28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես Աննան եմ, Նիկոլի կինը. Փաշինյանի կնոջ ելույթը՝ Հայ մամուլի համահայկական համագումարին

default (1)

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ‹‹Հայկական ժամանակ›› օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում ներկա է գտնվել Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողությանը։ Բացման խոսքով հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամի Առաջինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն էլ ընթերցել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Իր ելույթում Աննա Հակոբյանն անդրադարձել է հայ մամուլի մարտահրավերներին։ 

Ստորև ներկայացնում ենք Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ։

«Վեհափա՛ռ տեր , սիրելի՛ պարոն դեսպան,

Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, կազմակերպիչներ, հյուրեր

Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Առաջինին 2019 թվականը մամուլի տարի հռչակելու, և այս համաժողովը կազմակերպելու համար:

Մամուլն այսօր ամբողջ աշխարհում ճգնաժամ է ապրում, և հայ մամուլը, այսինքն Հայաստանյան մամուլը և աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում գործող մամուլը չէր կարող անմասն մնալ համաշխարհային այս պրոբլեմից: Ուստի սույն նախաձեռնությունն առավել քան երբևէ տեղին է և սպասված: Ես հույս ունեմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի բարձր հեղինակության և հայրապետական օրհնանքի ներքո այս համաժողովի մասնակիցներին կհաջողվի վեր հանել ամենախորքային խնդիրները, քննարկել դրանք, լուծումներ փնտրել, և եթե հաջողվի նաև ընդհանուր  ռազմավարություն և ուղենիշներ սահմանել, դրանք մեզ հետ տանել յուրաքանչյուրս մեր երկիր՝ պարտավորվելով նաև կյանքի կոչելու:

Ես ուզում եմ առաջ անցնել և հույս հայտնել, որ մամուլին նվիրված համաժողովը կդարձնենք ամենամյա, որովհետև եկեք խոստովանենք, աշխարհը խելակորույս արագությամբ զարգանում է, իր հետ բերելով նորանոր մարտահրավերներ և խնդիրներ և մենք, մամուլի միջոցներս պարտավոր ենք արագ և ժամանակին արձագանքել դրանց:

Նորագույն տեխնոլոգիաների արագ զարգացումը, համացանցի սփռվածության սահմանների ընդլայնումը, որպես դրա հետևանք՝ սոցիալական  ցանցերի՝ ավանդական մամուլին փոխարինելու, ինֆորմացիայի տարածման և ստացման ամենաօպերատիվ և հիմնական աղբյուր դառնալու հավակնությունները տենդենցներ են, որ մեզ ուղեկցելու են առաջիկա տասնամյակների ընթացքում և լավ կլիներ, եթե մենք կարողանայինք որպես մեկ համայնք, որպես միևնույն արժեքը կիսող և միևնույն նպատակին ծառայող համքարություն միասին և կազմակերպված արձագանքել այս մարտահրավերներին:

Ես համագումարի հետագա աշխատանքներին չեմ կարող մասնակցել, կարծում եմ հարգելի պատճառներով, որովհետև ի հեճուկս մեր բազմաթիվ լրատվամիջոցներում տարածվող լուրերի,  թե ես սիրում եմ արտասահմանյան վոյաժներ անել, յուրաքանչյուր արտասահմանյան այցի ժամանակ աշխատում եմ առավելագույն օպտիմալ օգտագործել ժամանակը և շատ բան հասցնել անել: Եվ այս այցն էլ բացառություն չէ։ Ինչպես արդեն գիտեք, ունեմ հագեցած ծրագիր․ հանդիպում Լիբանանի նախագահի տիկնոջ հետ, այցելություն Լիբանանում առաքելություն իրականացնող մեր խաղաղապահներին․․․

Ահա ուրեմն, քանի որ չեմ հասցնի աշխատանքային քննարկումներին մասնակցել, ուզում եմ ձեր հետագա դատին հանձնել մեկ-երկու առաջարկություն, օրինակ այն, որ համաժողովը դառնա ամենամյա, որ դրա արդյունքում փաստաթուղթ ընդունվի, որը կարող ենք անվանել ռազմավարություն, կամ Ժամանակի մարտահրավերներին արձագանքելու ուղենիշներ հայկական մամուլի միջոցների համար: Կամ ցանկացած այլ անուն:

Բայց որպեսզի համաժողովը ծառայի իր նպատակին, կամ առավել ևս դառնա ամենամյա, և գործնական կիրառման ենթակա փաստաթուղթ ընդունի, մեզ անհրաժեշտ է անկեղծ խոսակցություն: Առանց դրա, սույն համաժողովը կդառնա հերթական մի միջոցառում, որի առավելագույն ձեռքբերումը կլինի Լիբանանում իրար հետ անցկացրած օրերի ու ժամերի մասին լավ հիշողությունը:

Անկեղծ խոսակցության համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է իրերն իրենց անուններով կոչելու, կամ ինքներս մեզ տհաճ հարցեր ուղղելու քաջություն։ Օրինակ, արդյոք ժամանակակից հայ մամուլը հավատարիմ է իր կոչմանն ու առաքելությանը։ Եվ որն է առհասարակ մամուլի կոչումն ու առաքելությունը։

Իմ խորին համոզմամբ չնայած բոլոր տեսակի տեխնոլոգիական զարգացումներին մամուլի կոչումը մնում է նույնը՝ վստահելի տեղեկատվության հայթայթումն ու տարածումը։ Սա այն նվազագույնն է, որ պետք է անի մամուլի միջոցը՝ անկախ այն բանից տպագիր է, էլեկտրոնային, հեռուստատեսություն է, թե ռադիո։ Բացի տեղեկատվության տարածումից մամուլը հասարակությունը կրթելու առաքելություն ունի, գաղափարներ առաջ բերելու, հանրային խորքային քննարկումներ հարուցելու, պետության և ժողովրդի կյանքում կենսական նշանակության հարցեր վերհանելու և այդ հարցերի լուծման բանալիները գտնելու առաքելություն։

Արդյոք մենք, մամուլի միջոցներս հավատարիմ ենք մեր այս կոչմանը և իրականացնում ենք մեր այս առաքելությունը։

Ես շատ կուզեի ասել, որ այ՛ո, չնայած բոլոր տեսակի բարդություններին, սփյուռքահայ մամուլն ու հայաստանյան մամուլը շարունակում են ծառայել իրենց կոչմանը, սակայն վստահ եմ, որ այս դահլիճում ներկա յուրաքանչյուր ոք քաջ գիտակցում է, որ դա այդպես չէ։ Չեմ ուզում սխալվել սփյուռքահայ մամուլի մասին որևէ գնահատական տալով, որովհետև անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ տիրապետում եմ, թե ինչ դերակատարություն ունեն այսօր տարբեր երկրների հայկական գաղթօջախներում գոյություն ունեցող մամուլի միջոցները։

Սակայն հայաստանյան մամուլի մասին կարող եմ միանշանակ ասել, որ վերը նշված արժեքները վաղուց արդեն դադարել են նորաձև լինել մեր լրատվամիջոցների համար։ Վստահելի տեղեկատվություն ասվածը մեր օրերում մամուլի էջերից անհետացող տեսակ է, այն իր տեղը զիջում է էժանագին սենսացիաներին, անարժեք մանիպուլյացիաներին, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված չակերտավոր փաստերի մատուցմանն ու դրանց վերաբերյալ մտացածին վերլուծություններին։

Իհարկե այս իրավիճակն ունի նաև իր օբյեկտիվ պատճառները։

Առաջին և ամենակարևորը ֆինանսավորման աղբյուրներն են։ Ես չեմ ուզում այս թեմայի վրա ծանրանալ, որովհետեւ բոլորը գիտեն, թե իրենք ինչպես են ֆիանանսավորվում, մյուսներն ինչպես են ֆինանսավորվում, և գիտակցում են, որ ուրիշներն էլ տեղյակ են, թե իրենք ինչպես են ֆինանսավորվում։

Ֆինանսավորման խնդիրը, իմ խորին համոզմամբ, ահա, հայաստանյան մամուլի ներկա իրավիճակի համար առաջին պատճառն է։ Որևէ լրատվամիջոց որևէ տեղեկատվություն իր էջերում զետեղելիս հաշվի է առնում, թե դա որքանով է իրեն՝ ֆինանսավորողի քիմքին հաճելի։ Այս իրավիճակի լուծումը իմ կարծիքով մեկն է, հանրությունը ինքը պետք է իր լրատվամիջոցի ֆինանսավորողը դառնա։ Այլ ճանապարհ չկա։ Մեր օրերում հսկայական անվստահություն է առաջացել ընթերցողի, այսինքն լրատվությունը սպառողի և լրատվությունը մատակարարողի, այսինքն՝ մամուլի միջեւ։

Գաղտնիք չէ, որ հայաստանյան լրատվամիջոցները հանրային մեծ ճնշում են զգում իրենց վրա, որը երբեմն արտահայտվում է թույլատրելիի սահմաններն անցնող մեթոդներով, հայհոյանքներով, այս կամ այն թերթը փակելու կամ դրա ինտերնետային տարբերակը բոյկոտելու կոչերով։ Հանրությունն ըստ էության լրատվամիջոցից պահանջում է մի ծառայություն, որի համար հարկ չի համարում և պատրաստ էլ չէ վճարել։ Ինչպես պետք է այս կամ այն լրատվամիջոցը գոյատևի, լրագրողներ ընդունի աշխատանքի, նրանց աշխատավարձ վճարի և նրանցից լավ, վստահելի և որակյալ տեղեկատվություն պահանջի, եթե հանրությունը չի վճարում իրեն այդ ծառայությունների համար, հարյուր-կամ երկուհարյուր դրամ չի տալիս և թերթ չի գնում, կամ պատրաստ չէ վճարել այդ նույն թերթի ինտերնետային տարբերակին բաժանորդագրվելու համար։ Որտեղից պետք է լրատվամիջոցը ֆինանսավորվի իր գոյությունը պահպանելու համար, բնականաբար պետք է դիմի դաշտում խաղացող տարբեր քաղաքական միավորների օգնությանը, որոնք ունեն սեփական շահագրգռությունները, նպատակները և բնականաբար ֆինանսավորելով այս կամ այն լրատվամիջոցը ծառայեցնելու են միայն և բացառապես սեփական շահերին ու նպատակներին։

Ո՞րն է եզրակացությունը, իմ կարծիքով այն մեկն է, եթե Հայաստանի քաղաքացին ուզում է ունենալ վստահելի, բարձր մակարդակի, լրատվություն ապահովող լրատվամիջոց, պետք է վճարի այդ լրատվամիջոցի գոյության համար։ ԵՎ այդ դեպքում լրատվամիջոցը կսկսի ծառայել իրեն ֆինանսավորողին, որը տվյալ դեպքում կլինի ոչ թե այս կամ այն երբեմն վիճելի և կասկածելի նպատակներով քաղաքական միավորը, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

Երկրորդ խնդիրը սոցիալական ցանցերում օր օրի սնկի նման աճող անհասկանալի ծագման չակերտավոր լրատվամիջոցներն են, որոնք կարողանում են անորակ և ֆեյք լրատվության շնորհիվ լսարան հավաքել և ավանդական մամուլին այլընտրանք դառնալ․ անորակ սակայն այնուամենայնիվ այլընտրանք։ Ահա այս ‹‹թշնամուն›› հաղթելու համար լրատվամիջոցները երբեմն իրենք են դիմում անորակ լրատվություն մատուցելու քայլին,  լրատվական օվկիանոսի ջրի երեսին ինչ-որ կերպ մնալու և չանհետանալու ձգտումով։

Եթե նույնիսկ չթվեմ մյուս խնդիրները, հույս ունեմ, որ դրանք կվերհանվեն համաժողովի մյուս մասնակիցների կողմից, սրանք արդեն բավարար են պատկեր ունենալու համար։ Լրատվամիջոց, որ ֆինանսավորվում և սպասարկում է տարբեր քաղաքական խմբերի կողմից, սպասարկում է նրանց շահերը և դա անում է այնպես, որ դիմանա ֆեյք լրատվամիջոցների մրցակցությանը, այսինքն նրանց թելադրած խաղի կանոններով ու ճաշակով։ Արդյունքում ունենք այն ինչ ունենք և սա արդեն ոչ միայն լրատվամիջոցների խնդիրն է, այլ հասարակության եւ պետության։

Բայց մեր երկրում մեկ տարի առաջ դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել եւ մեր հասարակությունը դեռևս այդ փոփոխությունների ոգևորության տակ է, իսկ պետությունը իր բոլոր օղակներով լծված է այդ փոփոխությունները կապիտալիզացնելու գործին։ Այսինքն, ո՛չ առաջինի, ո՛չ երկրորդի համար լրատվամիջոցների հարցը առաջնային չէ։ Ասել կուզի պետք չէ սպասել, որ որևէ մեկը մեր փոխարեն ձեռնամուխ կլինի մեր խնդիրների լուծմանը։ Մենք պետք է ինքներս առաջին քայլն անենք, մենք պետք է մտածենք մեր ներկայի և ապագայի մասին և մենք պետք է ստիպենք պետությանն ու հասարակությանը հաշվի նստել մեզ հետ, կարևորել մեզ։ Այն ճանապարհը, որով մենք հիմա փորձում ենք դա անել, սխալ ճանապարհ է։ Մենք իհարկե այսուհետ էլ կարող ենք շարունակել ինքախաբեությամբ զբաղվել, թե ազատ մամուլ ենք, քննադատում ենք, սակայն մարդիկ դա չեն հասկանում, սակայն դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, այդ ճանապարհով շարունակելով, մենք ոչ թե կլուծենք մեր խնդիրները, այլ էլ ավելի կխորացնենք դրանք։

Այսօր արդեն հետհեղափոխական Հայաստանում հայաստանյան մամուլը համընթաց չի քայլում ժողովրդի և պետության հետ, այսօր արդեն մենք ամեն օր վայելում ենք մամուլի, հանրության ու պետության միջև առաջացած խորը անջրպետի դառը պտուղները և եթե մենք օր առաջ ձեռնամուխ չլինենք մեր խնդիրների խորքային լուծմանը այդ անջրպետը ավելի ու ավելի է խորանալու։ Իսկ դա հղի է մեծ վտանգներով, որովհետեւ այս լսարանում չէ, որ պետք է ընդգծել, թե ինչ կարևոր դերակատարություն ունի մամուլը որևէ երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում։

Շատ բան կա ասելու, բայց թերևս պետք է սահմանափակվեմ այսքանով։ Ուզում եմ սակայն հատուկ ընդգծել, որ ես որպես վարչապետի տիկին և որպես հայաստանյան առաջատար  թերթերից մեկի գլխավոր խմբագիր, հայաստանյան լրագրողական համայնքին առաջարկում եմ իմ անմնացորդ ծառայությունները մեր համընդհանուր խնդիրների լուծման գործում։ Որովհետև մեր դաշտում գոյություն ունեցող ցանկացած խնդիր ես համարում եմ իմ անձնական խնդիրը։

Ուզում եմ ասել նաև, քանի որ ինքս եմ կարևորում այս հարկի ներքո անկեղծ խոսակցություն ունենալու կամքը․

Սիրելի՛ գործընկերներ, հայաստանյան մամուլի իմ երկար տարիների ընկերներ, մենք իրար հետ ճանապարհ ենք անցել,  միասին տարբեր ակցիաներ ենք արել, մամուլի հանդեպ ճնշումներ ենք հաղթահարել, ճիշտ է ես այդ տարիներին դեռ սկսնակ լրագրող էի, բայց դա իրերի դրությունը չի փոխում, դուք կանգնել են մեր կողքին, երբ իմ ամուսինը բանտարկված էր, մենք իրար հետ մրցակցել ենք, իրարից նեղացել ենք, հաշտվել ենք, այսինքն մի կյանք են ապրել միասին, և այսօր ձեր լրատվամիջոցներից շատերը գրեթե ամենօրյա ռեժիմով իմ եւ իմ ընտանիքի մասին տարածում են մերկապարանոց ստեր։ Ես սա չեմ ասում, որպես կշտամբանք, սակայն, ուզում եմ անկեղծ լինել, շատ ժամանակ նեղսրտում եմ, շատ ժամանակ իմ մտքում արդարացումներ եմ փնտրում, բայց մեծ հաշվով այդ սուտը նույնպես ընդունում եմ վերը հիշատակված խնդիրների համատեքստում։

Ես ուզում եմ հավատալ, որ մենք կարող ենք գնահատել լրագրողական համայնք հասկացությունը, կարող ենք ամենօրյա կյանքում վայելել լրագրողական համերաշխություն ասվածի հաճույքը։ Բոլորս տեսանք, որ երեկվա իշխանությունը կարող է դառնալ ընդդիմություն, ընդդիմությունը՝ իշխանություն, այսօրվա իշխանությունն էլ վաղը կարող է դառնալ ընդդիմություն, բայց մենք՝ լրագրողներս միշտ պետք է մնանք նույնը։ Ես հասկանում եմ, որ վարչապետի տիկին բառակապակցությունը հատուկ է հնչում, տարբեր ասոցիացիաներ առաջացնում, բայց ուզում եմ դուք վստահ լինեք, ես Աննան եմ, Նիկոլի կինը, ձեր լրագրող գործընկերը, որին չի կարող փոխել աշխարհում ոչ մի իշխանություն, ոչ մի կարգավիճակ։

Շնորհակալություն ուշադրության համար և բարի երթ այս շատ կարևոր համաժողովին»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ