարելու միջոցառումներ էր ենթադրում, նույն կոնցեպտն ուներ նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը: Այստեղից էլ եղան տարակարծությունները»:

Նա նկատեց, որ առանց ինստիտուցիոնալ զարգանալու հանպատրաստից իշխանությունը գրավելու փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվել, եւ ներկայացված ճանապարհային քարտեզի վերաբերյալ եւս նման մտահոգություն իրենք ունեցել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ելք» դաշինքի կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մտադիր է հանրահավաքային պայքար սկսել կանխելու համար Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետացումը, իսկ մյուս երկու ուժերը չեն միանալու այդ պայքարին:

Տպել
Ամենաշատ