20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Դա հայտարարություն չի, ինքնադատավճիռ է». Գագիկ Մինասյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ արտաքին պարտքին և նշել, որ 2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում:

«Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետև համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով: Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և ատկատների վրա»,- գրել է վարչապետը:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ճիշտ չէ արտաքին պարտքի մասին խոսել՝ առանց մնացած պրոցեսների հետ պարտքի նվազումը համադրելու։

«Համադրելու համար պետք է դիտարկել, թե ինչպիսի տնտեսական աճի հիմքեր կան, ինչպիսի նախադրյալներ կան, այսօրվա տնտեսական աճն ինչով է պայմանավորված, այդ գործոններ վաղը լինելու են, թե չեն լինելու։ Այս բոլորը պետք է համադրել՝ հասկանալու համար՝ մենք ներդնո՞ւմ ենք արդյոք ռեսուրսներ մեր ապագա ներառական տնտեսական աճը ապահովելու համար, և հետո կարելի կլինի հասկանալ՝ արտաքին պարտքի նվազեցումը ինչո՞վ է պայմանավորված և ինչքանո՞վ է օգուտ մեր տնտեսական աճին»,- ասաց Գ.Մինասյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն արտաքին պարտքի վերին շեմին չէր հասել. «Մենք ընդունեցինք ֆիսկալ կանոններ, որոնք արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ տարբեր աստիճանների դեպքում՝ տարբեր միջոցառումներ պետք է իրականացվեին, և մենք, իհարկե, մեր վերին շեմին չէինք հասել, և արդեն մեր ընդունած օրենքների ուժով սկսել էինք այդ հարաբերակցությունը նվազեցնել։ Ըստ էության՝ այն դրական արդյունքները, որ այսօր կարող ենք արձանագրել Փաշինյանի կառավարության գործունեության ժամանակաշրջանում, դրանց հիմքերը բոլորն անխտիր դրվել են մեր իշխանության ժամանակ, այդ թվում՝ նաև ֆիսկալ կանոնները»։

Գ.Մինասյանը հարցադրում արեց՝ եթե կապիտալ ծախսերը պետք է իրականացներ Փաշինյանի կառավարությունը, բայց չի իրականացրել, ապա ի՞նչ «հայտնի կանոնների» մասին է խոսում, և ո՞վ է «պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և ատկատների վրա».

«Այսինքն՝ իր կառավարությունը թաղված է կոռուպցիայի մեջ, դրա համար ինքը ծախսեր չի՞ իրականացնում։ Ըստ էության՝ ինքն ասում է, քանի որ իմ կառավարությունը թաղված է կոռուպցիայի մեջ, դրա համար ես ճիշտ չեմ համարում ծախսեր իրականացնելը։ Դա հայտարարություն չի, ինքնադատավճիռ է»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ