Փաշինյանը՝ բանակցային գործընթացի, իրեն թուրք գործակալ կոչելու և ՀՀ նախկին ղեկավարների խոսքերի մասին

Փաշինյանը՝ բանակցային գործընթացի, իրեն թուրք գործակալ կոչելու և ՀՀ նախկին ղեկավարների խոսքերի մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադարձել է Արցախյան հարցի ու բանակցային գործընթացի մասին երկրի նախկին ղեկավարների դիրքորոշումներին։

Փաշինյանը խոսել է առաջին, երկրորդ և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին։

Վարչապետի խոսքով՝ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո Ադրբեջանը չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը և դա եղել է 2016-ի քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը։

Փաշինյանի խոսքով՝ իր կառավարությունը ԼՂ հարցը ժառանգել է փակուղային, նախապատերազմական վիճակում։

Նա հիշեցրել է 2018-ի ապրիլին Սերժ Սարգյանի հայտարարությունը, թե բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, իսկ Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները դրանից անիրատեսական ու անընդունելի են հայկական կողմի համար։

«Բանակցային գործընթացում մենք հասել էինք մի տեղից, երբ հայկական կողմն ասում է 7 շրջանը վերադարձնում եմ, Ադրբեջանն ասում է՝ ոչ, ավելին պիտի տաս»,- ասել է նա՝ մեկնաբանելով Սարգսյանի նախկին հարցազրույցները։

Փաշինյանն անդրադարձել է նաև Քոչարյանի հայտարարությանը, թե «Ադրբեջանին շանս չի թողնվել հույս ունենալու, որ դիվանագիտական ճանապարհով կարող է որևէ բանի հասնել, իսկ եթե այսպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը»:

«Հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում 1997-98 թվականներին ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, այլև երաշխիքներ, որ այդ երկիրը կհասնի իր նպատակին, այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելն էր»,- հայտարարել է նա։

Վարչապետը մեկնաբանել է նաև Քոչարյանի խոսքերը, թե ինքը նույնը կաներ, եթե լիներ Թուրքիայի գործակալ։

«Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է։ Եթե Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, և 1997-98 թվականներին, եթե ՀՀ-ն ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ կարող էին մատուցել Ադրբեջանին՝ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն է։ Եթե Քոչարյանը լիներ թուրքական գործակալ՝ այո, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։ Եթե ԱԱԾ-ն 1999-ին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո՝ կգնդակահարեին խորհրդարանում՝ Արցախյան հաղթանակի հեղինակին ու ՀՀ-ն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին։ Դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, երբ նրանց անվտանգությունն ապահովեին թուրքական գործակալները»,-հայտարարել է վարչապետը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---