211652_close_icon
views-count5494 դիտում article-date 20:50 17-05-2018

Արցախի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը խորհրդարանում շարունակվում է

Մայիսի 17-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտադրության ու արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը: ԱՀ 2017թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել քաղաքաշինության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, բնապահպանության բնագավառների, ինչպես նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովի ու Արցախում գործող ներդրումային և գյուղատնտեսական հիմնադրամների պատասխանատուները: Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի փոխանցմամբ 2017թ.-ի բյուջեից կապիտալ շինարարության համար հատկացումները կազմել են 16մլդ 398մլն դրամ: Նախարարը, բացի իրականացված ծրագրերից, ներկայացրել է նաև ընթացքի մեջ գտնվող և արդեն պլանավորած նախագծերը: Նա մասնավորապես նշել է, որ 2019թ-ին նախատեսում են ավարտել Կրկժան թաղամասում հուշահամալիրի կառուցման և Ստեփանակերտի Վաղարշ Վաղարշյան ու Բագրատ Ուլուբաբյան փողոցների միացման աշխատանքները: Ներկայացնելով 2017թ.-ին պետական բյուջեից գյուղատնտեսության ոլորտին հատկացված գումարը՝ նախարար Ժիրայր Միրզոյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում ոլորտին հատկացվել է 3մլրդ 681մլն 224 հազ դրամ: Կյանքի է կոչվել 25 ծրագիր: Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության բյուջեի կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել նախարարի տեղակալ Տիգրան Թորոսյանը: Հաշվետվության համաձայն՝ 2017թ.-ին ոլորտի համար նախատեսված միջոցները կազմել են 3մլրդ 296հազ դրամ: Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Արթուր Գաբրիելյանի հաղորդմամբ, 2017թ.-ին պետական բյուջեից ոլորտին է հատկացվել 156մլն 520հազ դրամ, կատարողականը կազմել է 93 %-ը: Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի հաշվետվության համաձայն, հաշվետու տարվա ընթացքում 871մլն դրամի մուտք է ապահովել պետական բյուջե և նախահաշվի կատարողականը իրականացրել է 96%-ով: Արցախի ներդրումային հիմնադրամի 2017թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացրել է հիմնադրամի նախագահ Արտակ Միրզոյանը: Հաշվետվության համաձայն՝ 2017թ. պետական բյուջեից հիմնադրամին է ուղղվել 2,5 մլրդ դրամ, կատարողականը՝ 100%: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Ասրյանի ներկայացրած հաշվետվության համաձայն, 2017թ.-ին պետական բյուջեից հատկացումները հիմնադրամին կազմել են 1մլդ 724 մլն 212,8 հազար դրամ: Համատեղ նիստի քննարկումներին ԱԺ պատգամավորները զեկուցողներին առաջադրել են զոհված զինծառայողների ընտանիքների համար բնակարանաշինության ընթացքին, Ասկերան քաղաքում բազմաբնակարան շենքի կառուցմանը, ՓՄՁ-ներին տրվող գյուղատնտեսական վարկերին, կաթիլային և հակակարկտային համակարգերի ներդրմանը, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սակագներին, ժամկետանց վարկերին վերաբերող տարաբնույթ հարցեր: Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը կշարունակվի մայիսի 18-ին՝ ԱԺ սոցիալական ու առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: [b] Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր