Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեր հայացքներն ուղղում եք տիեզերք, որովհետև այնտեղ չափերի խնդիրներ ու սահմանափակումներ չկան․ 10 հարց գիտնականին

Մեր հայացքներն ուղղում եք տիեզերք, որովհետև այնտեղ չափերի խնդիրներ ու 
սահմանափակումներ չկան․ 10 հարց գիտնականին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռ դպրոցական տարիներից բնական գիտությունների՝ մասնավորապես, մաթեմատիկայի հանդեպ սերն ու հետաքրքրությունը Սարգիս Գասպարյանին ուղղորդեցին Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։ Գիտությամբ զբաղվելու մտադրություն չուներ, բայց մագիստրոսական թեզի ղեկավար պրոֆեսոր Արսեն Հախումյանի շնորհիվ ծանոթացավ «գիտահետազոտական աշխատանքի գեղեցկությանն» ու որոշեց ընտրել գիտնական դառնալու ուղին։ Հետո հրավեր ստացավ ԻԿՐԱՆԵՏ (Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանց)  միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակից, որի տնօրենի՝ Նարեկ Սահակյանի հետ համագործակցում է արդեն 7 տարի։ Ասում է՝ նրանից սովորել է գիտնական դառնալու համար անհրաժեշտ հմտություններն ու ամրապնդել կապը աստղաֆիզիկայի հետ։

Սարգիս, ներկայում ի՞նչ հետազոտությունների վրա եք աշխատում։

Այժմ իմ ուսումնասիրություններն ուղղված են գալակտիկաների կենտրոնում ակտիվ միջուկներից ճառագայթման հետազոտմանը, ինչը կարևոր է հատկապես երկու առումով։ Առաջինը՝ այսպիսի աստղագիտական օբյեկտներում ճառագայթումն ավելի արդյունավետ է, երբեմն տասնյակ անգամ ավելի, քան ջերմամիջուկային գործընթացների դեպքում, որոնց մենք ծանոթ ենք և որոնք ունեն լայն կիրառություն մեր օրերում։ Հնարավոր է դա ևս ինչ-որ պահի կիրառություն գտնի նաև մեր կյանքում, նկատի ունեմ էներգիայի նոր և ավելի արդյունավետ աղբյուր գտնելու իմաստով։ Մյուս կողմից այս հետազոտություններն ունեն ֆունդամենտալ նշանակություն։ Ոչ բոլոր գիտական փորձերն է հնարավոր իրականացնել Երկիր մոլորակի վրա՝ որոշ պարամետրերի սահմանափակ լինելու պատճառով, իսկ այդպիսի աղբյուրները յուրահատուկ լաբորատորիաներ են, որտեղ կարելի է ուսումնասիրել ու փորձարկել մեզ հայտնի ֆիզիկան։ Հասկանալ՝ արդյո՞ք այն աշխատում է էքստրեմալ միջավայրերում, թե՞ ոչ, եթե ճշգրտման կարիք կա, ապա ճշգրտել ու ընդլայնել մեր ունեցած գիտելիքները։ Սա է հիմնական պատճառը, որ մեր հայացքներն ուղղում եք դեպի տիեզերք․ այնտեղ չափերի խնդիրներ և սահմանափակումներ չկան։

Ի՞նչպես արձագանքեցին Ձեր ընտանիքի անդամներն ու շրջապատի մարդիկ գիտնական դառնալու որոշմանը։

Ընտանիքս միայն կողմ է եղել կայացրածս որոշմանը ու կրթություն ստանալու բոլոր փուլերում ամեն կերպ աջակցել է։ Իմ՝ ասպիրանտուրայում սովորելու ու գիտնական դառնալու ճանապարհն այնքան սահուն ստացվեց, որ նույնիսկ ինձ համար էր անակնկալ։ Տեսնելով իմ ոգևորվածությունն աշխատանքում՝ ոչ ոք չէր կարող դեմ լինել։ Ինչ վերաբերում է շրջապատի մարդկանց, այսքան ժամանակ միայն դրական արձագանքներ եմ ստացել, նկատել եմ բարյացակամ տրամադրվածություն ու հարգալից վերաբերմունք իմ կատարած աշխատանքի հանդեպ։

Ո՞վ է գիտնականն՝ ըստ Ձեզ։

Գիտնականները բազմակողմանի զարգացած մարդիկ են, ովքեր իրենց բարձր ինտելեկտի շնորհիվ խնդիրներին վերլուծական մոտեցում են ցուցաբերում։ Կարծում եմ՝ գիտնականները պետք է միշտ նորարար լինեն, ստեղծարար և ամենակարևորը չհանձնվող, քանի որ գիտության մեջ ձախողումներն ավելի շատ են, քան ձեռքբերումները։ Դա էլ պայմանավորված է նրանով, որ ոլորտում անորոշություններն են շատ։ Հետաքրքիր մի դիտարկում․ ձախողումը գիտնականի աշխատանքի անբաժանելի մասն է, դրա միջոցով մենք փորձ ենք ձեռք բերում։ Հնարավոր է՝ գիտնականը հիպոթեզ առաջ քաշի, տարիներով կատարի գիտափորձ, սակայն ի վերջո այն հերքվի։ Սա մի իրողություն է, երբ գիտնականը ևս մեկ քայլով մոտենում է ճշմարտությանը, քանի որ բացառված հիպոթեզը գոյություն ունեցող վերջավոր քանակությամբ հիպոթեզներից մեկն է։ Կարծում եմ՝ գիտությամբ զբաղվում են էնտուզիաստները, ինչի շնորհիվ էլ դժվարություններն ավելի հաղթահարելի են դառնում։

Ի՞նչն է Ձեզ առավոտյան ոգեշնչում արթնանալ։

Ինձ ոգեշնչող շատ բաներ կան, որ օգնում են արթնանալ․ ամենակարևորը՝ մոտիվացիան թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքում։ Կցանկանայի առանձնացնել այն փաստը, որ փորձում եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել կյանքում ինձ տրված ամենասահմանափակ ռեսուրսը՝ ժամանակը։ Արթնանում եմ նաև նպատակներիս քայլ առ քայլ հասնելու համար։ Փորձում եմ ամենօրյա աշխատանքով շրջապատումս որևէ ներդրում ունենալ դա կլինի գլոբալ, թե լոկալ առումներով։

Ո՞րն է Ձեզ ամենաշատ տպավորած բացահայտումը Ձեր ոլորտում։

Վերջին տասնամյակներում տեխնոլոգիական զարգացումը բավականին լայն հնարավորություններ է ստեղծել աստղագիտության մեջ տիեզերքի չբացահայտված անկյուններն ու հեռու հատվածներն ուսումնասիրելու առումով։ Տպավորիչ բացահայտումներից կառանձնացնեի վերջին մի քանի տարիների ընթացքում հայտնաբերված գրավիտացիոն ալիքների և գերծանր սև խոռոչների գոյության փաստը, որոնք բխում են Էյնշտեյնի հարաբերականության տեսությունից։ Նա չէր հավատում, որ օրերից մի օր տեխնոլոգիան կզարգանա այնքան, որ հնարավոր կլինի դա ապացուցել ոչ միայն մաթեմատիկական բանաձևերով, այլև գործնականում։ Իսկապես տպավորիչ է, թե մարդկային մտքի թռիչքն ու տեխնոլոգիական զարգացումն ինչ արդյունքների կարող են հանգեցնել։

Կա՞ այդպիսի պահ, որ համարում եք շրջադարձային Ձեր կարիերայի կերտման գործում։

Կարիերայիս ընթացքում բազմաթիվ բեկումնային պահեր եղել են, բայց կառանձնացնեի հատկապես իմ անդամակցությունը MAGIC միջազգային համագործակցությանը, որը տնօրինում է 17 մետրանոց պատկերային մթնոլորտային չերենկովյան աստղադիտակներ, որոնք գտնվում են Կանարյան կղզիներում։ ԻԿՐԱՆԵՏ Հայաստան կազմակերպությունը ևս այդ համագործակցության անդամ է, որը ենթադրում է տարին մեկ անգամ մեկ ամսով դիտումների գնալ Կանարյան կղզիներ, մասնակցել արդիական հետազոտություններին, համագործակցել ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Իմ անդամակցությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունեցել․ 2019թ․-ին՝ ասպիրանտուրան անմիջապես ավարտելուց հետո գիտահետազոտական աշխատանք կատարելու հրավեր ստացա Մյունխենի       (Գերմանիա) Մաքս Պլանկի ինստիտուտից, որը կարելի է ասել այդ համագործակցության «սիրտն» է։ Այնտեղ աշխատելու շնորհիվ ձեռք եմ բերել ահռելի փորձ ու ծանոթությունների լայն շրջանակ։ Ֆրանսիացի գործընկերոջս հետ սկսեցի աշխատել նոր նախագծի վրա, որն ուղղված է մեր ոլորտում շատ արդի խնդրի լուծմանը՝ լեպտո-հադրոնային գործընթացների ժամանակային ուսումնասիրությանը։ Ստեղծել ենք մի սիմուլյատոր՝ ծրագրային փաթեթ, որն իր հիմքով, արագագործությամբ ու ճշգրտությամբ տարբերվում է եղած մնացած բոլոր գործիքներից։ Իմ կարիերան այդ կետից սկսած՝ նոր ընթացք է ստացել։ Այդ գործիքի անունը դրել ենք SOPRANO, որը հապավում է (Simulator Օf Processes in Relativistic AstroNomical Objects): Կարճ ժամանակ է անցել, բայց, այդ ծրագրային փաթեթն օգտագործելով, արդեն երկու հոդվածներ ենք տպագրել բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Fellowship ծրագրին եք մասնակցել նաև, մի փոքր կմանրամասնեք։

Իմ ոլորտում տարբեր դրամաշնորհներ կան, բայց FAST-ինն առանձնանում էր իր բազմակողմանի հնարավորություններով։ Ես ասպիրանտուրայի երկրորդ կուրսում դիմեցի հիմնադրամ ու ստացա դրամաշնորհ, որը նախևառաջ օգնեց  կենտրոնանալ հենց ասպիրանտական թեզի աշխատանքների վրա, մյուս կողմից էլ  հնարավորություն տվեց ծանոթանալ տարբեր ոլորտների ականավոր և ապագա ականավոր գիտնականների հետ՝ թե՛ Հայաստանից, թե՛ Հայաստանից դուրս։ Գիտնականի համար շատ կարևոր է մասնագիտական հանրույթի հետ կապեր հաստատելը, որպեսզի պարփակված չլինես միայն քո նեղ ոլորտով և հնարավորություն ունենաս հասկանալու գիտության զարգացման ընդհանուր վեկտորը։ Այս հարցում FAST-ի դերակատարությունն իրոք շատ կարևոր էր։ Նման ծրագրերը կարող են ուղղորդել ապագա ասպիրանտներին գիտության ուղին ընտրելու հարցում։

Ի՞նչ կասեիք երեխային, ով ուզում է դառնալ գիտնական։

Միանշանակ կողջունեի և խորհուրդ կտայի իր մեջ պրպտելու, հարցեր տալու ջիղը զարգացնել։ Շատ դեպքերում ավելի հասուն տարիքում մարդիկ ամաչում ու բարդույթավորվում են շատ հարցեր տալուց, իսկ գիտնականի դեպքում դա համար մեկ հատկությունն է։ Երևի թե երեխային կներկայացնեի գիտնական լինելու առավելությունները, օրինակ՝ շատ շրջագայելը։ Տարբեր ոլորտների մասնագետներ      նույնիսկ նախանձում են, թե որքան շատ են գիտնականները ճամփորդում, որքան հետաքրքիր է նրանց կյանքն անցնում։ Անկասկած, դա երեխաների համար մոտիվացիայի նոր աղբյուր կլինի։

Որպես գիտնական՝ ո՞րը կհամարեք Ձեր կարիերայի գագաթնակետը։

Գագաթնակետ կամ վերին կետ չեմ սահմանել ինձ համար, բայց ցանկությունն այն է, որ կարևոր ներդրում ունենամ ոչ միայն իմ մասնագիտական ոլորտում, այլև ՝ ի շահ մարդկության գործունեություն ծավալեմ։ Կարևոր է հասկանալ, որ ներկայիս գիտության մեջ անհատներն այդքան դեր չեն խաղում, որքան խմբերը։ Այսինքն հաջողության են հասնում ոչ թե առանձին մարդիկ, այլ գործընկերությունը, թիմային աշխատանքը։ Այդ պատճառով շատ կարևոր է իմանալ, թե այդ ամբողջ օվկիանոսում ինչ կաթիլ  կարող ես ավելացնել, որը կհասցնի բաղձալի նպատակին, որին որպես թիմ ձգտում եք հասնել։

Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։

Սպորտով եմ զբաղվում, որն աշխատանքի բնույթից ելնելով արդեն ավելի շատ պահանջ է, քան առավելություն։ Լողալ եմ սիրում, բիլիարդ խաղալ։ Ընկերների հետ ոչ գիտական միջավայրում ժամանակ անցկացնել եմ շատ սիրում, ինչպես նաև ոչ գիտնական ընկերների հետ շփումն եմ կարևորում, որ ուղղակի կյանքից չկտրվեմ։  Ճամփորդել եմ շատ սիրում, երբ համեմատաբար ավելի շատ ժամանակ եմ ունենում, նախընտրում եմ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս ճամփորդել։ Զբաղմունքներն իսկապես շատ-շատ են։

«10 հարց գիտնականին» շարքի նախորդ նյութերը՝ ստորև՝

Երիտասարդ հետազոտողը ձգտում է կենսաինֆորմատիկայի միջոցով մարդկության համար արժեք ստեղծել․ Նարեկ Աբելյան

Բժշկագիտությունն ընտրած երիտասարդ հետազոտողի ուղին սկսվեց միջազգային օլիմպիադաներում հաղթանակներից․ Համլետ Խաչատրյան

Երազանքս է գնալ դեղատուն և տեսնել այն դեղամիջոցը, որ ինքս եմ հայտնաբերել. Իրինա Տիրոսյան

Աշտարակից Երևան, հետո Միլան ու Բազել գիտնական դառնալու մանկության երազանքի հետևից. Սմբատ Գևորգյան

Մարդկության համար որևէ օգտակար հայտնագործություն անելը կհամարեի իմ կարիերայի գագաթնակետը. Էլլա Մինասյան

Որոշեցի շարունակել գիտությամբ զբաղվելու ընտանեկան ավանդույթը. Կարեն Թռչունյան

Ոչինչ մարդուն այնպիսի հաճույք չի պատճառում, որքան գիտական արդյունքի պարգևած էմոցիան. Անի Պալոյան

Արցախի տաք աղբյուրներից հայտնաբերված Anoxybacillus karvacharensis մանրէի պատմությունը որպես ոգեշնչման աղբյուր. Դիանա Ղևոնդյան

Քսան տարի առաջ ԱՄՆ-ի լաբորատորիայում ինձ զգում էի ինչպես ֆիլմում. Աննա Փոլադյան

Գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև հեռանկարային է. Սարգիս Աղայան

Աշխարհը փոխելու ամենահեշտ ուղին գիտությամբ զբաղվելն է. Սոնա Հունանյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]