211652_close_icon
views-count884 դիտում article-date 16:24 14-11-2019

Հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ աջակցեն իրենց երազած Սահմանադրական դատարանի հաստատմանը․ վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Սահմանադրական դատարանի» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերն, ու դրանք ուղարկեց ԱԺ` հրատապ կարգով, արտահերթ նիստում ընդունելու։ Նախագծով սահմանվում է՝ Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում՝ նրա լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնայի դրույքաչափի ու հավելավճարի չափով: Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ նախագծի՝ այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները: «Հաշվի առնելով Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիայի բարձր մակարդակն ու դրա հնարավոր ազդեցությունը դատական մարմինների ձևավորման վրա, մենք խնդիր ենք դրել տարբեր գործիքներով ստուգել դատավորների և իրավապահների բարեվարքությունը։ Եվ, վաղ կենսաթոշակի ներդրումն այս ուղղությամբ հերթական քայլն է»,- ասաց Բադասյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ըստ Սահմանադրության, Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավորման 12 տարի ժամկետ է սահմանված, նախատեսվում է, որ դատարանի նախագահը պետք է ընտրվի ՍԴ անդամների կողմից՝ վեց տարի ժամկետով եւ այս բոլոր դրույթներն արդեն ուժի մեջ են մտնել: «Այս դրույթներն ամբողջությամբ ուժի մեջ են մտել, բայց այս սահմանադրական փոփոխություններով նախատեսված դրույթները հնարավոր չի իրականացնել առնվազն մինչ 2035 թվականը: Փաստորեն, մի կողմից հեղինակներն ասել են, որ երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, բայց մյուս կողմից՝ գործողություններ են արել, որոնք մինչեւ 2035 թիվը թույլ չեն տալու ունենալու այդ երազանքի Սահմանադրական դատարանը»,- ասաց վարչապետը: Վարչապետը նշեց, որ Հայաստանում տասը տարին մեկ Սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացվում եւ, եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող է երբեւէ լինի իրավիճակ, որ փոխվեն դրույթները. «Այդ տրամաբանությամբ կստացվի, որ Հայաստանում ուժի մեջ սահմանադրական դրույթները չեն կիրառվում եւ սա իրավակիրառ պրակտիկայի աբսուրդներից մեկն է: Այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որ այդ խնդիրը լուծվի»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սրանով հնարավորություն են տալիս, որ մարդիկ աջակցեն իրենց իսկ երազանքի դատարանի գործելուն՝ առանց սոցիալական կորուստների: Վարչապետն ասաց, որ այս հարցը գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ քննարկել են եւ այն դեռ պետք է ուղարկել Ազգային ժողովի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր