Նախարար․ Գերիների ու անհետ կորածների հարցով Ադրբեջանի, ՌԴ-ի ու ԿԽՄԿ հետ շուրջօրյա բանակցում ենք

Նախարար․ Գերիների ու անհետ կորածների հարցով Ադրբեջանի, ՌԴ-ի ու ԿԽՄԿ հետ շուրջօրյա բանակցում ենք

PanARMENIAN.Net - Պատերազմից հետո անհետ կորածների և գերիների հարցով Հայաստանում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը շուրջօրյա բանակցություններ է վարում ադրբեջանական և ռուսական կողմերի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ որոնումների ինտենսիվությունը բարձրացնելու և որոնողական տարածքներն ընդլայնելու ուղղությամբ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

ՊՆ ղեկավարն Արցախում հանդիպել է իր պաշտոնակից, ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին։

Հարությունյանը նշել է, որ պարբերաբար զրուցում է ՌԴ-ում իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ՝ քննարկումների առանցքում պահելով գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հարցը:

Իր հերթին Արցախի ՊՆ ղեկավար Միքայել Արզումանյանը նշել է, որ ԱՀ-ում հետագա խնդիրների լիարժեք կատարման և անվտանգության ապահովման համար ընթանում են զորքերի վերակազմակերպման և ստորաբաժանումների խնդիրների ու կառուցվածքի վերանայման աշխատանքներ։

ՊՆ ղեկավարը կարևորել է ՊԲ-ում իրականացվող լայնածավալ աշխատանքները, հավաստիացրել, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր գործողությունները հայկական երկու հանրապետության անվտանգային համակարգի վերափոխման և առավել ամրապնդման ուղղությամբ:

Նախարարներն անդրադարձել են նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ փոխգործակցությանը:

Պատերազմից հետո դեկտեմբերի 1-ին Ադրբեջանից պաշտոնապես հայտարարվեց, որ իրենք կողմ են գերիների փոխանակման «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ հայկական կողմն առաջարկում է փոխանակել գերիներին նույն՝ բոլորը բոլորի դիմաց «սկզբունքով»։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---