Մատչելիության հղումներ

«Ոսկե գլոբուս» 75-րդ հոբելյանական մրցանակաբաշխության գլխավոր գույնը սևն էր


ԱՄՆ - «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխությունը, Բևերլի Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, 7-ը հունվարի, 2018թ․
ԱՄՆ - «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխությունը, Բևերլի Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, 7-ը հունվարի, 2018թ․

Սգո գույնը դարձավ «Ոսկե գլոբուս» 75-րդ հոբելյանական մրցանակաբաշխության գլխավոր գույնը, իսկ մրցանակաբաշխությունը՝ սեռական ոտնձգությունների և անհավասարության դեմ կազմակերպված ամենամեծ բողոքի ակցիան կարմիր գորգի վրա:

Նախաձեռնությանն աջակցություն ցուցաբերելու և սեռական բռնությունների դեմ իրենց բողոքը հայտնելու նպատակով՝ Լոս Անջելեսում երեկ տեղի ունեցած կինոարվեստի հեղինակավոր այդ մրցանակաբաշխության բոլոր աստղային հյուրերը ներկայացան բացառապես սև զգեստներով:

Միջոցառումը վարելու իրավունքը առաջին անգամ վստահվել էր 44-ամյա հեռուստաաստղ Սեթ Մայերսին, ով լայն ճանաչում է ձեռք բերել իր երգիծական հաղորդաշարի շնորհիվ: Մայերսը հայտարարեց, թե հակառակվելով ավանդույթին՝ նվազագույնի են հասցնելու նախագահ Թրամփի հասցեին կատակները և փոխարենը մեծ ուշադրություն են հատկացնելու Հոլիվուդի համար ավելի արդիական թեմայի՝ Հարվի Վայնշտայնի շուրջ սեռական սկանդալին: Անցյալ տարվա հոկտեմբերից, հայտնի պրոդյուսերին բռնաբարության և ոտնձգությունների մեջ է մեղադրել ավելի քան ութ տասնյակ կին՝ այդ թվում դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Սալմա Հայեքը:

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգներում տասնյակ կինոաստղերից, կինոգործիչներից, հեռուստալրագրողներից կազմված խումբը ստեղծեց Time’s Up՝ «Ժամանակն է» շարժումը, որի շրջանակում նրանք մտադիր են պայքարել սեռական բռնությունների և խտրականության դեմ, մասնավորապես՝ իրավաբանական աջակցություն ցուցաբերել տուժած այն կանանց, որոնք զբաղվում են ոչ այնքան հաճելի, դյուրին կամ հեղինակավոր աշխատանքով:

Եվ ահա Նահանգներում՝ մասնավորապես Հոլիվուդում մեծ թափ հավաքող այս շարժման ֆոնին, բռնության կանխման կոչերի ներքո երեկ կայացավ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է 1944 թվականից սկսած:

Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի մրցանակը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում այս տարի շնորհվեց «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին. Միսուրի» կինոնկարին, որի հեղինակը իռլանդացի ռեժիսոր Մարթին ՄըքԴոնահն է: Ֆիլմը պատմում է միայնակ մոր մասին, ով փորձում է ստիպել ոստիկանությանը հետաքննել դստեր սպանությունը: Էկրանավորումը արժանացել է միանգամից մի քանի մրցանակի՝ «Լավագույն սցենար», «Լավագույն կանացի դեր», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգերում:

«Ոսկե գլոբուս»-ի լավագույն դրամատիկական դերասան ճանաչվեց Գարի Օլդմանը՝ «Մութ ժամանակներ» ֆիլմում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դերակատարման համար:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Ոսկե գլոբուս»-ի մրցանակը հանձնվեց «Ջրի ձևը» ֆիլմի 53-ամյա մեքսիկացի ռեժիսոր Գիյերմո դել Տորոյին՝ սարսափ ֆիլմերի վարպետին: «Ջրի ձևը» ժապավենի հիմքում համր կնոջ սիրո պատմությունն է: Կինոնկարն արվել է 1960-ականների հոլիվուդյան ոճով, որում տեղ են գտել դրվագներ մյուզիքլներից, «սառը պատերազմի» տարիների ռուս լրտեսների ծաղրանկարներ:

«Ոսկե գլոբուս»-ի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակը բաժին հասավ թուրքական ծագման գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինին, ով հայտնի է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմով: «Ոսկե գլոբուս»-ի արժանացած Աքինի «Ոչ մի տեղից» վերտառությամբ ֆիլմը գերմանուհի Քեթիի մասին է, ում ընտանիքը հանկարծակի կործանվում է՝ դառնալով ահաբեկչական գործողության զոհ: Ամուսնուն և որդուն կորցրած կինը որոշում է վրեժ լուծել:

Անսպասելի ձախողում ունեցավ Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսյե» ֆիլմը, որը ներկայացվել էր վեց անվանակարգերում, սակայն մնաց դատարկաձեռն: Ֆիլմը նկարահանվել է իրական պատմության հիման վրա, որը կինոդիտողին տանում է դեպի 70-ականների սկիզբը՝ ծանոթացնելով առաջին կին հրատարակչի՝ The Washington Post թերթի հրատարակչի և դրա խմբագրի հետ: Թվում էր, թե ԱՄՆ-ի 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմի ամենամեծ գաղտնիքի բացահայտումը կգրավեր հոլիվուդյան լրագրողներին, սակայն դա տեղի չունեցավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG