Բաժիններ՝

Թոմ Քաթինային նվիրված նամականիշին կցված կտրոնի վաճառքի հասույթը ուղղվելու է «Ավրորա» նախաձեռնությանը

Թոմ Քաթինային նվիրված փոստային նամականիշին կցված նվիրատվության կտրոնի վաճառքից ստացված հասույթը ուղղվելու է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: Դա թույլ կտա բոլորին հեշտորեն նվիրատվություն կատարել նախաձեռնությանն ու դրա կողմից իրականացվող նախագծերին:

«Ավրորա»-ի դափնեկիր Թոմ Քաթինային նվիրված փոստային նամականիշի մարման արարողությունը կայացավ հունիսի 4-ին Հայաստանում՝ Քաթինայի մասնակցությամբ:

«Երբ ավագ դպրոցում էի սովորում, դրոշմանիշերի շատ լավ հավաքածու ունեի: Եվ մտքովս անգամ չէր անցնի, որ մի օր ինձ նվիրված նամականիշ կլինի աշխարհում: Սա ապշեցուցիչ է: Սա ինձ համար մեծ պատիվ է: Իմ կինն այստեղ ինձ հետ է: Մենք ապրում ենք Սուդանի Նուբա լեռներում, որը աշխարհի ամենահեռավոր, մեկուսի վայրերից մեկն է: Ինձ պատկերել են հայկական դրոշմանիշի վրա, կինս զարմացած ինձ էր նայում, չէր պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Նա մինչ այդ դրոշմանիշ չէր էլ տեսել: Այն լեռներում, որտեղ մենք ենք ապրում չկա փոստ, չկան նամականիշներ»,-ասաց Թոմ Քաթինան ու անկեղծացավ՝ մի քիչ ամոթխած է:

«Ավրորա»-ի դափնեկիր Թոմ Քաթինան շատ հավանեց նաև նամականիշի դիզայնը: «Շատ գեղեցիկ է նախագծված, սքանչելի գործ է: Բոլորին շնորհակալ եմ սրա համար»,-նշեց նա:

Նամականիշի ձևավորման հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության թիմի անդամ, դիզայներ Ալլա Մինգալյովան: Փոստային նամականիշներն ունեն 350 դրամ անվանական արժեք: Նամականիշին կցված է նաև 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն: Միասնական արժեքը կազմում է 500 դրամ: «ՀայՓոստը»-ը նվիրատվության կտրոնից գոյացած հասույթը կուղղի «Ավրորա»-մարդասիրական նախաձեռնությանը:

Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանի խոսքով՝ նամականիշի մարումը «Ավրորա»-ի նշանակալի սկիզբն է: «Համոզված եմ, որ այս նամականիշերը կնպաստեն «Ավրորա» մրցանակի առաքելության տարածմանը՝ ճանաչման արժանացնելով այն կանանց ու տղամարդկանց, ովքեր բացառիկ ազդեցություն ունեն մարդասիրական խնդիրների լուծման համար»,- ասաց նախարարը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Թոմ Քաթինայի արած աշխատանքը, հոգատարության այն արժեքները, որ նա ցույց է տվել Հարավային Սուդանում, որակեց ոչ միայն ամերիկյան, այլ նաև հայկական, չինական, համահայկական արժեքներ: «Ամեն օր նա այդ աշխատանքով է զբաղված, ուստի բոլորիս համար մեծ պատիվ է նրա հետ նույն բեմում գտնվելը: Երբ նա մրցանակի արժանացավ, ես մեծ հպարտություն ապրեցի»,-նշեց դեսպանը:

«Անցյալ տարվա հաջող փորձից հետո մենք մեծ սիրով շարունակում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեր համագործակցությունը և պատրաստակամ ենք աջակցելու աշխարհով մեկ համաշխարհային մարդասիրական շարժման և հայկական մշակույթի ու պատմության տարածման գործին: Թոմ Քաթինայի խիզախությունն ու նվիրումը բացառիկ են և ավելի քան արժանի՝ հասցնելու ամենքի գիտությանը»,-ասաց «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն ու հավելեց՝ հավատացած են, որ նոր նամականիշն այդ ուղերձները կսփռի աշխարհի տարբեր վայրերում:

«Ավրորա» նախաձեռնության գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը դիմեց բոլոր հայաստանցիներին՝ ավելի հաճախ նամակներ գրել՝ օգտագործելով այդ դրոշմանիշը: «Մարդիկ, ովքեր ձեռք կբերեն այս դրոշմանիշը, կօժանդակեն «Ավրորա»-ին, կդառնան դրա մի մասը»,-եզրափակեց նա:

Նամականիշերը թողարկել է «ՀայՓոստը»-ը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս