News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Այս 51 քարտեզները ցույց են տալիս, թե ինչպես է Հայաստանն ընկալվել օտարերկրացիների կողմից 26 դար շարունակ. դրանք արտացոլում են մեր պատմության փառահեղ, ինչպես նաեւ ողբերգական էջերը»: Այս մասին հոկտեմբերի 24-ին, հայտարարել է  Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ ելույթ ունենալով  Լատվիայի ազգային գրադարանում Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին Լատվիայի ազգային գրադարանում տեղի ունեցավ Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը նախաձեռնել եւ կազմակերպել էին Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) եւ Լատվիայի ազգային գրադարանը: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է նաեւ ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոսությունը:

Միջոցառման բացմանը ներկա էին Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահը, պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ, հոգեւորականներ, լրագրողներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթով հանդես եկավ Լատվիայի ազգային գրադարանի տնօրեն Անդրիս Վիլկսը, ով նշեց, որ մեծ կարեւորություն է տալիս Ռիգայում նման միջոցառման անցկացմանը, քանի որ լատվիական հասարակությունը բացառիկ հնարավորություն է ստանում օտար քարտեզագրական աղբյուրների միջոցով ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը: Ազգային գրադարանի տնօրենը նաեւ շեշտեց, որ մեծապես կարեւորում է Լատվիայի ազգային գրադարանի համագործակցության խորացումը Մատենադարանի եւ Հայաստանի ազգային գրադարանի հետ:

Բացմանը ելույթ ունեցավ նաեւ Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով նշեց, որ «այս 51 քարտեզները ցույց են տալիս, թե ինչպես է Հայաստանն ընկալվել օտարերկրացիների կողմից 26 դար շարունակ: Դրանք արտացոլում են մեր պատմության փառահեղ, ինչպես նաեւ ողբերգական էջերը»: Նա տեղեկացրեց նաեւ, որ այդ ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացված է հին հունական, հռոմեական, պարթեւական, արաբական, օսմանյան, եվրոպական քարտեզագիրների կողմից, դրական արձագանք է ստացել մի շարք այլ մայրաքաղաքներում:

Ցուցահանդեսին դասախոսությամբ հանդես եկավ քարտեզները կազմող եւ հրատարակող Ռուբեն Գալիչյանը, ով ներկայացրեց պարսից Դարեհ Մեծն արքայի Բեհիսթունյան սեպագիր արձանագրությունները, ուր Հայաստանը, որպես հարեւան երկիր նշվում է բազմիցս, ապա՝ մ.թ.ա վեցերորդ դարի, Բրիտանական թանգարանում պահվող հնագույն Աշխարհացույցը, որի կենտրոնում առկա են երեք երկիր՝ Ասորեստանը, Բաբելոնը եւ Հայաստանը, պատմագիտության հիմնադիր Հերոդոտոսի, աշխարհագրության հիմնադիր Ստրաբոնի եւ այլ հնագույն աշխարհագրագետների քարտեզներ, որոնց բոլորում առկա է Հայաստանը: Հերթականությամբ ցուցադրվեցին միջնադարյան, իսլամական եւ քրիստոնեական քարտեզներ:

Այնուհետեւ Օսմանյան Թուրքիայում 1894-96թթ. կոտորածների եւ 1915թ. Ցեղասպանությանը վերաբերող քարտեզներն էին՝ հասնելով մինչեւ Հայաստանի Առաջին հանրապետության, ինչպես նաեւ խորհրդայնացման քարտեզները: Քարտեզների այս շարքն ավարտվում էր Հայաստանի եւ Արցախի ներկա քարտեզներով:

Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես եկավ Գերմանիայից հրավիրված էթնո-ջազային «Ագվաս» տրիոն, որը հայկական ժողովրդական երաժշտությունը կատարեց ջազային մեկնաբանությամբ: Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը հաջորդեց ընդունելությունը:

Ցուցահանդեսը, որն անց է կացվում Սիլտում-էլեկտրոպրոյեկտ ընկերության (հայ բարերար Մխիթար Մխիթարյանի) աջակցությամբ, բաց է լինելու մինչեւ նոյեմբերի 26-ը:

Տպել
Ամենաշատ