1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեր, ճախրանք, ազատություն. Մնջախաղի թատրոնի խաղացանկ է վերադարձել «Ինչպես նկարել թռչուն» կատակերգությունը

Սեր, ճախրանք, ազատություն. Մնջախաղի թատրոնի խաղացանկ է վերադարձել 
«Ինչպես նկարել թռչուն» կատակերգությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան քսան տարի անց Երևանի մնջախաղի պետական թատրոնի խաղացանկ է վերադարձել ֆրանսիացի ականավոր բանաստեղծ Ժակ Պրեվերի պոեզիայի հիման վրա բեմադրված «Ինչպես նկարել թռչուն» քնարական կատակերգությունը: Բեմադրությունը, որի դերակատարները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողներն են, հանդիսատեսին տանում է դպրոց, հիշեցնում սիրո, նվիրումի, ներդաշնակ հարաբերությունների և այլ կարևոր արժեքների մասին:

Ներկայացումը 1998 թվականին բեմադրել է Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը: Այն վերականգնել է թատրոնի դերասանուհի Իննա Հախնազարյանը:

«Արմենպրես»-ի թղթակիցը ներկա է եղել առաջնախաղին և զրուցել բեմադրիչների, դերասան Խաչիկ Դարբինյանի հետ:

«Պրեվերը սիրո, ազատության, թռչունների պոետն է: Ես պատանի էի, երբ ծանոթացա նրա պոեզիային, ընթերցեցի «Արյուն և փետուր» ժողովածուն, որն այն ժամանակ թարգմանված չէր հայերեն:  Նա անմիջական առնչություն ունի մնջախաղի հետ, քանի որ Պրեվերի սցենարի հիման վրա Մարսել Կառնեն 1940-ական թվականներին նկարահանել է «Դրախտիկի զավակները» ֆիլմը: Այն պատմում է Գասպար Դեբյուրոյի մասին, որը Ֆրանսիայում հայտնի մնջախաղաց էր, ժամանակակից մնջախաղի հիմնադիրներից մեկը»,- պատմում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Ըստ նրա՝ Պրեվերի բանաստեղծությունները երեխաների, մեծահասակների սիրո, երկնքին նայելու մասին են՝ երազանքներն իրականություն դարձնելու ուղերձներով:

1998 թվականին ներկայացումը բեմադրվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնած «Ֆրանսիական թատրոնը Հայաստանում» ծրագրի, իսկ 2022-ին՝ Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում: «Ֆրանսիական մշակույթը շատ բարձր է: Այն միշտ ոգեշնչել է: Կարևոր է, որ այդ մշակույթը հասու լինի նաև եկող սերնդին, պատանիներին»,- շեշտում է Դադասյանը:

Երբ Իննա Հախնազարյանը տարիներ առաջ դիտել է «Ինչպես նկարել թռչուն» ներկայացումը, սիրահարվել է մնջախաղին: Այժմ ոչ միայն Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի է, այլև դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: «Ցավում էի, որ ներկայացումը մի քանի տարի անց դուրս եկավ խաղացանկից: Առաջարկեցի վերականգնել այն, և Ժիրայր Դադասյանը վստահեց ինձ: Աշխատանքի ընթացքում հասկացա, որ նոր ներկայացում բեմադրելն ավելի հեշտ է, քան բեմադրված գործը վերականգնելը: Դերասանների ամբողջ կազմը նոր է, և նրանք ևս իրենց լուծումները, մոտեցումներն են առաջարկել, ինչի արդյունքում որոշ տեսարաններ ամբողջությամբ փոփոխվել են»,- նշում է Հախնազարյանն ու հավելում՝ իրենք բեմադրությամբ ցանկանում են հիշեցնել, որ կյանքի շարժիչ ուժը սերն է, որը տարբեր դրսևորումներ ունի. սեր դեպի ազատությունը, դեպի բնության ներդաշնակությունը, դեպի արվեստն ու մարդը:

Դերասան Խաչիկ Դարբինյանը վարպետությամբ մարմնավորում է ուսուցչին, որը չափազանց խիստ է, և, ընդգծված մեծությամբ ցուցամատը թափահարելով, կարողանում է ղեկավարել աշակերտներին ու սառը մարդու տպավորություն ստեղծել:

«Նա ասես քառակուսի պատերի մեջ է ապրում, ունի իր սահմանափակումները, սակայն սիրո շնորհիվ պատերը քանդվում են, և պարզվում է, որ նա ևս սիրտ ունի ու սիրել գիտի»,- նշում է Դարբինյանն ու խոստովանում՝ իրականում շատ լարված է, քանի որ շատ է ցանկանում այնպես խաղալ, որ դահլիճում ներկաներից ոմանք մնջախաղաց դառնալու ցանկություն ունենան:

Անդրադառնալով Ժակ Պրեվերի գործերին՝ դերասանն ասում է, որ նա կետադրական նշաններ չի օգտագործում՝ ընթերցողին հնարավորություն տալով շեշտել այն բառերը, որոնք ցանկանում է, որոնք կարևորում է:

Ներկայացումը, որն իրենց գեղեցիկ խաղով զարդարում են Խաչիկ Դարբինյանը, Տոնի Համզոյանը, Ալինա Մարաբյանն ու Անժելա Պողոսյանը, բուռն ծափողջույններով ընդունվեց: Դահլիճում ներկա էին բազմաթիվ դպրոցականներ, որոնք, չկարողանալով թաքցնել իրենց հուզմունքն ու ոգևորությունը, ծափահարում ու «բրավո» էին վանկարկում:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Լիանա Սալարցորցյանի

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]