211652_close_icon
views-count3582 դիտում article-date 16:19 05-09-2017

Տեղի է ունեցել Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի մամուլի ասուլիսը

Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի ասուլիսը՝ սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի վերաբերյալ: Համաժողով անցկացվում է Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակին ընդառաջ: Ողջունելով լրագրողներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ համաժողովները համահայկական միասնական ամենամեծ հարթակն են, ազգային ներուժի համախմբման և դրա արդյունավետ կիրառմանը նպաստող բացառիկ իրադարձություններ են, որոնց ընթացքում ճշգրտվում են առաջնահերթությունները, ուրվագծվում են սփյուռքյան, համահայկական գործունեության օրակարգը, ձևավորվում է հայաստանակենտրոն համազգային հայեցակարգ, ազգային հզոր լիցք են հաղորդում մասնակիցներին: «Համաժողովի անցկացման ժամկետը և օրակարգը որոշվել են դեռևս 2014 թվականին՝ Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի արդյունքների ամփոփման ընթացքում: Ի տարբերություն նախորդ համաժողովների՝ 6-րդ համաժողովն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով: Առաջին անգամ համաժողովում առանձնացվել են 4 գլխավոր ուղղություններ, որոնց կազմակերպման համար ընտրվել են պատասխանատու գերատեսչություններ՝ Պաշտպանության, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Սփյուռքի նախարարությունները: 6-րդ համաժողովի մեկ այլ առանձնահատկությունը 2 կլոր-սեղան-քննարկումների անցկացումն է: Առաջին կլոր-սեղանին քննարկման կդրվեն աշխատանքային խմբի առաջարկները Համահայկական խորհրդի ձևավորման սկզբունքների վերաբերյալ: Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նվիրվելու է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերին: Համաժողովին Սփյուռքից արդեն իրենց մասնակցությունն են հաստատել ավելի քան 1500 մարդ աշխարհի 70 երկրից: Համաժողովի ընթացքում կներկայացվեն նախորդ՝ հինգերորդ համահայկական համաժողովի առաջարկների արդյունքում ձևավորված ծրագրերի իրագործման ուղղությամբ կատարված աշխատանքները, ի մի կբերվեն բոլոր նոր առաջարկները, որոնք հետագայում կվերածվեն ծրագրերի և կյանքի կկոչվեն», - հավելեց նախարարը: Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա արդյունքներին՝ նախարարը շեշտեց մասնագիտական ընկերակցությունների կազմավորումը, համահայկական շատ միջոցառումներ (հավաքներ, փառատոներ, մարզախաղեր), նոր համահայկական շարժումների սկզբնավորումը՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար», սահմանապահ գյուղերի սոցիալական աջակցության ծրագիր-շարժումը, Հայկական առևտրային ցանցի, Մեկ պատուհանի սկզբունքով գործող կառույցի, Երկքաղաքացիության ինստիտուտի ձևավորումը և այլն: Արդյունքների ամփոփումից հետո համաժողովը կընդունի Հայտարարություն, որի նախագիծը քննարկվում է համահայկական և համայնքային կառույցների կողմից և որոնց դիտարկումների և առաջարկությունների հիման վրա էլ կձևավորվի վերջնական տարբերակը: Համաժողովի աշխատանքները ներկայացնելու, լուսաբանելու և հետադարձ կապ ապահովելու համար ստեղծվել են աշխատանքային խումբ և կայքէջ: Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի Paf2017.am կայքում առանձին բաժիններով ներկայացված են համաժողովի ծրագիրը, մամուլի կենտրոնի և լրագրողների հավատարմագրման, կազմակերպիչների և հովանավորների մասին տեղեկություններ: Կգործի ուղիղ տեսակապ լիագումար նիստերից: Մարզահամերգային համալիրում ձևավորվելու են տաղավարներ, որոնցում իրենց նվաճումները կներկայացնեն այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Թումո» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քվանտ» վարժարանը: Կցուցադրվեն գինեգործության, կոնյակագործության, տեքստիլ արդյունաբերության ձեռքբերումները: «Մեգերյան կարպետը» կներկայացնի հայ գորգագործության անցյալի նվաճումներն ու ներկա զարգացման ընթացքը: Առանձին տաղավարներով իր տնտեսական և մշակութային ձեռքբերումները կներկայացնի Արցախը: Կլինեն նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը նվիրված ցուցադրումներ: Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ: Սեպտեմբերի 16-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում կբացվի «Նաիրի» երաժշտական այգի-թանգարան, որտեղ տեղադրված կլինեն հայ երաժշտությունը, երգարվեստը, երաժշտական նվագարանները խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակներով 10 արձան: Սեպտեմբերի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի համերգ՝ նվիրված Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին: Սեպտեմբերի 19-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կնշվի «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակը: Սեպտեմբերի 20-ին համաժողովի մասնակիցները ներկա կգտնվեն ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գալա համերգին, որտեղ կմեծարվեն Հայաստանից և Սփյուռքից արվեստի նշանավոր գործիչներ: Սեպտեմբերի 5-29-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում առաջին անգամ «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ կազմակերպում է «Ընտրանի» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի սկզբի 24 հայ նշանավոր արվեստագետների 30 ստեղծագործությունները՝ բացառապես մասնավոր հավաքածուներից: Ասուլիսի վերջում ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշեց. «Համահայկական խորհուրդը պետք է լինի խորհդատվական մարմին: Սփյուռք ունեցող շատ երկներ ունեն նմանատիպ մարմիններ: Խորհուրդը միտված է լինելու Սփյուռքի մտավոր ներուժը համախմբելուն և կազմակերպելուն: Պետք է կարողանանք Սփյուռքի ներուժի օգտագործման արդյունավետ ձևը գտնել: Անդրադառնալով համահայկական խնդիրներին՝ համաժողովներում համատեղ պետք է քննարկել և միասնաբար լուծումներ գտնել: Առաջարկելու ենք, որ Սփյուռքի համայնքները աջակցեն սահմանապահ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: Մեր նախաձեռնած՝ «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ են կյանքի կոչվել: Վերջերս էլ արգենտինահայերը նախաձեռնել են 10 համերգներով շրջագայություն, վերջին համերգը կկայանա Երևանում, իսկ համերգների հասույթով ձեռք բերված երաժշտական գործիքները կնվիրաբերվեն Արցախի երաժշտական դպրոցներին: Այս բոլոր միջոցառումները Սփյուռքի երիտասարդության համար նաև դաստիարակչական նշանակություն ունեն, իրենց մեջ քաղաքական, բարոյական, ազգային, պատմական մեծ լիցք են պարունակում: Նաև՝ փորձի փոխանակման մեծ հարթակ են, ամրապնդում են ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլև՝ Սփյուռք-Սփյուռք կապերը:

Նմանատիպ նյութեր