Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարն ու անդամներն այցելել են դատարաններ
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ապրիլի 23-ին, ԲԴԽ անդամների հետ աշխատանքային այցեր է կատարել ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարաններ, ՀՀ վարչական դատարան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
«Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները դատարաններում ծանոթացել են շենքային պայմաններին, աշխատակազմերի և գրասենյակների աշխատանքին, հանդիպումներ ունեցել դատարանների դատավորների հետ: Կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են արդարադատության արդյունավետության բարելավման հետ կապված մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ դատարանների նախագահները և դատավորներն իրենց հերթին ներկայացրել են դատավորների ծանրաբեռնվածությանը, սոցիալական երաշխիքներին, դատարանների նյութատեխնիկական հագեցվածության վիճակին առնչվող խնդիրներ, ոլորտում առկա բացերի հաղթահարման առաջարկություններ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում