Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Մեկնաբանել Սերժի հագով կարած Սահմանադրությունը՝ կնշանակի առանց «ադեկվատ» հակահեղափոխականների թերմիդոր իրականացնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Պարոն Հովհաննիսյան, Սահմանադրական դատարանում առաջացած ճգնաժամի լուծման ի՞նչ հնարավորություններ եք տեսնում: Վահե Գրիգորյանը նամակով դիմել էր բոլոր անդամներին, կառավարությանն ու ԱԺին, բայց Հրայր Թովմասյանը հրաժարական տալու միտում կարծես չունի: Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում:

– Առջևում մեզ սպասում են այսօր գործող Սահմանադրության խոտանով պայմանավորված նորանոր նմանատիպ ճգնաժամեր: Ես առաջիններից մեկն եմ եղել, ով զգուշացրել է, թե մեր պետության համար ինչ ծանր հետևանքների կբերի սահմանադրական չարեփոխումների սերժսարգսյանական նախագծի ընդունումը, որը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կեղծված հանրաքվեով պարտադրվեց մեր ժողովրդին: Ձեր ընթերցողը չի կարող չհիշել այդ հարցի վերաբերյալ իմ բազմաթիվ ելույթներն Ազատության հրապարակում, քանզի «Առաջին լրատվական»-ը  հեռարձակման օնլայն ռեժիմով դրանք ներկայացրել է հանրությանը: Այդ նույն ժամանակ՝ 2015 թվականի ամռանը, մի շարք քաղաքական ուժերի և ականավոր ազգային գործիչների մասնակցությամբ տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում ընդունվեց և կյանքի կոչվեց սահմանադրական չարեփոխումները տապալելու նպատակով Հանրային փրկության ճակատի ստեղծման իմ առաջարկությունը: Կլոր սեղանի աշխատանքը, որը տևեց չորս ժամից ավելի, դուք նույնպես հեռարձակել եք ամբողջությամբ, և ընթերցողը կարող է ինտերնետի օգնությամբ վերհիշել այն և համոզվել, թե որքա՜ն ճիշտ են եղել մեր հարցադրումները: Դրանք բնորոշվում էին մեր պետությունը ցնցումներից ու ճգնաժամերից ապահովագրելու մտայնությամբ, ինչի ինտեգրալ ապացույցն էր մեր կողմից ընդունված Հռչակագրում ամրագրված Սերժ Սարգսյանի շուտափույթ հրաժարականի պահանջը: Մենք քաջ գիտակցում էինք, որ միայն Սերժ Սարգսյանի հեռացման միջոցով է հնարավոր պետությունը փրկել աղետից՝ Սահմանադրության նախապատրաստվող բռնաբարությունից: Եվ երբ այդ բռնաբարությունը, որի միջոցով Սերժը ձգտեց երկարաձգել իր իշխանությունը, կատարվեց՝ ինձ համար պարզ դարձավ, որ երկիրն առաջիկայում դատապարտված է հայտնվելու ներքաղաքական ցնցումների ու արտաքին վտանգավոր մարտահրավերների հորձանուտում:

Գերմանացի մեծ փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն էր, ով դաժան քսաներորդ դարի նախաշեմին ազդարարեց աստծո մահը՝ եզրակացնելով, որ այդուհետև ամեն ինչ կարելի է: Մյուս կողմից՝ ռուս մեծ գրող Ֆյոդոր Դոստոևսկու հերոսներից մեկը՝ Իվան Կարամազովը, նույնպես բացականչում էր. «Եթե Աստված չկա, ամեն ինչ թույլատրելի է»: Ներկայիս պայմաններում, երբ պետությունը և կրոնը տարանջատված են, աշխարհիկ քաղաքացիական հասարակության համար հենց երկրի Սահմանադրությունն է կատարում մարդկանց սահմանների մեջ՝ թույլատրելիի շրջանակներում պահելու առաքելությունը: Եթե Սահմանադրությունը բռնաբարվում է, կեղծվում է բռնապետի աթոռը հավերժացնելու նպատակով, ապա հեղափոխությունը դառնում է անխուսափելի: Եթե դուք վերընթերցեք 2015-2016 թթ. իմ հրապարակումները, ապա կտեսնեք, որ այդ կանխատեսումն այնտեղ կարմիր թելով է անցնում: Ամենևին էլ պատահական չէր, որ 2015 թվականից արմատական դիրքերից սահմանադրական չարեփոխումների դեմ պայքարած Հանրային փրկության ճակատի կազմից դուրս եկան 2016 թվականին ապստամբության ճանապարհը բռնած «Սասնա ծռերը»: Եվ ամենևին էլ պատահական չէր, որ ներազգային կյանքում բռնությունից խուսափելու կողմնակից մեր քրիստոնյա ժողովուրդը բազմահազարանոց ցույցերով պաշտպանեց «Սասնա ծռերի» զինված ապստամբությունը: Եվ միանգամայն օրինաչափ էր այն, որ իմ կողմից դեռ 2015 թվականին կանխատեսվող հեղափոխական ճանապարհով Սերժ Սարգսյանի հեռացումը տեղի ունեցավ հենց 2018 թվականի ապրիլին, երբ Սերժը փորձեց օգտվել 2015 թվականին սահմանադրական հանրաքվեն կեղծելու պտուղներից ու հավերժացնել սեփական իշխանությունը, սակայն մերժվեց… Այդ իրադարձություններից մեկ տարի անց խոսել սերժսարգսյանական Սահմանադրությամբ մեզ ընձեռվող կամ չընձեռվող հնարավորությունների մասին, լուրջ տեսքով մեկնաբանել Հրայր Թովմասյանի ջանքերով՝ Սերժի հագով և ՀՀԿ-ի քիմքին հարիր ձևած Սահմանադրության հոդվածները, կնշանակի առանց ինչ-որ «ադեկվատ»  հակահեղափոխականների օգնության և սեփական ձեռքերով իրականացնել հակահեղափոխություն՝ թերմիդոր:

Հայտարարում են հեղափոխության արդեն երկրորդ փուլի մասին, բայց զբաղված են «մերժված» Սերժի կողմից կեղծիքով ժողովրդին պարտադրված Սահմանադրության հոդվածների մեկնաբանություններով: Մեկ տարվա ընթացքում միանգամայն հնարավոր էր գումարել Սահմանադիր ժողով, մշակել Նոր Հայաստանի Հիմնական օրենքը և ներկայացնել այն քաղաքացիներին՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունելու համար: Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանին, ապա նա այս պատմության մեջ վատնում է իր հեղինակությունը, ինչը ինձ ցավ է պատճառում: Ես գործի մեջ եմ տեսել նրա բարձր մասնագիտական կարողությունները, երբ մեր խնդրանքով 2012 թվականին՝ ԱԺ ընտրարշավի ժամանակ, Սահմանադրական դատարանում պաշտպանում էր ընտրությունների օրինականության վերահսկման Միասնական շտաբի հայցադիմումը: Շտաբը, ինչպես հիշում եք, ստեղծվել էր ՀՔՄ նախաձեռնությամբ, իսկ ես համակարգում էի նրա գործունեությունն ու հնարավորություն ունեի մոտիկից հետևելու Վահեի աշխատանքին: Կարծում եմ, որ նա արժանի է զբաղեցնել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, բայց միայն Նոր Հայաստանի Սահմանադրության ընդունումից հետո, այլ ոչ թե ներկայիս անհեթեթ հանգամանքներում: Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է հնարավոր, լինելով հեղափոխության կողմնակից, սեփական հեղինակությամբ լեգիտիմացնել ընտրակեղծարարության միջոցով ժողովրդին պարտադրված սերժսարգսյանական Սահմանադրությունը…

Այս գործընթացները կարո՞ղ են ուղղորդվել Ռուսաստանից՝ հաշվի առնելով ՌԴ դեսպանի հանդիպումը ՍԴ նախագահի հետ:

– Այդ վարկածը հիմնավորելու համար անհրաժեշտ է մատնանշել Ռուսաստանի շահն այդ հարցում, քանզի Պուտինի վարչախումբը սեփական արտաքին քաղաքականության մեջ ձգտում է առաջնորդվել Ռուսաստանի պետական շահերով: Արդյոք շահագրգռվա՞ծ է Ռուսաստանը նպաստելու Հայաստանի ներքին կյանքի ապակայունացմանը մի իրավիճակում, երբ հարևան Վրաստանում այդպիսի ապակայունացումը բումերանգի նման հարվածեց հենց ռուս-վրացական հարաբերություններին: Համաձայնեք, որ այս իմ հարցը հռետորական է, և հետևապես կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի դեսպանն այսօր քաղաքական ակտիվ շփումներով է զբաղված հենց այն պատճառով, որ ՌԴ նախագահը նրանից պահանջում է ներկայացնել Հայաստանում ապակայունացման նոր ալիքի առաջացման հավանականությունը և հնարավոր հետևանքները հայ-ռուսական հարաբերությունների համար: Մոսկվայի աչքից չէր կարող վրիպել այն, որ ղարաբաղյան հետքի  ուղղությամբ գնալուն զուգահեռ՝ Մարտի մեկի գործով քննությունը վերջերս արտահոսք արեց օտար լեզվով կազմված՝ Մարտի մեկի պատժիչ գործողությունների հատուկ պլանի նկարագրությամբ ինչ-որ փաստաթղթի մասին, որն, իբր, առկա է գործում: Հիմա գլխավոր դատախազ Դավթյանը հայտարարում է, որ իրեն այդ փաստաթղթի և առհասարակ օտար պետության՝ Մարտի 1-ի արյունահեղությանը միջամտելու վերաբերյալ որևէ փաստ հայտնի չէ, սակայն դա արդեն էական չէ: Լուսահոգի սպարապետի բառերով ասած՝ կասկածի որդն արդեն բուն է դրել մարդկանց հոգիների մեջ և սկսել է իր քայքայիչ ներգործությունը: Մանավանդ եթե հաշվի առնենք այն, որ դրանից միառժամանակ առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ հեղափոխության առաջին օրերին՝ դեռ նախկին ԱԱԾ ղեկավար Կուտոյանի օրոք, ԱԱԾ-ի արխիվից անհետացել են հատուկ կարևորություն ունեցող ինչ-որ փաստաթղթեր:

Եղան մարդիկ, ովքեր անմիջապես մեր մամուլում և սոցիալական ցանցերում իմպերատիվ կերպով հայտարարեցին, որ այդ կորած նյութերը հայտնաբերել այլևս չի հաջողվի, քանզի դրանք… վաղուց ուղարկվել են Մոսկվա: Միամտություն կլիներ հույս ունենալ, որ այս իրավիճակում՝ Վրաստանում և Ուկրաինայում ռուսների խայտառակ ձախողումները հաշվի առնելով, Հայաստանում ՌԴ դեսպանությունը շարունակելու է հաղորդակցվել ՀՀ հասարակության և քաղաքական ուժերի հետ միայն ավանդական ֆուրշետների և ռուսական երգ ու պարով մշակութային միջոցառումների կազմակերպման շրջանակներում: Շատ հնարավոր է, որ ՌԴ դեսպանը փորձում է այդ հանդիպումների միջոցով համոզել քաղաքական ուժերին և առանձին գործիչների հրաժարվել Մարտի 1-ի գործի մեկնաբանություններում Ռուսաստանին ինչ-որ մեղադրանքներ ներկայացնելուց: Օրինակ՝ Դավիթ Շահնազարյանը կամ թեկուզ Վազգեն Մանուկյանը միշտ աչքի են ընկել կոշտ արևմտամետ և հակառուսական դիրքորոշումներով, սակայն այսօր հրաժարվել են Ռուսաստանին քննադատելուց, և դա, իհարկե, պատահական չէ: Ինչպես պատահական չէ, որ դեսպան Կոպիրկինը նրանց հետ հանդիպում է: Սա ոչ այլ ինչ է, քան «սոֆթ փաուերի», այսպես կոչված՝ «փափուկ ուժի» գործադրում, ինչը ոչ միայն չի արգելվում, այլև բխում է դեսպանների կարգավիճակից ու պարտավորություններից սեփական երկրի նախագահի առջև: Վիեննայի արձանագրությունների համաձայն՝ դեսպաններն իրավունք ունեն շփվելու իրենց ներկայության երկրի բոլոր քաղաքացիների հետ՝ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից:

Եվ այդուհանդերձ, էլ ի՞նչ հետաքրքրություններ ունի Մոսկվան, և ինչո՞վ են պայմանավորված դեսպանի այդքան հաճախ հանդիպումները ռևանշիստական ուժերի, գործիչների հետ:

– Ես արդեն ասացի, որ հանդիպումը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կարող էր պայմանավորված լինել հրապարակ նետված այն վարկածի ակտիվ շրջանառությամբ, համաձայն որի՝ Մարտի 1-ի գործում «ղարաբաղյան հետքի» հետ մեկտեղ, իբր, հայտնաբերվել է նաև  ռուսական հետք: Ռոբերտ Քոչարյանը գնդակը ուղարկել էր ՍԴ-ի դաշտ, և պետք էր սպասել, որ Հրայր Թովմասյանի ֆիգուրին ռուսները դրանից հետո կարևորելու են: Չի կարելի նաև բացառել, որ հենց ՌԴ դեսպան պարոն Կոպիրկինի խորհրդով էր Ռոբերտ Քոչարյանը՝ նրա հետ ՌԴ դեսպանի հանդիպումից հետո, դիմել ՍԴ-ին իր գործը քննության առնելու խնդրանքով: Ցանկացած դեպքում պետք է ընդունել, որ ՌԴ դեսպանն առաջնորդվում է այս հարցում ոչ թե մեր ներքաղաքական ինտրիգներին մասնակցություն բերելու ձգտումով, ինչպես պնդում են ոմանք, այլ այն գիտակցությամբ, որ Մարտի 1-ի գործում ռուսական հետքի մասին թեկուզ միայն խոսակցությունները կարող են մեծ վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին: Համաձայնեք, որ երկրի դեսպանը իրավունք ունի այդ առիթով մտահոգվելու և պարտավոր է նման դեպքերում ակտիվ քայլերի դիմել սեփական երկրի հեղինակության պաշտպանության ուղղությամբ: Պարզապես մեր քաղաքական դասը մինչև հիմա գործ է ունեցել ՌԴ այնպիսի դեսպանների հետ, ովքեր, մեղմ ասած, այդքան էլ նախանձախնդիր չէին մեր հասարակության աչքում սեփական երկրի հեղինակության պաշտպանության հարցում՝ համարելով, որ Հայաստանը Ռուսաստանի հավերժական «ֆորպոստն է»  և դատապարտված է նույնիսկ անպատասխան «սիրել» Ռուսաստանին: Ուկրաինայում կատարվածը, երբ երկվորյակ եղբայրներն օրերի ընթացքում դարձան ոխերիմ թշնամիներ և այսօր պատերազմում են, ռուսական վերնախավին սթափեցրել է և ստիպել է մի կողմ նետել «զորիբալայանական» պատրանքները: Մենք պետք է դա հասկանանք և հանգիստ՝ առանց ավելորդ հիստերիայի մեջ ընկնելու, արձագանքենք այդ փոփոխությանը սթափ և հավասարակշռված՝ մեր ազգային շահերից բխող քաղաքականությամբ: Այդ առումով չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես է ընկալում Ռուսաստանը մեզանում տեղի ունեցած փոփոխություններն ու դրանց ազդեցությունը հետխորհրդային տարածքում և հենց Ռուսաստանի ներսում ծավալվող գործընթացների վրա: Ժամանակագրական առումով իրադարձությունների մեկը մյուսին հաջորդելը բավարար չէ ենթադրելու համար, որ դրանց միջև գոյություն ունի պատճառահետևանքային կապ, սակայն փաստը մնում է փաստ, որ ռուսական ներկայիս վերնախավում քիչ չեն մարդիկ, ովքեր հայկական հզոր ցույցերի և դրանց հետևած իշխանափոխության, ինչպես նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ազդեցության հետ են կապում վերջին շրջանում թե՛ Ռուսաստանի ներսում, թե՛ հետխորհրդային տարածքում ի հայտ եկած պայթյունավտանգ մի քանի իրադարձություններ: Իհարկե, նրանք տեսան, որ Նավալնին չկարողացավ կրկնել Նիկոլ Փաշինյանի հաջողությունը, բայց, մյուս կողմից, օլիգարխիային իշխանությունից հեռացնելու Հայաստանի օրինակից այսօր ձգտում է օգտվել վրացական ընդդիմությունը՝ ձեռնոց նետելով Բիձինա Իվանիշվիլու վարչախմբին:

Իսկ Ղրղըզստանի ներկայիս նախագահը բոլորի համար անսպասելի կերպով որոշեց քրեական պատասխանատվության կանչել իր նախորդին, ինչը կդառնա երկրի նախկին ղեկավարին քրեական պատասխանատվության ենթարկելու և այդպիսով նրա անձեռնմխելիության իրավունքն անտեսելու երկրորդ դեպքը ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մեջ: Կծիկը լիարժեքորեն բացվեց, և բոլորն արդեն իրավունք ունեն հարցնելու՝ ո՞վ է լինելու հաջորդը: Սրան գումարվում է Ռուսաստանի հենց ներսում առաջացած տարածքային վեճը ինգուշների ու չեչենների միջև, որը դրսևորվեց ինգուշների բազմահազարանոց ցույցերով: Այդ ցույցերի արդյունքում ՌԴ հերոս գեներալ Եվկուրովը ստիպված էր հրաժարական տալ Ինգուշեթիայի ինքնավարության ղեկավարի պաշտոնից, բայց դրանով իրավիճակը չի հանդարտվել: Այնտեղ էլ կարող է սկսվել «ինգուշական հեղափոխության» երկրորդ փուլը, և այդ համատեքստում Ռուսաստանում վաղուց «նավթալին դրած» Ռուսլան Խասբուլատովը վերջերս «կռաց», թե սրանից 30 տարի առաջ էլ Խորհրդային Միության փլուզումը սկսվեց տարածքային վեճից ու այդ առիթով ԽՍՀՄ-ի պատմության մեջ աննախադեպ զանգվածային ցույցերից Հայաստանի մայրաքաղաքում: Ամենամիամիտն էլ կհասկանա այդ պնդումների հակահայկական ուղղվածությունը: Պատահական չէ, որ հենց Խասբուլատովը և նրա նմաններն են այսօր խոսում ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի ճակատագրում «հայերի քայքայիչ դերի» մասին: Հայտնի է, որ հայերը բավականին ուժեղ դիրքեր ունեն ՌԴ Կրասնոդարի մարզում, Ռոստովի մարզում և Հյուսիսային Կովկասում: Փաստորեն փորձ է արվում մեր հայրենակիցներին ներկայացնել որպես «տրոյական ձի» ՌԴ-ում և հող նախապատրաստել նրանց դիրքերն ու տնտեսական հնարավորություններն էապես թուլացնելու համար:

Ամփոփելով՝ պետք է եզրակացնեմ, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունների դեմ գործում են երկու կողմից էլ՝ և՛, այսպես կոչված, «ռուսաստանամետ», և՛, այսպես կոչված, «արևմտամետ» ուժերը: Երկու ճամբարների ներկայացուցիչներն էլ տարբեր պատճառներով, բայց հավասարապես շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, երկու երկրների գործող վարչախմբերի միջև անհամաձայնությունները խորացնելու, տարբեր կարգի միջպետական սկանդալների հրահրման մեջ: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ այսօր, ինչպես ես արդեն նշել եմ, երեկվա հայտնի հակառուսները հանդես են գալիս «ռուսամետների»  դիմակով և փորձում են Մոսկվային համոզել ճնշում գործադրել Նիկոլ Փաշինյանի վարչախմբի վրա և հասնել վերջինիս տապալմանը: Պակաս ակտիվ չեն հին և նորաթուխ «արևմտամետները», ովքեր փորձում են համոզել Արևմուտքին ձեռք քաշել  «դավաճան», «Ռուսատանին կուլ գնացած» Նիկոլ Փաշինյանից, կամ էլ նրան ստիպել Վրաստանի օրինակով կոշտ դիրքերից հակադրվել Ռուսաստանին բոլոր ուղղություններով:

Սասուն ՄիքայելյանԿոտայքի մարզպետ, Դավիթ ՍանասարյանՎանեցյան հակամարտություն, սրանք իրավիճակային խնդիրնե՞ր են, թե՞ իշխանության ներսում առաջացած թևերի առաջին նշաններ:

– Չեմ կարծում, որ այսօր իմաստ ունի խոսել իշխանության ներսում թևերի առաջացման մասին: Այդպիսի թևերի առաջացման համար իշխանության մեջ պետք է լինեին լուրջ ինտելեկտուալներ, ովքեր կարող էին առաջ քաշել քաղաքական, սոցիալ-տնտեսական, աշխարհայացքային գաղափարներ և, բացահայտելով իրենց գաղափարական առաջնորդությունը, ստեղծել թևեր և դրանով իսկ գաղափարների, ծրագրերի շուրջ մրցակցություն: Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ իր կառավարությունում թևերի առկայությունը բացառվում է: Բացառվում է ոչ միայն Սերժ Սարգսյանի կողմից հիմնադրված սուպերվարչապետության ինստիտուտի պահպանման շնորհիվ, այլ այն պարզ պատճառով, որ թևեր ունենալու համար պետք է սկզբից ունենալ ոգի և մարմին: Այսինքն՝ պետք է ունենալ գաղափարախոսություն կամ տեսլական և քաղաքական թիմ, որը պատրաստ է այդ տեսլականով ու գաղափարախոսությամբ առաջնորդվել:

Այո, այո՝ խոսքը հենց այդ՝ Նիկոլի համար չարաբաստիկ իզմերի մասին է, որոնք միս ու արյուն են հաղորդել պետական շինարարությանը բոլոր հասարակարգերի ժամանակ: Առանց այդ իզմերի  հնարավոր է մերժել հինը, բայց կառուցել նորը անհնարին է: Եթե չկա տեսլական, եթե չկա գաղափարախոսություն, որի շուրջ թիմակիցները կարող են կարծիքներ արտահայտել, տարբեր մեկնաբանություններ առաջարկել, ճշգրտումներ ներկայացնել, ապա ինչի՞ հիման վրա կարող են կառավարությունում առաջանալ թևեր: Այո, ապրե՜ք, դրանք կարող են առաջանալ պարգևավճարներ տալու կամ չտալու և այդ կարգի այլ հարցերի շուրջ: Տեսեք, թե ինչ է քթի տակ մռթմռթում Դավիթ Սանասարյանը, և ինչում են նրան մեղադրում «թիմակիցները»։  Այդ երկու թևերի վիճաբանությունը տենդերը բաժանելու հարցի շուրջ էր:

Հասկացա՞ք: Հիմա դառնանք Սասունին: Նա, ի տարբերություն Դավիթ Սանասարյանի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնաբնակներից է: Եվ ոչ միայն ՔՊ-ի հնաբնակներից է, այլև մինչև վերջերս ՔՊ-ի վարչության նախագահն էր: Այժմ նա նույնիսկ վարչության սովորական անդամ չընտրվեց, իսկ նրա նորելուկ ախոյանը՝ Կոտայքի ներկայիս մարզպետը, վարչության անդամ ընտրվեց և այսօր փաստորեն Սասունին մեղադրում է հայտնի մականունավոր օլիգարխին ծախվելու ու սեփական կուսակցության թեկնածուի դեմ Աբովյանում  թև ձևավորելու ու նրան պարտության մատնելու մեջ: Եվ դա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ այդ հայտարարել էր հեղափոխության երկրորդ փուլ թևակոխելու մասին ու անձամբ էր եկել Աբովյան՝ դրանից հետո խայտառակ պարտություն կրած ՔՊ թեկնածուի քարոզարշավին մասնակցելու հատուկ նպատակով: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի վարչապետը, այն էլ՝ սուպերվարչապետը, անձամբ մասնակցեց տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի քարոզարշավին ու պարտվեց, իսկ նրա կուսակցության ղեկավար մարմնի նախագահը սեփական անգործությամբ դրան նպաստեց: Եթե հաշվի առնենք այն, որ Սասունը մարզում իսկապես ունի տարբեր բիզնեսներ, իսկ հայտնի մականունավոր օլիգարխին է պատկանում այդ մարզի եղած-չեղածի առյուծի բաժինը, ապա կարելի է ցավով արձանագրել, որ ՔՊ-ում, ինչպես դա հատուկ էր նաև սերժսարգսյանական ՀՀԿ-ին, քաղաքականությամբ զբաղվելը դիտվում է որպես փող աշխատելու միջոց: Եվ դա միանգամայն հասկանալի է, քանզի այնտեղ, որտեղ չկա ուրիշ տեսլական, տեսլականի դերում է հայտնվում նորին գերազանցություն մամոնան… սուս, սուուս, սուուուս…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում