Կտրուկ ակտիվացել է «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի թմրամիջոցների ներթափանցման և իրացման դեմ պայքարը
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում այս տարվա սկզբին ուսումնասիրվել էր 2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ապօրինի թմրամիջոցների իրացման, ձեռք բերման և առհասարակ դրանց ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ու կանխարգելման օրինականության վիճակը:
Դատախազության հանրային կապերի հաղորդմամբ, պարզվել էր, որ նաև ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու հետևանքով էապես նվազել են լատենտային բնույթ կրող այս հանցագործության դեպքերի բացահայտման ցուցանիշները:
Ըստ մարզի դատախազությունում իրականացված՝ 2019 թվականին ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի աշխատանքների վիճակի միջանկյալ ուսումնասիրության՝ մարզի դատախազի միջնորդագրի հիման վրա նշված ուղղություններով ակտիվացված աշխատանքների շնորհիվ այս տարվա ընթացքում, հունիսի 10-ի դրությամբ, արդեն իսկ հայտնաբերվել է ՔԿՀ թմրամիջոց անցկացնելու փորձի 5 դեպք, այսինքն 2 դեպքով կամ 60 տոկոսով ավելի, քան ամբողջ 2018թ. ընթացքում: Նշված 5 դեպքերից 4-ով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ, 34-266-րդ և 266-րդ հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ, իսկ մեկ դեպքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել՝ նկատի ունենալով, որ ՔԿՀ այցելած անձի մոտ հայտնաբերված թմրամիջոցը եղել է մանր չափի, ինչի պատճառով վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Նշված քրեակատարողական հիմնարկ ապօրինի հոգեմետ նյութ անցկացնելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ վերջին քրեական գործը ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերով հարուցվել է հունիսի 7-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչն ապօրինի ձեռք է բերած և իր տաբատի գրպանում քողարկած՝ «Պրեգաբալին» հոգեմետ նյութ պարունակող «PGN-300» գրառմամբ թվով երկու հատ դեղապատիճը իրացնելու նպատակով փորձել էր անցկացնել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ՝ փորձելով օգտվելով նույն հիմնարկում պահվող կալանավորված անձին տեսակցելու հնարավորությունից: Սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չէր կարողացել, քանի որ վերջինիս անձնական խուզարկությամբ թմրամիջոցը հայտնաբերվել և վերցվել էր ՔԿՀ ծառայողների կողմից: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն: