Մատչելիության հղումներ

Իրանի խոշորագույն քաղաքներում բազմամարդ ցույցեր են


Իրան - Բողոքի ցույցը Շիրազում, 2-ը օգոստոսի, 2018թ․
Իրան - Բողոքի ցույցը Շիրազում, 2-ը օգոստոսի, 2018թ․

Իրանի մի շարք խոշորագույն քաղաքներում երկրորդ օրն է՝ բազմամարդ ցույցեր են ազգային արժույթի կտրուկ անկման ու տնտեսական իրավիճակի վատթարացման դեմ:

Ըստ սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերի, մեծությամբ երրորդ քաղաքում՝ Սպահանում, Շիրազում, Մեշհեդում, Քարաջում հարյուրավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ կառավարությանը մեղադրելով անգործության մեջ: «Մեր թշնամին ներսում է, պետք չէ նրան Նահանգներում փնտրել», - վանկարկում էին ցուցարարները զբոսաշրջիկներով հարուստ Շիրազում:

Ընդ որում, ցույցերի փաստը հաստատել են նաև պետական լրատվամիջոցները, ընդգծելով՝ դրանք ապօրինի են, և ոստիկանությունը իրավասու է գործի դնել կտրուկ միջոցներ: Ավելի ուշ տարածված տեսանյութերում երևում է, որ որոշ քաղաքներում ցույցերը վերածվել են բախումների, ընդդիմադիրները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, վերջիններս էլ արձագանքել են արցունքաբեր գազով ու ռետինե փամփուշտներով:

Հակակառավարական այս բողոքի ալիքը սկիզբ է առել ապրիլից, երբ ազգային արժույթը՝ ռիալը, սկսեց սրընթաց անկում արձանագրել: Այսօր արդեն այն ավելի քան 50 տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ, արդյունքում՝ ապրանքները թանկացել են, աղքատների ու գործազուրկների թիվը՝ ավելացել:

Օր-օրի խորացող ճգնաժամը մտահոգել է նաև խորհրդարանին, պատգամավորները նախօրեին մեկ ամիս ժամանակ են տվել նախագահ Հասան Ռոհանիին՝ տնտեսական ցածր աճի, ազգային արժույթի կտրուկ անկման, գործազրկության մասին իրենց հարցերին պատասխանելու համար:

Պաշտոնյաները չեն թաքցնում, որ ճգնաժամի պատճառը 2015 թվականի միջուկային գործարքից դուրս գալու և Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու Վաշինգտոնի որոշումն է, ինչից հետո մի շարք առաջատար ընկերություններ կա՛մ դադարեցրել են գործունեությունը Իրանում, կա՛մ հրաժարվել նոր ներդրումներ կատարելու ծրագրերից: Ամիսներ շարունակված հեռակա բանավեճից ու փոխադարձ սպառնալիքներից հետո՝ այս շաբաթ, ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե պատրաստ է բանակցել Իրանի հետ՝ առանց նախապայմանների: «Ես հավատում եմ բանակցությունների արդյունավետությանը, և անշուշտ կհանդիպեի իրանցիների հետ, եթե նրանք ցանկանային: Չգիտեմ՝ արդյո՞ք նրանք պատրաստ են, մենք այժմ դժվարին ժամանակներ ենք ապրում, սակայն կարծում եմ, որ նրանք ի վերջո կցանկանան բանակցել, և ես պատրաստ եմ ցանկացած ժամանակ, երբ նրանք կամենան», - ասաց Դոնալդ Թրամփը:

Չնայած երկրում ի հայտ եկած տնտեսական դժվարություններին՝ իրանցի պաշտոնյաները դեռ չեն շտապում հանդիպման օր ու ժամ նշել: «Քանի դեռ ամերիկյան վարչակազմը հրաժարվում է միջազգային պարտավորոթյուններից, ինչպիսին, ասենք, 2015 թվականին կնքված միջուկային գործարքն է, այդպիսի հանդիպումները իմաստ չունեն», - երեկ հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG