211652_close_icon
views-count2867 դիտում article-date 16:30 24-03-2020

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման մասնագիտական յոթ թիմ

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով (COVID -19) պայմանավորված, դեռևս մարտի 12-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համապատասխան որոշմամբ, ստեղծվեց աշխատանքային թիմ, որն իրականացնում է մարզում վիրուսի կանխարգելմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ: Սակայն, հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի՝ մարտի 23-ի համապատասխան որոշմամբ մարզպետարանում ձևավորվեց մարզային աշխատանքային թիմին աջակցող մասնագիտական յոթ թիմ: Թիմերի կազմավորման և նրանց գործունեության վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետը քննարկում անցկացրեց մարտի 23-ի երեկոյան հրավիրված հերթական նիստի ընթացքում: Նիստին մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գիրգորյանը: Հանդիպման մասնակից մասնագիտական թիմերի ղեկավարները մարզպետին զեկուցեցին շուկայի գների մշտադիտարկման, առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռքբերման, գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանության, ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ախտահանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Բժշկական թիմի ղեկավար, Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը ներկայացրեց մարզում տիրող իրավիճակը առողջապահական տեսանկյունից: « Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակված դեպքեր չունենք գրանցված, չունենք նաև մեկուսացված հիվանդներ: Մարզի բուժհիմնարկները ամենօրյա բժշկական հսկողություն են իրականացնում արտերկրից ժամանած քաղաքացիների հետ, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Բուժհիմնարկներն ապահովվում են համապատասխան հագուստներով և այլ պարագաներով: Իրավիճակը մարզի տարածքում վերահսկելի է և հանգիստ »,- զեկուցեց Լուսինե Վարդանյանը: Մարզի կրթական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումների ապահովման վերաբերյալ զեկուցեց համանուն մասնագիտական թիմի ղեկավար, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը: «Գեղարքունիքի մարզի դպրոցականներն ու մանկավարժներն, օգտվելով տարբեր հարթակներից, մեծ ակտիվությամբ են մասնակցում հեռավար ուսուցման դասընթացներին: Մարտի 23-ի տվյալներով մարզում այդ դասընթացների ընդգրկվածությունը աշակերտների շրջանում կազմում է 85,4 տոկոս, իսկ ուսուցիչների շրջանում՝ 89,8 տոկոս: Մնացածների չընդգրկվածությունը հիմնականում պայմանավորված է համակարգիչների և ինտերնետ կապի բացակայության, ժամանակակից տեխնոլոգիաներին չտիրապետելու, ժամանակակից հեռախոսների բացակայության հետ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է ԿՏԱԿ համակարգում կազմակերպել դասացուցակների և դասաբաշխումների մուտքագրման աշխատանքները»,- նշեց Կարեն Զազյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ աշխատանքների կազմակերպմանն ուղղված այլ թեմաներ, մարզպետ Գնել Սանոսյանը մասնագիտական թիմերի ղեկավարներին տվեց մի շարք հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր