Ոչ մի կասկած չկա, որ Մակրոնը բավականին ակտիվ կարող է լինել ղարաբաղյան հիմնախնդրի հարցում. Ֆրանսահայ պատգամավոր
Մասնավոր այցով Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Կազարյանը՝ քաղաքացիություն ստանալու համար: Լրագրողների հետ հանդիպմանը Դ. Կազարյանն ասաց, որ Ֆրանսիայի խորհրդարանում հայկական ծագում ունեցող երեք պատգամավոր կա, ովքեր նախագահ Է. Մակրոնի կուսակցությունից են:
«Երեկվանից ես ինձ համարում եմ ֆրանսիական և հայկական խորհրդարանական, ով ներկայացնում է նաև Հայաստանը»,- նշեց նա:
Խոսելով հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին, նա նշեց, որ նախկին նախագահ Ֆ.Օլանդի օրոք գործում էր Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը, որը բավականին ակտիվ էր, խմբում ներառված էին տարբեր խմբակցություններից և կուսակցություններից 60 խորհրդարանական:
Ֆրանսահայ պատգամավորն ասաց, որ Ֆրասիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այժմ այդ խումբը նոր-նոր է ձևավորվում. «Աշխատում ենք այդ խումբը ձևավորելու ուղղությամբ, ցանկանում ենք, որ ավելի շատ խորհրդարանականներ ընդգրկվեն: Մեր գլխավոր դերը լինելու է էլ ավելի զարգացնել երկու երկրի միջև գոյություն ունեցող մշակութային, տնտեսական, քաղաքական կապերը»:
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին, նա կարծում է, որ մոտ ապագայում հակամարտությունը լուծում կգնի, նաև հույս հայտնեց, որ ներկայիս նախագահ Է. Մակրոնը, ինչպես նախկին նախագահ Ֆ. Օլանդը, կշարունակի իր ջանքերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Ինձ թվում է՝ մի քիչ ժամանակ պետք է տանք մեր նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին: Ոչ մի կասկած չկա, որ նա բավականին ակտիվ կարող է լինել այս խնդրում, ինչպես մյուս համանախագահող երկրները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը»:
Նա ասաց, որ չի եղել Արցախում, բայց շատ է ցանկանում. «Ժամանակ ունենալու դեպքում սիրով կգնամ: Հաջորդ անգամ կուզեմ գնել»:
Ինչ վերաբերում է ֆրանսահայ համայնքին, Դ. Կազարյանն ասաց, որ այն բավականին ուժեղ կառուցվածք ունի: Նրա խոսքով, համայնքի նպատակն է Հայաստանի և Ֆրանսիայի միջև էլ ավելի զարգացնել տնտեսական կապեր:
«Հայաստանը կարիք ունի տնտեսական զարգացման, որպեսզի կարողանա ունենալ նաև քաղաքական ուժ, որը թույլ կտա հայ երիտասարդներին մնալ իրենց երկրում, հայրենիքում»,- ասաց ֆրանսահայ խորհրդարանականը: