Մատչելիության հղումներ

Վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագծերի փաթեթն ընդունվեց ամբողջությամբ


Ազգային ժողովն այսօր քվեների 57 կողմ, 35 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների և լրացումների ու կից օրինագծերի փաթեթը, որը կառավարությունն էր մշակել, նախատեսում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական տալու օրվանից մեկ տարի ժամկետով 9 միավոր տալ։ Խախտում արձանագրելու դեպքում միավորներ են հանվում։

Այսպես, ՃՈ-ն վարորդներին տալիս է 9 միավոր, խախտումների դեպքում դրանք հանվում են, միավորների քանակը կախված է վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից։ Ըստ այդմ՝ տուգանային միավորներն են 0,5, 1, 2, 3 կամ 4, եթե վարորդը խախտումներ կատարի պարբերաբար, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 3 և ավելի անգամ, և դրանց համար կիրառված տուգանային միավորները կազմեն 9, կկասեցվի նրա վարելու իրավունքը 6 ամիս ժամկետով, 6 ամսից հետո մեկ տարվա ընթացքում նույնը կրկնելը կհանգեցնի արդեն մեկ տարով իրավունքից զրկման։

Տարվա ընթացքում միավորների մնացորդը 3 կամ ավելի քիչ լինելու դեպքում վարորդն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն, այն դրական հանձնելու դեպքում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր:

Այս քննությունը դրական հանձնելու միջոցով վարորդը կկարողանա նաև վերականգնել վարելու իրավունքը, եթե անցել է վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսը։

Ընդունված օրենսդրական փաթեթի համաձայն՝ տուգանային միավոր է կիրառվելու ճանապարհային երթևեկության 100 խախտումներից 20-ի նկատմամբ:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր սեպտեմբերին:

XS
SM
MD
LG