29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ցավ ի սիրտ, կարծում եմ, որ Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

C526C7A0-161F-4EBB-A655-C35D5447130D

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորական դասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց եկեղեցու դիրքորոշումը՝ հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խոսեց ասուլիսի կազմակերպման անհրաժեշտության մասին՝ հիշեցնելով Կառավարության առաջարկով ձևավորված հանձնախմբի նախապատմությունը.

 

«Այս մամլո ասուլիսը չէր լինի, եթե ամեն ինչ բնականոն հունով ընթանար, ինչ նկատի ունեմ՝ այդ մասին բազմիցս արդեն ասել եմ.  անցյալ տարվա հունվարին վարչապետի ցանկությամբ ստեղծվեց հանձնախումբ՝ կառավարության անդամներից և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներից բաղկացած, որոնք պիտի քննարկեին ոչ միայն կրթական ոլորտին վերաբերող հարցեր, այլ բոլոր այն հարցերը, որ գոյություն ունեն պետություն-եկեղեցի հարաբերությունների շրջանակից ներս:

Այդ կենտրոնական հանձնախումբը ստեղծեց ենթահանձնախմբեր, որպեսզի առանձին հարցեր ուսումնասիրվեն, և դեռ անցյալ տարվա փետրվարին կազմվեց կրթական ենթահանձնախումբը, որի մեջ մտանք ես՝ իբրև ղեկավար կամ ատենապետ, Արշակ Սրբազանը, Հայր Զաքարիան և երկու աշխարհականներ՝ Շահեն Կարա-Մանուկյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներից, և Վարդան Ղանդիլյանը՝ կրթության ոլորտի մասնագետ: Այս հինգ հոգով մենք պատրաստակամություն հայտնեցինք հանդիպելու և քննարկելու կրթական ոլորտին վերաբերող բոլոր հարցերը»:

Միքայել արքեպիսկոպոսը տեղեկացրեց, որ այն ժամանակվա ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ ենթահանձնախմբի միակ հանդիպումը եղել է անցյալ տարվա հունիսի ամսին, որտեղ իրենք հնչեցրել են առաջարկ՝ կառավարության կողմից համարժեք ենթախումբը ձևավորելու մասին: Ի դեպ, հանձնախումբն այդպես էլ չի ձևավորվել: Այս տարի արդեն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նույն առաջարկն արել է նորանշանակ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին:

«Ի վերջո, մայիսի 12-ին բազմաթիվ փորձերից հետո ես կարողացա հանդիպել այսօրվա փոխնախարար տիկին ժաննա Անդրեասյանի հետ և դարձյալ դնել այդ հարցն իրենց առջև՝ ձևավորեք ենթահանձախումբ, որպեսզի մենք աշխատենք, այլապես միակողմ աշխատանքն աբսուրդ է: Որովհետև մենք չենք ստեղծվել ինքնուրույն գործելու համար, մենք ստեղծվել ենք պետական զուգահեռ հանձնախմբի հետ աշխատելու համար:

Մայիսի 12-ին տեղի ունեցավ այդ հանդիպումը, ինչը տիկին փոխնախարարը հետո ներկայացրեց իբրև համագործակցության օրինակ, մինչդեռ դա նույնիսկ քննարկում չէր, այլ պարզ զրույց  և շատ սիրալիր զրույց: Դրանից հետո մինչև այսօր մենք դարձյալ սպասում ենք այդ ենթահանձնախմբի ձևավորմանը:

Հընթացս այս ամենի՝ ասպարեզ դրվեց թեզը, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան պիտի հանվի՝ իբրև առանձին առարկա,  բարձրագույն մակարդակով այդ մասին հայտնվեց, հետո հանրակթական չափորոշիչները դրվեցին ընդհանուր քննարկման, այդ քննարկումը չավարտված՝ դրվեցին նաև առարկայական չափորոշիչները:

Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ եկեղեցին իրենց կողմից տրված ժամկետի մեջ ներկայացրեց իր դիտողությունները, որոնց, որքան գիտեմ, առայսօր պատասխան չի եղել (թեև վերջերս տիկին փոխնախարարը դարձյալ ասաց, որ այդ պատասխանները պատրաստ են):

Այդ պատասխանները չստացած, քննարկումները չավարտած՝ ասպարեզ նետվեցին առարկայական չափորոշիչները, և մեր ենթահանձնախումը դարձյալ հավաքվեց և կարծիք հայտնեց այդ առարկայական չափորոշիչների վերաբերյալ»,- լրագրողներին պատմեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Սրբազան հայրը տեղեկացրեց, սակայն, որ այս անգամ իրենց կարծիքն ավելի ընդհանուր է, քանի որ մինչ այս պահը եկեղեցու կարծիքն այդքան լուրջ չի ընդունել  կառավարության պատկան մարմինը.

«Ես՝ իբրև այս ենթահանձնախմբի ատենապետ, այնքան մտահոգված չեմ մեր պատասխանի բովանդակությամբ, որքան մտահոգ եմ այս երկխոսության բացակայությամբ.  արդեն երկու տարի է՝ մենք գոյություն ունենք, որպեսզի աշխատենք կառավարության ներկայացուցիչների հետ, և չենք աշխատում: Մենք միշտ պատրաստակամ ենք եղել ցանկացած պահի այդ հանդիպումը ունենալ, և այդ հանդիպումը չեղավ:

Ցավ ի սիրտ, կարծում եմ, որ Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու, այլ մեկնաբանություն այս պահին ես չունեմ:  Իսկ եթե այս մոտեցումը պիտի շարունակվի, մենք էլ պիտի սկսենք զբաղվել մենախոսություններով, և մեր կարծիքը հայտնենք հրապարակային՝ մեր հույսը դնելով հասարակական կարծիքի ձևավորման վրա»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետը նաև վստահեցրեց՝ եկեղեցին և եկեղեցականները մասնավոր, ճղճիմ, շահադիտական  նպատակադրում չունեն այս ամենի մեջ: «Մեր նպատակը հայ սերնդին լիարժեք հայ ինքնությանը համապատասխան, հայ քրիստոնեական ինքնությանը համապատասխան կրթություն ստանալու և կրթություն տալու մտահգությունն է»,- ասաց Սրբազանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ