«Սևան Ստարտափ Սամմիթին» ավելի քան 100 թիմ կմասնակցի. Ամերիաբանկը գլխավոր գործընկերն է

«Սևան Ստարտափ Սամմիթին» ավելի քան 100 թիմ կմասնակցի. Ամերիաբանկը գլխավոր գործընկերն է

PanARMENIAN.Net - «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումը, որն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, 2017-ին տեղի կունենա հուլիսի 24-ից 31-ը։ Որպես գլխավոր գործընկեր և ֆորումի հիմնական միջոցառման` Big Battle-ի գլխավոր մրցանակի տրամադրող, նախաձեռնությանն է միացել Ամերիաբանկը:

2017թ. սամմիթը կկազմակերպվի կրկին Սևանա լճի ափին: Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ավելի քան 100 ստարտափ թիմ, հրեշտակ ներդրող, բիզնես թրեյներ, մենթոր 7 օր շարունակ կլինեն մրցույթներով, քննարկումներով և բացահայտումներով հագեցած բիզնես միջավայրում և կվայելեն իրենց հանգիստն այս միջոցառման շրջանակներում:

«Մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք է կատարվել, մենք պատրաստ ենք ընդունել 1000-ից ավելի մասնակից տարբեր երկրներից: Բիզնես ֆորումի աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է. ունենք ներդրողներ և մասնակիցներ ավելի քան 10 երկրից, մասնավորապես՝ Հայաստանից, Հնդկաստանից, Կոլումբիայից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից: Նշեմ, որ ստարտափ թիմերի հիմնական մասը ՀՀ-ից է: 7 հիմնական մրցույթ է լինելու ֆորումի ընթացքում: Ստարտափ թիմերը մրցելու են գյուղատնտեսության, զբոսաշրջության, սննդի ու առողջ ապրելակերպի, գիտության և այլ ոլորտներում՝ նոր լուծումներ առաջարկելով», - նշեց «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը:

Նա ներկայացրեց «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի գլխավոր գործընկեր Ամերիաբանկին:

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանում բանկային համակարգի առաջատարը միացել է սամմիթին որպես գլխավոր գործընկեր։ Մրցանակը, որն Ամերիաբանկը կտրամադրի, կարող է ճակատագրական դառնալ ստարտափի համար։ Թիմը կգիտակցի ստարտափի զարգացման ամբողջ լրջությունը և միգուցե հետագայում դառնա հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացնող խթանը», - ասաց Հակոբյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին, թե ինչ հաջողություններ են գրանցել նախորդ սամմիթի հաղթողները, Հակոբյանը, մասնավորապես, նշել է 2016-ի Big Battle-ի հաղթող Skycryptor թիմի հաջողությունները:

«Ստարտափը բոլոր տիպի տվյալների գաղտնիացման լուծումներ է առաջարկում: Միջազգային մի քանի հարթակում ներկայացվել է, կրկին առաջին տեղեր է զբաղեցրել, բիզնեսը զարգանում է: 2016-ի երկրորդ Big Battle-ի հաղթող՝ Energy Globe ստարտափն առաջարկում է արևային էներգիայի ստացման նոր եղանակ, որը թույլ է տալիս ավելի քիչ տարածք զբաղեցնել ու ավելի մեծ ծավալի էներգիա ստանալ: Նրանք գրանցվելու համար ֆաունդինգի կարիք ունեին, ինչը և արեցին հաղթելու շնորհիվ: Այժմ ակտիվ աշխատում են», - պատմեց Հակոբյանը:

Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը նշել է. «Ամերիաբանկը ողջունում է Հայաստանում նման միջոցառման կազմակերպումը, որը կարևոր խթան է հանդիսանում երկրում նորարարական բիզնեսի զարգացման, բիզնես միջավայրում մրցակցային առավելությունների ձևավորման և տեխնոլոգիական առաջընթացի համար: Հաճախորդների կարիքների բավարարմանը միտված և տեխնոլոգիական նորարարությունների վրա հիմնված ստարտափերի ձևավովորումն իր հերթին կխթանի ֆինանսական ոլորտի տեխնոլոգիական զարգացմանն ու շուկայի ընդլայնմանը: Տարբեր նորարարական լուծումների վրա հիմնվելով ենք կարողանում իրականացնել լուրջ բարեփոխումներ սպասարկման ոլորտում, տանել դեպի թվայնացում, ինչը համաշխարհային թրենդ է»:

Նրա խոսքով, Ամերիաբանկը մեծ ոգևորությումբ է միացել սամմիթին, քանի որ շատ է կարևորում նորարարությունը Հայաստանում և տեսնում է տնտեսության այս ճյուղի ներուժը, վերջին 2-3 տարվա ընթացքում գրանցված աճը:

«Ցանկանում ենք այս միջոցառման մաս լինել, ունենալ մեր ներդրումը, որպես ՀՀ նորորարական բանկ: Հուսով ենք, որ կլինեն հետաքրքրիր գաղափարներ, որոնք կնպաստեն նաև մեր բանկի հետագա զարգացմանը», - հավելեց Մովսիսյանը:

GlobalAM ՀԿ-ի նախագահ Գևորգ Պողոսյանը, իր հերթին, նշեց, որ սամմիթի հիմնական նպատակը Հայաստանի ստարտափ էկոհամակարգի կառուցումն է:

«Ի տարբերություն նմանատիպ ֆորմատով այլ միջոցառումների, «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն ունիկալ է, քանի որ բոլոր մասնակիցները, ներդրողները, ստարտափերները, աջակիցները, գործընկերները, ծրագրավորողները, մենթորները վրանային ճամբարում են ապրելու 7 օր, կենցաղ են կիսելու, ինչը կսպաստի ամուր հարաբերությունների ձևավորմանը: Տեղում նաև նոր ստարտափներ են կառուցվում, թիմեր են ձևավորվում, ներդրումներ են ներգրավվում», - ասաց Պողոսյանը: Նա տեղեկացրեց, որ 2017-ի սամմիթի ընդհանուր մրցանակային ֆոնդը 7500 դոլար է կազմել, իսկ այս տարի մրցանակային ֆոնդը հասնում է 40.000 դոլարի:

«Big Battle-ի գրան պրին, օրինակ, 8000 դոլար է, ինչը ևս Ամերիաբանկի շնորհիվ է: Անցած տարի մոտ 30.000 դոլար ներդրումներ ենք ունեցել, այս տարի սպասում ենք, որ ներդրումների ծավալը կանցնի 200.000 դոլարը: Բացի ներդրումներից, մասնակիցները որակյալ կրթություն են ստանալու. 20 դասընթաց է լինելու, որոնք վերաբերում են ստարտափի համար գաղափարի ձևավորումից մինչև ստարտափի հաջողության բաղադրիչներ գտնելուն»:

«Սևան Ստարտափ Սամմիթ» տնօրեն Վահագն Ռափյանի խոսքով, այս տարվա սամմիթը հագեցած է մի շարք կարևոր իրադարձություններով. ճամբարի սկզբնական օրերին շատ են կրթական ուղղվածության միջոցառումները, իսկ հուլիսի 17-ից սկսած տեղի կունենա 7 մրցույթ՝ տարբեր ուղղվածության, մոտ 20 գումարային մրցանակ է խաղարկվելու:

Տեղեկացվեց նաև, որ այս տարվա սամմիթն ունի բազմաթիվ նորարարություններ և ծրագրեր, որոնք չեն եղել անցած տարի, այդ թվում՝ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Camp Fire Pitch ձևաչափով միջոցառումը, որի ընթացքում ստարտափները կներկայացնեն իրենց pitch-երը Հայաստանից և արտասահմանից հրավիրված ներդրողներին։ Ծրագրավորողների համար հատուկ մշակվել է campathon-ը, որը կտևի մի ամբողջ օր: Մեկ շաբաթվա ընթացքում սամմիթի մասնակիցներին հասանելի կլինեն նաև բազմաթիվ ժամանցային ծրագրեր:

Նշվել է, որ աա հերթական մեծ քայլն է նոր որակի համագործակցության հարթակ ստեղծելու գործընթացում, հարթակ, որտեղ հարյուրավոր մարդիկ կարողանում են ձեռք բերել նոր, ամուր կապեր, կրթվել, կատարելագործվել, մրցակցել իրենց գաղափարներով և հաղթել, վայելել հանգիստն ու զվարճանալ: Սամմիթի նպատակն է դառնալ խթան ստարտափ համակարգի զարգացման համար։

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հիմնադրվել է 2016 թվականի մարտ ամսին` մի խումբ նախաձեռնող երիտասարդների կողմից, ովքեր նախկինում հեղինակել և մինչ օրս հաջողում են մի շարք ստարտափներ: Հիմնադրամի նպատակը հայկական ստարտափներին օժանդակելն է` պարբերաբար միջոցառումներ կազմակերպելով: Հենց այս նպատակը հետապնդելով էլ 2016 թ-ի ամառվանից սկսած «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ջանքերով անցկացվում է ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, որն իր կատարողական ձևաչափով առաջին վրանային ստարտափ համաժողովն է աշխարհում: Տարին տարվա վրա ավելանում են սամմիթի մասնակիցների և ստարտափ թիմերի կազմերը, դրամական խոշոր մրցանակային ֆոնդերով անցկացվում են տարբեր նոմինացիոն մրցույթներ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---