Մատչելիության հղումներ

«Կրիր դիմակ և մի՛ տուգանվիր»


Համաճարակային վիճակի որոշակի բարելավմանը զուգահեռ ավելացել են սահմանված կանոնները խախտողները, սա ակնհայտ դարձավ նաև երեկ երեկոյան մայրաքաղաքում «Ազատության» կատարած շրջայցի ընթացքում։ Երեկ կառավարության նիստին նման արձանագրում էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ կորոնավիրուսի տարածման դրական միտումներին զուգահեռ բազմաթիվ քաղաքացիներ վերջին շրջանում դիմակներ չեն կրում, ուստի ոստիկանությունն էլ ավելի մեծ թվով մարդկանց է տուգանում։

Փաշինյանը դիմակ կրելու նոր կարգախոս հնչեցրեց. - «Այն ժամանակ ասում էինք` կրիր դիմակ, փրկիր կյանքեր, հիմա ասում ենք, հույս ունենք, որ մազերը կզրոյանան, և կասենք` կրիր դիմակ և մի՛ տուգանվիր, և սրանով հարցը փակենք, մինչև պատվաստանյութի հետ կապված խնդիրները լուծվեն»:

Իշխանություններն ու մասնագետներն ահազանգում են՝ եթե քաղաքացիները չհետևեն կանոններին, Հայաստանը կվերադառնա համաճարակային ամենաբարդ վիճակին։ Դրա մասին է վկայում մի շարք երկրների փորձը։

«Մենք տեսնում ենք, որ աշխարհի շատ երկրներում այսօր նորից սկսել է այսպես ասած` երկրորդ ալիքը, և նույնիսկ կան երկրներ, որոնք պաշտոնապես ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ իրենք հաղթահարել են կորոնավիրուսը, բայց հիմա իրենք ստիպված են վերադառնալ ամենախիստ սահմանափակումների ռեժիմին», - նշել էր վարչապետը:

Դիմակը սխալ ձևով կրող՝ քիթն ու բերանը չփակող մարդիկ ամենատարբեր պատճառաբանություններն են բերում, որոշներն անգամ բացատրություն չունեն. - «Ոչ մի պատճառ չկա, որ դիմակս ցածր ա, ուղղակի սենց եմ ուզում, ի՞նչ կա, որ սենց ա դրած, էտի ճիշտ չի՞»:

Կորոնավիրուսի ավելի քան 40 հազար հաստատված դեպքերից, հարյուրավոր մահերից հետո անգամ ողջ աշխարհը կաթվածահար արած Covid-ին չհավատացողներ կան։ Որոշներն էլ «Ազատության» պարզ՝ դիմակ կրելու վերաբերյալ հարցը լսելուց հետո սկսում են իշխանությունից ու ընդդիմությունից խոսել. - «Ես իշխանությանը չեմ քննադատում, ես չեմ ասում` փոխվեք, մերժեք»:

Ամռան տապին ու դժվարացած շնչառությանը մեղադրողները ինչպես ամռան ամբողջ ընթացքում շատ են։ Դե իսկ արդեն այն քաղաքացիները, որոնք դիմակով էին, պնդեցին՝ թվերի նվազումը կանոնների պահպանման վրա չպետք է ազդի, անհրաժեշտ է կրել այնքան ժամանակ, քանի դեռ կորոնավիրուս. - «Անհրաժեշտության դեպքում կարևոր է կրել, չուրախանանք, մինչև երբ որ վերջնական կպրծնենք էս վիրուսից»:

«Պարտադիր, որոշում է կառավարության, օրինապահ մարդիկ ենք, որ իբր չկրենք, ո՞ւմ ի՞նչ պիտի ապացուցենք», - ասում է քաղաքացիներից մյուսը:

Երեկ դիմակ չկրող քաղաքացիներին տուգանող բազմաթիվ ոստիկանների հանդիպեցինք Երևանի կենտրոնում, սակայն, արձանագրված խախտումների թվերի վերաբերյալ տվյալներ իրավապահ մարմնից չստացանք։

XS
SM
MD
LG