Նիդերլանդների թուրք պատգամավորները իրենց հասցեագրված մեղադրանքներն անընդունելի են համարում
Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած հոլանդացի հինգ պատգամավորները, ովքեր թուրքական արմատներ ունեն, անընդունելի են համարում իրենց՝ «դավաճան» լինելու մասին Թուրքիայի մեղադրանքները: Ինչպես հաղորդում է Nouvelles d`Armenie-ն, այդ մեղադրանքները Նիդերլանդների զայրույթն են առաջացրել:
«Արտահայտված մտքին ի պատասխան սպառնալիքը կամ սպառնալիքի դրդումը անընդունելի է: Դա տեղ չունի ոչ ժողովրդավարության մեջ, ոչ էլ այնպիսի բաց և ազատ հասարակությունում, ինչպիսին մերն է»,- ասել է Հաջիբա Արիբը՝ Նիդերլանդների ստորին պալատի խոսնակը: «Սա կոչվում է խոսքի ազատություն»,- հավելել է նա:
Թուրքական Sabah թերթը շաբաթ օրը մեղադրել է թուրքական արմատներ ունեցող հոլանդացի հինգ պատգամավորներին՝ նշելով, որ նրանք, «հայոց ցեղասպանության մասին բացահայտ արտահայտություններով» խոսող բանաձևին կողմ քվեարկելով, դավաճանել են իրենց երկրին:
«Ահաբեկելու և հրեշավորելու օրերը ավարտվել են»,- ասել է Զինի Օզդիլը՝ «Ձախ կանաչներ» խմբակցության պատգամավորը: «Ես ինձ մարդկային այդ տեսակը չեմ համարում: Ես հոլանդացի եմ»,- ասել է լիբերալների կուսակցությունից պատգամավոր Դիլան Եսիլգյոզը, ով 1984-ից Նիդերլանդներում է, նա այս երկիր է եկել փախստականի կարգավիճակով:
20-րդ դարի ամենահրեշավոր այս ոճրագործությունից ավելի քան 100 տարի հետո Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի և Եվրոպայի երկրների միջև մշտական լարվածության աղբյուր է: 2016 թ. Բեռլինի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը գերմանա-թուրքական բախման հանգեցրեց:
Հարակից հրապարակումներ`
- Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը. Արցախի ԱԳՆ
- Նիդերլանդների ԱԳՆ. Թուրքիայի իշխանությունների արձագանքը կանխատեսելի էր
- Նալբանդյան. Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին
- Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը