«Ներկայիս իշխանությունը նույնիսկ չի էլ փորձում թաքցնել, որ դատարանների նկատմամբ ակնհայտ բռնի ճնշումներ են գործադրվում». փաստաբան

«Դատարանների նկատմամբ ճնշումներն իրականում միշտ են եղել, բայց դրանք այս կարգի բացահայտ ու այս կարգի ինտենսիվ, երևի թե, երբևիցե չեն եղել: Ներկայիս իշխանությունը նույնիսկ չի էլ փորձում թաքցնել, որ դատարանների նկատմամբ ակնհայտ բռնի ճնշումներ են գործադրվում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Դիանա Գրիգորյանը:

Ըստ փաստաբանի՝ երկրի առաջին դեմքի կողմից հրապարակավ դատավորների հասցեին հայտարարություններ են արվում, որոնք ոչ այլ ինչ են, քան դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք, դատարանների նկատմամբ ճնշման գործադրում.

«Որևէ մեկը, առավել ևս՝ երկրի ղեկավար մարմինը, իրավունք չունի իր երկրի արդարադատություն իրականացնող մարմնի անդամներին անվանել «պատերի տակ վնգստացողներ»:

Ես երևի թե չեմ կարող մտաբերել նման երկիր, որտեղ երկրի ղեկավարն այդպես է արտահայտվում դատական իշխանության մասին: Դատական իշխանությունը կարևոր ինստիտուտներից է, և դրա վրա պետք է կառուցվի երկրի հետագա զարգացումը, այդ թվում՝ տնտեսական զարգացումը, բայց այդ մարմնի անդամներին երկրի վարչապետն անվանում է «պատերի տակ վնգստացողներ»»:

Դիանա Գրիգորյանի խոսքով՝ այս երևույթները հիմնականում սրվում և առավել ցայտուն են դրսևորվում հանրահայտ գործերից հետո.

«Երբ դատական իշխանության եզակի, ո՛չ կաշառվող, և ո՛չ էլ հնազանդվող դատավորները ներկայացնում են դատական ակտեր, որոնք գործադիր մարմնին դուր չեն գալիս, մենք տեսնում ենք ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք հենց վարչապետի կողմից, մատ թափ տալու սպառնալիքներ, ընդհուպ՝ մինչև քրեական գործի հարուցում՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից: Սրանից ավելի փաստեր ու ապացույցներ խոսելու համար, որ դատական իշխանությունը այսօր գտնվում է սարսափելի վատ վիճակում, և այսօր ակնհայտ փորձեր են կատարվում դատական իշխանությանը ճնշելու, դարձնելու իրենց ձեռքի լծակը, չեն կարող լինել»:

Փաստաբանն ընդգծեց՝ ակնհայտ է՝ երբ երկիրը չունի արդարադատություն, այդ երկիրն այլևս զարգացում չի կարող ունենալ.

«Այսօր փորձ է արվում երկրի արդարադատությունը ենթարկել գործադիր իշխանությանը: Այն միակ մարմինն է, որ որոշ չափով չի ենթարկվում գործադիր իշխանությանը, և ամեն գործողություն իրականացվում է, որպեսզի այս մարմնին ևս ենթարկեն գործադիր իշխանությանը, և այս մարմնի վրա ևս երկրի վարչապետն ունենա կառավարման լծակներ: Իսկ եթե չունենք դատական իշխանություն, անկախ դատական համակարգ, նշանակում է՝ պետությունն ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ. սկսած մարդու իրավունքներից՝ յուրաքանչյուր քաղաքացի չի կարող իր շահերի արդյունավետ պաշտպանություն ակնկալել դատարանում, և վերջացրած ներդրումներով, որովհետև այսօր տնտեսության զարգացման գրավականներից մեկը կարող է լինել ներդրումները, մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումները, որոնց ուղղակի գրավականն է անկախ դատական համակարգի առկայությունը: Երբ օտար ներդրողը տեսնում է՝ չունես անկախ դատական համակարգ, ինքը երբեք չի փորձի ներդրում իրականացնել: Չի կարող զարգացող երկիր լինել՝ առանց անկախ դատական համակարգի»:

Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, ըստ Դիանա Գրիգորյանի՝ դա ևս մեր դատական համակարգի համար չարիք է. «Մեր արդարադատությունը չունի այնպիսի ցածր մակարդակ, որ կիրառելի լիներ անցումային արդարադատությունը: Անցումային արդարադատության մասին լսել են, բայց իմ կարծիքով՝ խորը չեն ուսումնասիրել՝ հասկանալու համար՝ Հայաստանին դա անհրաժեշտ է, թե ոչ: Ես առավել քան համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությանն անցումային արդարադատությունն ընդհանրապես պետք չէ: Որպեսզի ունենանք դատական համակարգ, գործադիր իշխանությունը և, մասնավորապես՝ վարչապետը, պետք է քիչ մատ թափ տա դատավորների վրա, հարգի պետության յուրաքանչյուր քաղաքացու, առավել ևս՝ արդարադատություն իրականացնող մարմնի անդամներին, և ձեռնպահ մնա՝ նրանց «պատերի տակ վնգստացողներ» անվանելուց»:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասով էլ փաստաբանը նշեց, որ դա ուղղակիորեն շարունակությունն է դատական համակարգի նկատմամբ ճնշումների. «Այսօր գործադիր իշխանությունը փորձում է ՍԴ-ն ևս իր ձեռքը վերցնել, ճնշումների միջոցով հնազանդեցնել իրեն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս