1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արեւային էներգիայով սնվող Գանձակն անցնում է էներգախնայողության եւ միջոցների տնտեսման ռեժիմի

Արեւային էներգիայով սնվող Գանձակն անցնում է էներգախնայողության եւ միջոցների տնտեսման ռեժիմի

ԳԱՎԱՌ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի մշակույթի տան տանիքին տեղադրված արեւային տասը մարտկոցները 10 կՎտ/ժ հզորությամբ հոսանք են արտադրում, ինչի հաշվին էլ սնուցվում է Գանձակի համայնքապետարանի եւ ենթակա կազմակերպությունների էներգահամակարգը եւ լեդային եղանակով աշխատող գիշերային լուսավորության ցանցը, իսկ մանկապարտեզի տանիքին տեղադրված 320 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչը շուրջօրյա տաք ջուր է ապահովում մանկապարտեզի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Արմեն Պողոսյանը, այլընտրանքային էներգիայի ստացման ծրագիրն իրականացվել է բանկային լիզինգի միջոցով: Աշխատանքները սկսվել են 2018 թվականի մարտին եւ ավարտվել ապրիլի երկրորդ կեսին:

«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 12 միլիոն դրամ, որն իր մեջ ներառում է Գանձակի մշակույթի տան տանիքին արեւային տասը մարտկոցների տեղադրումը, մանկապարտեզի շենքի տանիքին արեւային ջրատաքացուցիչի տեղադրումը, Գավառ-Գեղարքունիք միջհամայնքային ճանապարհի Գանձակի հատվածում 1,8 կիլոմետր երկարությամբ լեդային համակարգով աշխատող գիշերային լուսավորության ցանցի կառուցումը եւ շահագործումը: Ծրագրին մասնակցության համար Գանձակի գյուղապետարանը կատարելու է 2 միլիոն 800 հազար դրամի չափ ներդրում, իսկ մնացած գումարը մարելու է հնգամյա ժամկետում:

Արդեն մի քանի օր է, ինչ 10 կՎտ/ժ հզորության էլեկտրաէներգիան սնուցում է Գանձակի գյուղապետարանի, մշակույթի տան, մանկապարտեզի, երաժշտական դպրոցի էներգահամակարգը եւ գյուղի գիշերային լուսավորության ցանցը: Մեր հաշվարկներով՝ իրականացված ծրագիրը միանգամայն նպաստելու է էներգախնայողությանը եւ միջոցների տնտեսմանը:

Այսպես, համայնքապետարանում եւ ենթակա կառույցներում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց մենք տարեկան վճարել ենք մոտ 1 միլիոն 200 հազար դրամի չափ գումար: Այսուհետև այդ միջոցները կխնայվեն եւ կուղղվեն կենսական նշանակության այլ ծրագրերի իրականացմանը:

Այս տարվա ընթացքում ծրագրում ենք համայնքի մի քանի փողոցներում գիշերային լուսավորության ցանց կառուցել՝ այն եւս միացնելով արեւային էներգիայից սնվող համակարգին: Հնարավորության դեպքում կփորձենք արեւային էներգիայի եւ ջրատաքացուցիչների միջոցով ջեռուցում ապահովել մանկապարտեզում: Ինչեւէ, սկիզբը բարեհաջող է դասավորվել, հուսանք, որ շարունակությունը շոշափելի արդյունքներ կտա: Իսկ կարեւորն այն է, որ վերականգնվող էներգետիկան մուտք է գործում մեր կենցաղ»,-ներկայացրեց Արմեն Պողոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]