Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին մեկ ամսվա ընթացքում  Վերնիսաժի տարածքում հայ չենք տեսել. նկարիչ

Հասարակություն
saryan

Խորհրդային միության փլուզման տարիներին Մ. Սարյանի արձանի հարևանությամբ  ստեղծված «Վերնիսաժը»  շարունակում է մնալ օտարերկրացի զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Դա են փաստում նկարիչները, որոնք կատակով ասում են. «Վերջին մեկ ամսվա ընթացքում  Վերնիսաժի տարածքում հայ չենք տեսել»: Նկարիչները վստահորեն նշում են, որ զբոսաշրջիկների թիվն այս տարի անհամեմատ աճել է, սակայն այդ ամենը չի անդրադառնում նկարների վաճառքի վրա: «Ա1 +»-ի հետ զրույցում երիտասարդ նկարիչ Արմեն Զաքարյանը խոսեց  Վերնիսաժ  այցելող զբոսաշրջիկների ու նկարների վաճառքի մասին: Ըստ նրա՝ «Վերնիսաժի»  հիմնական այցելուներն ու գնորդները եվրոպացիներն են: Իրանցիներ քիչ են գալիս, սակայն եկողներն էլ ամեն կերպ ձգտում են նկարի գինը նվազեցնել 40-60 տոկոսով: «Պարսիկները Հայաստան գալիս են հաճույքների համար, իսկ եվրոպացիները հասկանում ու սիրում են արվեստը: Մեր հիմնական գնորդները գերմանացիներն են, իտալացիները, ավստրիացիները, որ գնելուց զատ, նաև կարծիք են հայտնում: Նրանք նշում են,  որ Հայաստանում նկարներն ավելի մատչելի են, քան իրենց երկրներում, իսկ հայ նկարիչներն ավելի լավ են զգում գույները, քան եվրոպացի նկարիչները»: vernisazh3 Երիտասարդ նկարիչն անդրադարձավ նաև Վերնիսաժի  խնդիրներին, թե ինչու է վաճառքն այս տարի փոքր-ինչ նվազել: «Զբոսաշրջիկը Հայաստան մտնելուն պես բախվում է տաքսիստներին, հյուրանոցին, տեսարժան վայրերին և հետո նոր մտածում է արվեստի մասին: Սակայն վերջում խեղճ զբոսաշրջիկի ձեռքը գումար չի մնում, որ կարողանա նկար գնել: Ու դրա հետ մեկտեղ կարելի է նշել, որ մեծամասնությունն իրոք ցանկանում է գնել, սակայն գումար չունի: Լավ կլիներ, որ եվրոպացի զբոսաշրջիկը Հայաստան մտնելուն պես գար միանգամից արվեստով շնչող վայրերը»:  Նկարիչ Զաքար Զաքարյանը նույնպես համակարծիք էր երիտասարդ նկարչի հետ, սակայն այդ ամենի հետ մեկտեղ նա շատ էր ցանկանում, որ հայ նկարիչը հասանելի լինի նաև համաշխարհային նկարչության համար: vernisazh1 «Հայաստանում կա Օլիմպիական կոմիտե, որը ֆինանսավորում է մարզիկներին: Ի՞նչ վատ կլիներ, որ նկարիչներին էլ ֆինանսավորեին, և մենք գնայինք արտերկիր ցուցահանդեսների ու գումարի 50 տոկոսն էլ կհանձնեինք այդ կազմակերպությանը»: Նկարիչները հուսով են, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նկարների հանդեպ հետաքրքրությունը կլինի ավելի մեծ, «քանի որ այդ ժամանակ են արտերկրից վերադառնում հարուստ հայերը»: