211652_close_icon
views-count14443 դիտում article-date 19:40 04-05-2021

Ինչպես են Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները օգնում դանակահարված երիտասարդին. աղմկահարույց միջադեպի տեսանյութը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Ինչպես են Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները օգնում դանակահարված երիտասարդին. աղմկահարույց միջադեպի տեսանյութը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից  հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 1-ին մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ՝ դանակահարված։ 

Հիվանդանոց էին ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ինչպես նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ներսես Մխիթարյանը, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանն ու  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Բալդրյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, ու մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել էին, որ նշված անձինք վիրավորվել են Թոխմախի գերեզմաններում։ 

Հիվանդանոցից ոստիկաններն ու քննիչները մի քանի խմբերով 1.5 ժամից ավելի գերեզմանների ողջ տարածքում ստուգում էին, որպեսզի գտնեին դեպքի վայրը։ Նրանց հաջողվում է հայտնաբերել մարտաֆիլմ հիշեցնող վայրը, որտեղ հայտնաբերվում են արնանման հետքեր, ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ 2-րդ վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության քրեագիտական վարչության քրեագետները։ 

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել էին վիրավորների ինքնությունը. նրանք են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Գագիկ Խաչատրյանը, 35-ամյա Հրաչյա Բոյաջյանը, 27-ամյա Համլետ Վանոյանը և 30-ամյա Արման Հովհաննիսյանը։

Դեպքի վայրի զննությամբ քննչներն առգրավել են հայտնաբերված ավտոմատը, ատրճանակը, կրակված պարկուճները, «բարսետան»։ 

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ներսես Մխիթարյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբը, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի, 112 հոդվածի 2-րդ մասի և 34-104 հոդվածի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի 


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 375+
375+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր