Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը միայն իրեն է տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնում


Ռուբեն Հայրապետյան, Սևանի «Հարսնաքար» համալիր, 30-ը հունիսի, 2018 թ․
Ռուբեն Հայրապետյան, Սևանի «Հարսնաքար» համալիր, 30-ը հունիսի, 2018 թ․

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը շարունակում է պնդել, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում այլ մարդու չի տեսնում: Հայրապետյանը նման հայտարարություն արեց այսօր՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդեացիայի հերթական ժողովից հետո:

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցին, նշելով՝ հույս ունի, որ կկայանա այնպիսի ընտրություն, որը և՛ ֆուտբոլասերների, և՛ ֆեդերացիայի սրտով կլինի: «Ազատության» խնդրանքին ի պատասխան՝ մեկնաբանել վարչապետի այդ հայտարարությունը, ՀՖՖ նախագահը միայն ասաց, թե համակարծիք է վարչապետի հետ:

«Արդյո՞ք ֆուտբոլասերները ցանկանում են ձեզ տեսնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում»,- «Ազատության» այս հարցին ի պատասխան Հայրապետյանը նախ նշեց, թե ՀՖՖ նախագահ չի դառնա միայն այն դեպքում, եթե ֆուտբոլային հանրությունը չցանկանա դա: Ապա հավելեց․ «Ի՞նչ ա նշանակում՝ ֆեդերացիայի նախագահ ես ընտրվում և ֆուտբոլային հանրության ցանկությունը չկա։ Ուղղակի ծիծաղելի է։ Կամ ձեզ թվում է՝ ես էդքան կառչա՞ծ եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ամեն գնով պիտի ասեմ՝ գիտե՞ք ինչ, ժողովուրդն ինձ չի ուզում, բայց ես պարտադիր պիտի մնամ։ Չարաչար սխալվում եք, հաստատ տենց չի»։

Հիշեցմանը, որ երկրպագուները բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել իր հրաժարականի պահանջով, Հայրապետյանն արձագանքեց՝ շատ լավ գիտի ակցիաների կազմակերպիչներին ու վստահ է, որ նրանք մեծամասնություն չեն կազմում․ «Էդ երկրպագուները նորմալ, ազնիվ տղերք են։ Նրանց միջից մի երկու հոգու հրահրեցին, տենց սարքեցին։ Իհարկե, եթե երկրպագուները չուզեն, գնալու եմ»: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա 2019-ի փետրվարին:

Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիան ղեկավարում է 2002 թվականից: 2003-2012 թ․թ․ Հայրապետյանը եղել է նաև Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր։ Այսօր, պատասխանելով հարցին՝ արդյոք մտադիր է վերադառնալ քաղաքականություն ու մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին, Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ բացառում է դա, ապա հավելեց․ «Կյանքում այլևս նման սխալ չեմ անի: Ազնվորեն եմ ասում, ես դա համարում եմ իմ կյանքի ամենամեծ սխալը, որ մտել եմ քաղաքականություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG